• Առաքելական եռանդը նաև հոգատարություն է լքյալների մասին

    «Հիսուսի հետ ընկերությունը կյանքն ավելի մարդկային է դարձնում»:


    Հունիսի 28-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը առաքելական եռանդի վերաբերյալ և խոսեց ավստրալացի առաջին սրբուհու՝ քույր Մարի Մակկիլլոպի մասին (1842-1909), ով սրբադասվել է 2010թ. Բենեդիկտոս XVI Պապի կողմից:

     

    Դիմելով ուխտավորներին՝ Նորին Սրբությունը հիշեցրեց, որ եվրոպացի մեծաթիվ գաղթականների կողմից Օվկիանիայի երկրներ բերված հավատքն առ Քրիստոս արագ արմատներ գցեց և առատ պտուղներ տվեց։ Այդ հավատքի վառ վկան է միանձնուհի Մարի Մակկիլլոպը, ով հիմնադրել է Սուրբ Հովսեփի Սուրբ Սրտի քույրերի  միաբանությունը:

     

    «Մարիամ Մագդաղենացու նման, ով առաջինը հանդիպեց հարություն առած Հիսուսին և Նրա կողմից ուղարկվեց՝ աշակերտներին հայտնելու: Մարի Մակկիլլոպը վստահ էր, որ ինքն ուղարկվել է Բարի լուրը տարածելու և մյուսներին կենդանի Աստծո հետ ծանոթացնելու համար»:

     

    Ըստ Սրբազան Քահանայապետի, միանձնուհին խելամիտ գտնվեց և հասկացավ, որ իր առաքելությունն իրականացնելու լավագույն միջոցը երիտասարդներին լավ կրթություն տալն է: Մարին հասկանում էր, որ կաթողիկէ կրթությունն ավետարանացման հզորագույն ձևերից մեկն է, դրա համար էլ սկսեց դպրոցներ հիմնել: Նրա առաքելական եռանդի կարևոր հատկանիշն էր հոգատարությունն աղքատների ու լքյալների մասին: Հենց դրա համար էլ նա ուղևորվում էր Ավստրալիայի և Նոր Զելանդիայի այն ժամանակվա մոռացված ծայրամասերը: Մարին համբերատար հորդորում էր ուսուցիչներին հավատարմորեն ուղեկցել աշակերտներին իրենց մարդկային և հոգևոր զարգացման գործընթացում՝ վկայելով, որ Հիսուսի հետ ընկերությունը կյանքն ավելի մարդկային է դարձնում։ Այս տեսլականը լիովին արդիական է նաև այսօր, երբ մենք «կրթական դաշնագրի» անհրաժեշտություն ենք զգում, որը կարող է միավորել ընտանիքներ, դպրոցներ և ամբողջ հասարակությունը։

     

    Միանձնուհու առաքելական եռանդը Ավետարանը հռչակելիս դրսևորվում էր նաև որբերի հանդեպ նրա հոգատարությամբ: Քույր Մարին խորապես հավատում էր Տիրոջ նախախնամությանն ու երբեք չէր կասկածում, որ ցանկացած իրավիճակում Աստված օգնության է հասնում: Փորձությունների ժամանակ ավստրալացի միանձնուհին «սովորեց սիրել խաչը», ընդգծեց Սրբազան Քահանայապետը և քրիստոնեական ուսուցման ավարտին բոլոր հավատացյալներին մաղթեց հետևյալը.

     

    «Թո՛ղ Սուրբ Մարի Մակկիլլոպի միսիոներական աշակերտությունը, նրա ստեղծագործական արձագանքն իր ժամանակի Եկեղեցու կարիքներին, նրա ջանասիրությունը երիտասարդության համակողմանի կրթության գործում ոգեշնչի մեզ, որպեսզի մենք այսօր լինենք Ավետարանի թթխմորը մեր արագ փոփոխվող հասարակություններում: Թո՛ղ նրա օրինակն ու բարեխօսությունը աջակցեն ծնողներին, ուսուցիչներին, կրոնուսույցներին և բոլոր դաստիարակներին իրենց ամենօրյա աշխատանքում՝ ի բարօրություն երիտասարդների և հանուն ավելի մարդկային ու հուսադրող ապագայի»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց