• Վատիկանի Սուրբ Աթոռի պետքարտուղար Վսեմաշուք Կարդինալ Պիետրո Պարոլինը այցը Գյումրի

    «Հավատալ՝ նշանակում է ապրել դրանով և բաղձալ, որ մյուսները, որոնք եղբայրներ և քույրեր են մեր կողքին, իրենք էլ ապրեն դրանով»:


    2023թ. հուլիսի 13-ին, Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Եկեղեցի մարդասիրական այցով որպես խաղաղության բանագնաց՝ ժամանեց Վատիկանի Սուրբ Աթոռի պետքարտուղար Վսեմաշուք Կարդինալ Պիետրո Պարոլինը: Վսեմաշուք Կարդինալը՝ Աթոռանիստ Եկեղեցում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագի, որը մատուցեց Հայ Կաթողիկէ Առաջնորդության Առաքելական Կառավարիչ՝ Գերպ. Հայր Միքայել Վրդ. Բասսալեն՝ առընթերակայությամբ Գյումրու Հայ Կաթողիկէների ժողովրդապետ Արժ․Տեր Գրիգոր Ավագ Քհն․ Մկրտչյանի, Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի Եկեղեցու ժողովրդապետ և Սրբոց Հրեշտակապետաց Միացյալ Հոգևոր ճեմարանի տեսուչ Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանի, ներկայությամբ Հայաստանում Վատիկանի Պապական նվիրակ՝ Ժոզե արքեպիսկոպոս Բեթենկուրի, ԱՄՆ-ի և Կանադայի Հայ Կաթողիկէների առաջնորդ Տեր Միքայել Եպիսկոպոս Մուրադյանի, Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում ծառայող հոգևոր դասի, Անարատ Հղության հայ քույրերի, Սրբուհի Մայր Թերեզայի գթության քույրերի, Գյումրու քաղաքապետ՝ Վարդգես Սամսոնյանի, Հայկական Կարիտասի աշխատակազմի՝ ի դեմս տնօրեն Գագիկ Տարասյանի:

     

    Սուրբ և Անմահ պատարագին ներկա էին նաև Հայաստանի Հայ Կաթողիկէ համայնքներից՝ Արցախի և Հայաստանի սահմանային գոտում տեղի ունեցած պատերազմների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները, ինչպես նաև զոհված և գերեվարված զինծառայողների ծնողները, ընտանիքի անդամները և բազում հավատացյալներ

     

    Սուրբ Պատարագի սկզբում Առաքելական Կառավարիչ Գերպ. Հայր Միքայել Վրդ. Բասսալեն ողջունեց ներկաներին և ներկայացրեց Ծիրանավոր Պիետրո Պարոլինին՝ նշելով, որ նա այսօր հատուկ ժամանել է հանդիպում և զրույց ունենալու հատկապես զոհված և գերեվարված զինծառայողների հարազատների հետ: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ և ներկաներին Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հայրական խոսքը փոխանցեց Սուրբ Աթոռի պետքարտուղար Վսեմաշուք Կարդինալ Պիետրո Պարոլինը:

     

    Ստորև ներկայացնում ենք Սուրբ Աթոռի պետքարտուղար Վսեմաշուք Կարդինալ Պիետրո Պարոլինի խոսքը.

     

    «Գերհարգելի Հայր Միքայել Բասսալե, Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդության Առաքելական Կառավարիչ,

    Գերապայծառ և Թանկագին Առաքելական Նվիրակ,

    Ձերդ Գերազանցություն, Սուրբ Աթոռի մոտ Հայաստանի Հանրապետության Դեսպան,

    Մեծարգո Պետական Ներկայացուցիչներ,

    Թանկագին Քահանաներ, Կրոնավորուհիներ և Կրոնավորներ,

    Թանկագին Եղբայրներ և Քույրեր,

     

    Դեպի Քրիստոնյա Առաջին Երկիր՝ Հայաստան իմ այցելության կենտրոնում, Գյումրիի Սրբոց Մարտիրոսաց Աթոռանիստ այս Եկեղեցում փառաբանում ենք Հիսուս Քրիստոսին Ամենասուրբ Հաղորդության մեջ, այն Խորհրդի, որ ակունքն ու գագաթնակետն է ամբողջ Եկեղեցու կյանքի։ Ծիսակատարում և հռչակում ենք մեծ պարգևը, որ բխել է Իր Սրբազնասուրբ Սրտից, Կյանքի Հացը՝ մեր բոլորիս համար բեկված ու բաշխված, դարձնելու համար մեզ մեկ միասնություն Իր հետ և միմյանց միջև։

     

    Կուզենայի նախևառաջ փոխանցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հոգևոր մոտիկությունը, Ով Իր Առաքելական Օրհնությամբ կամենում է ամրապնդել ձեզ հավատքի, սիրո ու միության մեջ, որպեսզի դուք զգաք ձեզ Աստծո կողմից սիրված և եղբայրներ դառնաք բոլոր անձանց հետ։ Սիրով ողջունում եմ այստեղ ներկա ձեզ բոլորիդ, ի մասնավորի Առաքելական Կառավարչին՝ Գերհարգելի Հայր Միքայել Բասսալեին, շնորհակալություն հայտնելով նրան Սրբազան Պատարագի սկզբում արտասանված խոսքերի համար։ Իմ սիրալի միտքն ուղղվում է քահանաներին, կրոնավորուհիներին ու կրոնավորներին, և բոլոր հավատացյալներին։ Իմ սիրալիր ողջույնը տարածվում է Հայ Առաքելական Եկեղեցու և ուրիշ Դավանանքների բոլոր եղբայրներին։ Երախտագիությամբ ողջունում եմ քաղաքացիական Իշխանություններին, մաղթելով նրանց ամենայն բարիք իրենց ծառայության մեջ։

     

    Յոթ տարի առաջ (24-26 Հունիս 2016) Ֆրանցիսկոս Պապն Իր եռօրյա Առաքելական Ճամփորդությունը կատարեց Հայաստան՝ հանուն Կովկասի մեջ խաղաղության և միջեկեղեցական երկխոսության։ Նորին Սրբություն Գարեգին Երկրորդի հետ աղոթեց քրիստոնյաների միջև միության համար։ Երևանում գտնվող Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում աղոթեց «Մեծ Եղեռնի» (հայերի դեմ գործադրված ցեղասպանության) զոհերի համար, աղերսանքներ վերառաքեց «հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտության ընթացքի համար, և որպեսզի խաղաղությունը տիրի նաև Լեռնային Ղարաբաղում» (տե՛ս Միջեկեղեցական հանդիպում և Խաղաղության համար աղոթք, Սրբազան Քահանայապետի խոսքը, Երևան, Հանրապետության Հրապարակ, 25 Հունիս 2016)։ Խոր Վիրապի վանքում, Թուրքիայի հետ սահմանին և Արարատ լեռան ստորոտին, Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հետ ազատ արձակեց երկու աղավնի, որպես խաղաղության և ժողովուրդների միջև եղբայրության բարեմաղթանք։

     

    Այսօր էլ, Սրբազան Պապի խոսքերն ու ժեստերը մեզ բոլորիս ուղղված հրավեր են՝ շարունակելու մեր համընդհանուր ընթացքը՝ տանելու Աստծուն մեր ամենօրյա կյանքերից ներս, ինչը որ Ավետարանը հռչակելու մի հանձնառություն է՝ վերստին հույս տալու համար մարդկությանը։ Մեր այս աշխարհը «հույսի ու եղբայրության կարիք ունի»։ Քրիստոնյան, մեզնից յուրաքանչյուրը, Աստծո կողմից կանչված է «աշխարհի համար հույսի նշան» լինելու (տե՛ս Կարդինալ Պիետրո Պարոլին, Մարդկային Եղբայրության մասին Համաշխարհային Համաժողով, Վատիկան, 10 Հունիս 2023)։

     

    Ավետարանի հատվածն, արդարև, հրավիրում է մեզ ավետարանելու, այսինքն՝ վերարթնացնելու – սրտի ու մտքի մեջ – հավատքի կյանքը, որն Աստծո ձրի շնորհն է։ Հիսուսն ասում է մեզ. «Քարոզեցե՛ք» (հմմտ. Մտթ 10, 7), և ապա. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (հմմտ. Մտթ 10, 8)։ Ավետիսը Հիսուսի բարի լուրն է, որ ջանում է խոսել Աստծո Արքայության մասին։ Նա մեր Փրկիչն է, մարդկությանը Հոր կողմից ուղարկված։ Նա միակն է, որ կարող է նորոգել ու փոխել մեր կյանքերը և հասարակությունները, որոնց մեջ ապրում ենք։ «Երկնքի Արքայությունը մոտ է» (հմմտ. Մտթ 10, 7), ավետում էր Հիսուսը արանց և կանանց. Նա խոսքերով ու ժեստերով ներկա էր դարձնում այդ Արքայությունը։

     

    Քրիստոսն ուզում է ամբողջ մարդու՝ մարմնի և հոգու փրկությունը։ Մահվան դիմաց, որը մարդկային յուրաքանչյուր էակի մտահոգող առեղծված է, Հիսուսը մեզ է ընծայում հարությունը։ Ով մեռնում է մահվանը և կրկին ձեռք է բերում Աստծո շնորհը, մի նոր կյանք է ապրում։ Քրիստոնյան կանչված է հարության, այս մեծ խորհրդին, որի փորձառությունն ունենում ենք մեր Մկրտությունից իսկ սկսած։

     

    Փրկության այս խոստման լույսի ներքո, Հիսուսը մեզ կոչ է անում լինելու միշտ խաղաղություն կրողներ։ Քրիստոսի խաղաղությունը մնում է այնտեղ, որտեղ կան դրան արժանի անձինք։ Աստծո Արքայության պարգևներն ունենալու համար անհրաժեշտ է մեր ներքին լավ տրամադրվածությունը. ընդունել Ավետարանը։ Մենք՝ քրիստոնյաներս, մեծ պատասխանատվություն ունենք աշխարհում, որ է՝ Ավետարանի հռչակումը, հավատքն ընդունելուց հետո։ Հավատալ՝ նշանակում է ապրել դրանով և բաղձալ, որ մյուսները – որոնք եղբայրներ և քույրեր են մեր կողքին – իրենք էլ ապրեն դրանով։ Եղբայրության և հասարակական ընկերակցության մասին Կոնդակում («Բոլորս Եղբայրներ») Ֆրանցիսկոս Պապն օգնում է մեզ հասկանալ, որ խաղաղությունը կերտելու համար էական են ճշմարտությունը, արդարությունն ու ողորմությունը։ Սրբազան Պապն ասում է, որ «խաղաղությունը ճշմարտության ու արդարության փնտրտուքի համբերատար աշխատանք է, որ պատվում է զոհերի հիշատակը և որ քայլ առ քայլ ճանապարհ է բացում համընդհանուր հույսի համար, որն առավել զորավոր է, քան վրեժխնդրությունը։ Եվ զոդվում է ողորմությանը։ Բոլոր երեքը միասին էական են խաղաղության կերտման համար» (տե՛ս Բոլորս Եղբայրներ ենք, մի կողմնացույց՝ խաղաղությունը գտնելու և պահպանելու համար, Վատիկանի Լրատվական Գործակալություն, 17 Մարտ 2022)։ Ընդունակ լինենք, ուրեմն, խաղաղություն կրողներ լինելու նաև այն ժամանակ, երբ մեր շուրջը գտնում ենք թշնամաբար տրամադրված միջավայր, ավելի մոտիկից հետևելով Հիսուսին։

     

    Այսօրվա Ավետարանը կոչ է անում մեզ՝ ընթանալու հավատքի համընդհանուր ճանապարհի վրա, արմատացած՝ վստահության ու պատրաստակամության մեջ. «Մի՛ պահեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ պղնձե դրամ ձեր գոտիների մեջ» (հմմտ. Մտթ 10, 9)։ Խոսքը հանկարծաբանության մասին չէ։ Աստծո հանդեպ վստահությունն այն է, երբ մեր կյանքն արմատացած է Քրիստոսի Անձի մեջ։ Հովհաննես Պողոս Երկրորդն ասում էր. «Ով իսկապես գտել է Քրիստոսին, չի կարող պահել Նրան միայն իր համար. պետք է քարոզի Նրան» (հմմտ. Առաքելական Նամակ «Սկսվող Նոր Հազարամյակը», 6 Հունվար 2001)։

     

    Առաջին Ընթերցումը պատմում է սովի ժամանակ Հովսեփի հետ պատահած դեպքերը, և իր եղբայրների, որ գնում են նրա մոտ՝ ցորեն գնելու։ Հովսեփը շատ էր տառապել նրանց պատճառով, նրանց փորձի է ենթարկում, բայց տեսնում է պատեհ առիթը՝ վերստին հաշտվելու։ Առաջին Ընթերցումն օգնում է մեզ հասկանալ, որ վերստին հաշտությունը մաս է կազմում Հիսուսի քարոզչությանը։ Հովսեփի օրինակն օգնում է մեզ հասկանալ, որ ինքներս մեր հետ խաղաղություն հաստատելը առաջին քայլն է՝ սիրելու ինքներս մեզ և սիրելու ուրիշներին։ Հավատքի համընդհանուր ճանապարհի վրա ընթանալը հնարավոր է, երբ ճանաչում և ընդունում ենք մյուսի և ինքներս մեր հետ կրկին հաշտվելու պատեհ առիթը։ Երբ խաղաղությունը տիրում է սրտի մեջ, մարդը կարող է խաղաղություն սփռել իր շուրջը. «Խաղաղություն սերմանել մեր շուրջը. սա սրբություն է» (հմմտ. Ֆրանցիսկոս Պապ, Առաքելական Հորդոր «Ուրախացեք և ցնծացեք», 89)։

     

    Թանկագին եղբայրնե՜ր և քույրե՜ր,

     

    Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապն ասում էր, որ «Եկեղեցին հասարակությունն է մեղավորների, ովքեր հավատում են Աստծո սիրույն և թողնում են, որ Նա փոխակերպի իրենց, սրբացնելով աշխարհը» (հմմտ. Նորին Սրբություն Բենեդիկտոս Տասնվեցերորդի քարոզը Սանտա Մարիա դի Լեուքա և Բրինդիզի կատարած Հովվական Այցելության ժամանակ, 15 Հունիս 2008)։ Ավետարանման ոճն իր վրա կրում է կնիքը իղձի՝ ներքին բժշկությունը հասցնելու այն անձանց, որոնց հանդիպում ենք մեր կյանքի քայլքի ընթացքում։ Եկեղեցու ընթացքը սրբության ու առաքելության ընթացք է։ Այսօրվա Ավետարանը մեզ հուշում է առաքելության ոճը, «ներքին դիրքորոշումը, որ վերածվում է ապրված կյանքի» (նույն)։ Ավետարանի քարոզումը պետք է դառնա մարդկայնորեն հյուրընկալ ու սրտանց, անկեղծ ու ողորմած։

    Յոթ տարի առաջ, այստեղ՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում, Ֆրանցիսկոս Պապը հորդորեց՝ ասելով, որ «հավատքը նաև հույս է ձեր ապագայի համար, լույսն է կյանքի ընթացքում» (հմմտ. Սրբազան Պապի քարոզը, Գյումրի, 25 Հունիս 2016), կոչ ուղղելով Հայ Կաթողիկե Եկեղեցուն՝ «վերսկսելու ավետարանումի ձեր մեծ պատմությունը, որի կարիքը Եկեղեցին և աշխարհը ունեն այս ալեկոծ ժամանակներում, որոնք սակայն նաև ողորմության ժամանակներն են» (նույն)։

     

    Հավատքի, եղբայրության ու խաղաղության մեր ընթացքը հանձնենք Ամենասրբուհի Կույս Մարիամի՝ Գյումրիի Յոթվերք Տիրամոր, Հույսի Մոր, Խաղաղության Թագուհու և Ավետարանման Աստղի պաշտպանությանը»։

     

    Դիւան Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան

Օրացույց

Օրացույց