• Լրագրող Franca Giansoldati-ի հարցազրոյցը՝ Սրբազան Պապի ապրիլի 12-ի պատմական քայլի մասին

    Լրագրող Franca Giansoldati-ի հարցազրոյցը՝ Սրբազան Պապի ապրիլի 12-ի պատմական քայլի մասին


    16 ապրիլի, 2015թ.

    Zenit լրատուական գործակալութիւնը մի ուշագրաւ հարցազրոյց է հրապարակել իտալական Il Messagero թերթի լրագրող Franca Giansoldati-ի հետ, ով վերջերս մի գիրք է հրապարակել հայոց ցեղասպանութեան մասին՝ «Երթ՝ առանց վերադարձի: Հայոց Ցեղասպանութիւնը» վերտառութեամբ, որը նաեւ ստացել է Սրբազան Ֆրանցիսկոս Պապի օրհնութիւնը: Լրագրողը տարիներ շարունակ ուսումնասիրել է Եղեռնի անցքերը եւ խորութեամբ տիրապետում է եղելութեանը: Նա խօսել է 2015թ. ապրիլի 12-ին Քահանայապետի ելոյթի եւ դրա պտուղների մասին:

     «Պապը վերցրեց քողը եւ այսույետ թոյլ չի տալիս որեւէ մէկին լինել կեղծաւոր՝ թէ՛ Եկեղեցում, թէ՛ Եկեղեցուց դուրս, աշխարհականներին, եկեղեցականներին, հաւատացեալներին ու անհաւատներին: Պապի բարոյական կշիռը վիխթարի է, եւ այն փաստը, որ նա օգտագործեց այդ բառը…հենց այնպէս չէր, այլ՝ գիտակցուած քայլ էր: Ճիշտ է, որ Հռոմի Եկեղեցին ճանաչում է պատմութեան մի էջ, որը միշտ մի կողմ է դրուած եղել, շատերի կողմից օգտագործուել է որպէս «դիւանագիտական ռազմաւարութիւն»՝ մոռանալով, որ 1.5 մլն մարդ է զոհուել…».ասել է լրագրողը: Նա ծանոթ է հայկական ջարդերի մասին փաստող վավերագրերի, որոնք պահւում են Վատիկանի, Գերմանիայի, Միացեալ Նահանգների եւ Իտալիայի արտաքին գործերի նախարարութիւնների արխիւվներում: Դրանք, ըստ նրա, վկայում են Թուրքիայում հայկական տարրի համակարգուած ոչնչացման ծրագրի մասին, որ իրագործում էր երիտթուրքական վերնախաւը: Նա ուսումնասիրել եւ համոզուել է, որ հայերի ոչնչացման քաղաքական ու տնտեսական պատճառները աստիճանաբար ստորադասուել են կրոնական դրդապատճառին, որովհետեւ մահմեդականութիւն ընդունած հայերը բոլորն անխտիր անվնաս են մնացել:

     Ինչու՞ է այսօրուայ Թուրքիայի ղեկաւարութիւնը ցասման մէջ՝ Քահանայապետի յայտարարութիւններից յետոյ: Լրագրողը պատճառը տեսնում է պատմական իրողութիւն ընդունելու պարագայում տնտեսական փոխհատուցում տալուց խուսափելու մէջ: Բայց Franca-ն կարծում է, որ Ֆրանցիսկոս Քահանայապետը ապրիլի 12-ին Էրդողանին արծաթեայ սկուտեղի վրայ մատուցեց հաշտութեան ճանապարհ սկսելու մի թանկարժէք առիթ, որին համարժէք կերպով չարձագանքելով՝ Էրդողանը մի լաւ առիթ կորցրեց՝ նախընտրելով շարժուել հին ոճով եւ վախենալով կորցնել ընտրական քուէներերը մօտակայ ընտրութիւններին:

     Լրագրողը յոյս է յայտնում, որ Քահանայապետի այս պատմական քայլի թուրքական արձագանքը բացասաբար չի անդրադառնայ Թուրքիայում բնակուող մօտ 20.000-անոց կաթողիկէ համայնքին (ոչ ծագումով հայ): Թուրքիայի եւ Վատիկանի միջեւ հարաբերութիւնների համար մեծ խնդիր է 2006թ. եւ 2010թ. Թուրքիայում սպանուած երկու կաթողիկէ հոգեւորականների (եպս. Լուիջի Պադովեզէ, վարդապետ Անդրեա Սանթորո) սպանութեան փաստերը, որոնց առնչութեամբ Թուրքիայի կողմից պաշտօնական պատասխան դեռ չի եղել:

    Franca Giansoldati-ն նաեւ պատմում է, որ երբ Հովհաննէս Պօղոս Բ Պապը ուզում էր Հայաստան այցելել, մի քանի անգամ նրա այցը յետաձգուել է Թուրքիայի ստեղծած խոչընդոտների եւ ճնշումների պատճառով: Կարդինալ Սոդանոն Պապին խորհուրդ է տուել չգնալ այդ քայլին եւ չօգտագործել «ցեղասպանութիւն» բառը, բայց արդեն առողջապէս շատ թոյլ Պապը վե՛ր կանգնեց դիւանագիտական բոլոր զգուշութիւններից եւ ինքն իրեն պարտադրեց դիւանագետներին: Լրագողի խօսքերով, Պապը չէր կարող անտարբեր մնալ 1.5 մլն զոհերի պատմութիւններն իմանալով, ինչպէս ինքը եւ բոլոր նրանք, ովքեր խորացել են Եղեռնի էջերի ուսումնասիրութեան մէջ:

     Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը, Giansoldati-ի խօսքերով անգամ ծանոթացել է իր գրքի դեռեւս չտպագրուած տեքստերին եւ քաջալերում է նման ցանկացած ուսումնասիրութիւն, որը կօգնի օբյեկտիւօրէն լուսաբանել կատարուածը:

     Giansoldati-ն, ով պատմութեան մէջ երկրորդ կինն է, որ հարցազրոյց է ունեցել Հռոմի Պապի հետ, ասել է, որ Ֆրանցիսկոս Պապը ձգտում է Եկեղեցու եւ աշխարհի ուշադրութեան կենտրոն տեղափոխել հեռաւոր (peripheral), լուսանցքում յայտնուած դէպքերը, եւ ապրիլի 12-ին Սբ. Պետրոսի տաճարում տեղի ունեցածը դրա վառ ապացոյցն է:

     

Օրացույց

Օրացույց