«Մենք բոլորս եղբայրներ ենք, այն մարդասեր մեկ Տիրոջ զավակներն ենք, որ ուղարկեց իր Միածին Որդուն, որպեսզի մեզ փրկի»:
Սուրբ Ծաղկազարդի տոնի առթիվ, Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը մատուցեց հանդիսավոր սուրբ Պատարագ Բուրջ Համուդի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում, առընթերակայությամբ՝ մի խումբ քահանաների ու սարկավագների, ներկայությամբ՝ հավատացյալների հոծ բազմության։
Սուրբ Ավետարանի ընթերցումից հետո, Ամենապատիվ Հոգևոր Տերը փոխանցեց հետևյալ պատգամը.
«Հետևյալ օրը՝ մեծ բազմությունը, որ եկել էր տոնին, երբ լսեց, որ Հիսուս գալիս է Երուսաղեմ, առավ արմավենու ոստեր, դուրս ելավ Նրան դիմավորելու, աղաղակելով. «Ովսաննա՜, օրհնյա՜լ է Իսրայելի թագավորը, որ գալիս էՏիրոջ անունով» (Հվհ. 11-12):
Այո՛, այսպես Նրան մեծ պատվով ընդունեցին Երուսաղեմ, Նրան փառաբանեցին և մեծարեցին, որովհետև նրանք ականատես եղան Նրա հզոր հրաշքներին, որ գործել էր նրանց ազգակիցների համար: Նրանք շտապ ընդունեցին Նրան, որովհետև իր հետ ապրեցին բոլոր այդ հրաշալի պահերը, երբ հարություն տվեց մեռելներին, նախ՝ այրի կնոջ միակ որդուն, ապա սիրելի Ղազարոսին, որի մասին Հիսուս խոսեց իր աշակերտների հետ ասելով. «Ղազարոսը՝ մեր բարեկամը՝ քնած է, բայց գնամ, որպեսզի արթնացնեմ նրան» (Հվհ. 11-11): Ինչպես նաև, երբ Նա Բեթանիա եկավ, Ղազարոսի քույրը՝ Մարթան Նրան դիմավորեց հուսալքված հավատքով ասելով. «Տեր, եթե Դու այստեղ լինեիր, ապա եղբայրս չէր մեռնի»: Այսինքն, նա հավատում էր, որ Նրա ներկայությունը չէր թողնի, որ մահը մոտենար իր եղբորը: Հետո Նա ասաց. «Գիտեմ, սակայն ինչ Աստծուց խնդրեմ, պիտի տա քեզ», հավատալով, որ միայն Նա կարող էր իրեն մխիթարել և նոյնիսկ մահից փրկել իր եղբորը:
Այստեղ կարելի է տալ հետևյալ հարցը. Իսկ ո՞րն է իմ տեղը այս բոլոր խմբավորումների ու հատվածների մեջ՝ Տիրոջս ու Փրկչիս ընդունելու համար: Արդյո՞ք ես այն մեռյալն եմ, որ հարություն տվեց, երբ մեղքի մեջ մխրճված էի: Ինչպես Թովմաս (երկվորյակը) ասաց առաքյալներին. «Եկե՛ք էրթանք մենք էլ իր հետ մեռնինք»: Կամ ես էլ՝ Մարթայի և Մարիամի նման, երբեմն Հիսուսին եմ լսում, իսկ երբեմն իրենց ծառայում եմ: Կամ նրանից եմ, ովքեր Նրան սպասում են տոնին Երուսաղեմի մեջ: Արդյո՞ք այսօր աղաղակում եմ իմ Փրկչին ասելով. «Օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով»: Կամ ասում եմ. «Եթե այստեղ լինեիր , ապա եղբայրս չէր մեռնի»:
Արդյո՞ք ես պատրաստ եմ հանդիպելու Տեր Աստծո այս դժվար պայմաններում, որ ապրում եմ՝ Նրան ընդունելու որպես անձիս և աշխարհիս Տերը (Թագավորը): Հարցերը շատ են, սակայն պետք է խոստովանեմ և հրճվեմ այն բորոտների ու կույրերի նման, երբ Տերը բուժեց նրանց և բացեց աչքերը (Հվհ. 8-9). «Նաև բուժիր իմ վշտերս ու ցավերս մի հայրենիքի մեջ, որ տառապում է ատելությունից, շահագործություններից, եսասիրությունից ու գողություններից: Հայրենիք, որ նախապես ճանաչվել էր՝ երախտագիտությամբ, առաջդիմությամբ, մարդկային արժեքներով, սիրով ու օտարի հանդեպ իր հյուրասիրությամբ՝ հակառակ իր աղքատ կարողությունների, սակայն այսօր կարոտ է մարդկային տարրական իրավունքներին:
Հետևաբար, ո՞վ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով: Նա մարմնացյալ Աստվածն է, որ շնորհում է կյանք և իսկական երջանկություն բոլոր նրանց, ովքեր հավատում են Իրեն: Այո՛, մարմնացյալ Տերն ինքն է, որ նվիրում է կյանք ու ներքին խաղաղություն: Նա է, որ ասաց. «Եկե՛ք ո՜վ տառապյալներ և ես ձեզ կհանգստացնեմ»: Այո՛, մենք ենք, որ աղքատության ու տառապանքի մեջ թաղված ենք, դարձած ենք զոհեր մարդկանց անձնասիրության և անպարկեշտության, որոնք գերակայեցին իրենց անօրեն շահերը՝ անմեղ մարդկանց հաշվին: Այո՛, մենք այն բազմության նման ենք, որ Իրեն ընդունեցին և գոչեցին՝ «Օրհնյալ է, որ գալիս է Տիրոջ անունով»՝ բռնապետերից ձերբազատվելու համար, որպեսզի հայրենիքը վերականգնի իր ծաղկուն ու բարգավաճ դիրքը, հանդիսանալով որպես օթևան և երջանկությամբ ու արժանապատվությամբ ապրելու վայր՝ շնորհք ու խաղաղություն ներշնչելով մարմնացյալ Տիրոջից:
Մենք բոլորս եղբայրներ ենք, այն մարդասեր մեկ Տիրոջ զավակներն ենք, որ նույնիսկ ուղարկեց իր Միածին Որդուն, որպեսզի մեզ փրկի: Ուստի, այսօր անկեղծ ապաշխարությամբ վերանորոգվելու և մեր խղճին վերադառնալու օրն է: Եթե անկեղծորեն պատրաստ եմ այս հրավերին, ուրեմն խաղաղություն պիտի տիրի սրտիս մեջ և կյանքով պիտի լեցվեմ, և բազմության հետ պիտի աղաղակեմ. «Օրհնյա՛լ է, որ գալիս է Տիրոջ անունով. Ովսաննա՛ բարձունքների մեջ»:
Սուրբ Պատարագի ավարտին՝ տեղի ունեցավ Ծաղկազարդի ավանդական թափորը Եկեղեցու շրջակայքում, որտեղ մանուկները մոմերով և արմավենու ու ձիթենու ճյուղերով ընկերացան շեփորախմբին ու հավատացյալների բազմությանը:
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը