• Սրբազան Քահանայապետը կոչ է անում քահանաներին լինել Սուրբ Հոգու օծման մարգարեներ

    «Քահանաներից պահանջվում է խոնարհաբար ընդունել իրենց սեփական թուլությունը, քանզի արդարության Հոգին մեզ հորդորում է լինել ճշմարտության մեջ»:


    Ապրիլի 6-ին՝ Ավագ հինգշաբթի օրը, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանի բազիլիկայում գլխավորեց Աշխարհի օծման և յուղի օրհնության պատարագը, որի ընթացքում Հռոմի թեմի հոգևորականները նորոգեցին քահանայական խոստումները։

     

    Նորին Սրբությունը խոսեց Սուրբ Հոգու բացառիկ դերի մասին, Որը «ամեն մի հովվի ծառայության և կենսունակության ակունքն է»։ Սուրբ Հոգին կյանք է տալիս, և առանց Նրա Եկեղեցին չէր լինի Քրիստոսի կենդանի Հարսը, այլ կլիներ միայն կրոնական կազմակերպություն, չէր լինի Քրիստոսի Մարմինը, այլ կլիներ մարդու ձեռքով կառուցված տաճար: Քահանաները պետք է ամեն օր կանչեն Աստծո Հոգուն, Ով օծեց իրենց և նրանք դարձան «հայրեր և հովիվներ Աստծո սուրբ ժողովրդի համար», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Քրիստոս կանչեց առաքյալներին՝ օծելով նրանց Իր Խոսքով. դա արմատապես փոխեց նրանց կյանքը և դարձրեց նրանց նախանձախնդիր հետևորդներ մինչև Սուրբ Զատիկը, երբ նրանք ուրացան Վարդապետին: Հիսուսը գիտեր, որ նրանք չէին կարող միայնակ դա անել, ուստի նրանց խոստացավ Սուրբ Հոգին. հենց այդ «երկրորդ օծումը»՝ Հոգեգալուստն էլ փոխակերպեց աշակերտներին՝ մղելով նրանց հովվել Աստծո հոտը, այլ ոչ թե իրենք իրենց: Ավետարանը քարոզելիս՝ նրանք այլևս չէին վախենում և պատվավոր տեղերի հետևից չէին ընկնում:

     

    Նմանատիպ ճանապարհ պետք է անցնի ամեն մի քահանա իր կյանքում, քանզի ժամանակի ընթացքում լինում են տարբեր ճգնաժամեր՝ երեք վտանգավոր գայթակղությունների պատճառով: Հեշտ է փոխզիջումների գնալ՝ բավարարվելով սովորածով, փորձելով «վերալիցքավորվել» փոխնակներով՝ օծումը նրանցով փոխարինելով, հիասթափվելով՝ ընկնել հուսահատության մեջ և շարունակել իներցիայով գնալ: Այդ դեպքերում «օծումն այլևս չի բուրում կյանքով և սիրտն էլ դադարում է ընդարձակվել»։

     

    Այնուամենայնիվ, ընդգծեց Նորին Սրբությունը, ճգնաժամը շնորհի ժամանակ է, քանի որ մենք իմանում ենք, որ «խնդիրը միայն նավն ու ցանցերը թողնելն ու որոշ ժամանակ Հիսուսին հետևելը չէ: Պետք է անցնել ամբողջ ճանապարհը և գնալ մինչև Գողգոթա, դասեր քաղել, պտուղներ բերել, Սուրբ Հոգու օգնությամբ գնալ դեպի կյանքի վերջը, որը պետք է ավարտվի Աստվածային սիրո կատարելությամբ»: «Երկրորդ օծությամբ» Սուրբ Հոգին օծում է մեր թուլությունները, դժվարություններն ու կարիքները։

     

    Քահանաներից պահանջվում է խոնարհաբար ընդունել իրենց սեփական թուլությունը, քանզի արդարության Հոգին մեզ հորդորում է լինել ճշմարտության մեջ: Քահանայական հասունությունը գալիս է, երբ Սուրբ Հոգին դառնում է քահանայի կյանքի գլխավոր հերոսը: Եթե ​​մենք թույլ տանք, որ արդարության Հոգին գործի մեր մեջ, ապա մենք կպահենք օծումը: «Սուրբ Հոգին ցանկանում է ներդաշնակություն ստեղծել, հատկապես նրանց միջոցով, ում Նա օծել է», – ընդգծեց Նորին Սրբությունը: Մեր միջև ներդաշնակության ստեղծումն ոչ այնքան արդյունավետ մեթոդ է «Եկեղեցու ավելի լավ աշխատանքի» համար, որքան կյանքի Հոգու ներքին պահանջն է. «Չարատավորե՛նք Հոգու օծումը և Մայր Եկեղեցու եմիփորոնը տարաձայնություններով, բևեռացումներով, անողորմությամբ և անմիաբանությամբ»:

     

    Սրբազան Քահանայապետը շնորհակալություն հայտնեց քահանաներին իրենց վկայության, մխիթարության և ներողամտության, ինչպես նաև բարի ծառայության համար: Թող Աստծո Հոգին լցնի ձեզ խաղաղությամբ <…> և դարձնի ձեզ Իր օծման մարգարեներն ու ներդաշնակ առաքյալները», – իր քարոզի ավարտին մաղթեց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց