• ՏԷՐ ԳՐԻԳՈՐ ԱՒԱԳ ՔՀՆ. ՄԿՐՏՉԵԱՆԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲՀԿ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏՕՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՀՈԳԵՒՈՐ ԿՐԹՈՒԹԵԱՆԸ

    «Օրհնեալ է այդ Թագաւորը, որ գալիս է Տիրոջ անունով» (Ղուկ. 19:38)


    Ուրբաթ, 31 մարտ, 2023 թուական.

     

    Աւելի քան քսանմէկ դարեր առաջ Յիսուս որպէս Փրկիչ ու Խաղաղութեան Իշխան հանդիսաւոր մուտք գործեց Երուսաղէմ: Նրան դիմաւորելու եկած ժողովրդի սրտից բխած ուրախութեան ձայների մէջ անընդհատ լսուում էին այս բառերը. «Ովսաննա, Ովսաննա, օրհնեալ եկեալ անուամբ Տեառն»: Պատմութեան մէջ իր նմանը չունեցող ուրա­խութեան տեսարանն էր, որ պարզուում էր Նրա ճանապարհին: Ար­մաւենիների ոստերով, ձիթենեաց անուշաբոյր տերեւների զարդարուած ճիւղերով գորգապատուել էր Յիսուսի ճանապարհը դէպի Երուսաղէմ: «Ովսաննա» նշանակում է «Օրհնեսցի կամ օրենեալ թող լինի»: Շատերը, շփոթուած կատարուածից, հարցնում էին՝ «Ո՞վ է, որ զալիս է» եւ ստանում պատասխանը, թէ Աստծոյ Որդին է, որ յաղթական մուտք է գործում Երուսաղէմ:

     

    Մեր Տէրը մտնում էր Երուսաղէմ իբրեւ հասարակ, պարզ ու աղքատ մարդ, նստած խոնարհագոյն աւանակի վրայ: Նա ոչ սպա­ռազինուած բանակ ուներ, ոչ շքեղ հագուստներ եւ ոչ էլ զինուորական պաշտպանութիւն: Հակառակ Իր այս պարզութեան՝ ժողովուրդը ողջունում է Նրան թագաւորներին յատուկ փառաշուք ընդունելու­թեամբ:

     

    Ծաղկաղարդը հայելին է այսօրուա մարդկութեան: Կեանքում մենք եւս յաճախ ողջունում ենք Յիսուսի ներկայութիւնը «Ովսաննա»-ներով, սակայն շատ անգամներ մեր մէջ ստեղծուում են նաեւ տկա­րութեան ու թուլութեան պահեր, երբ Աւետարանի ոսկի օրէնքները կորցնում են իրենց գործնական արտայայտութիւնը մեր ամենօրեայ կեանքում:

     

    Ապացոյց՝ այսօրուա մեր կեանքը, ներկայ աշխարհը իր բոլոր երեսներով, ուր մարդը մի կողմից դէպի Աստուած է բարձրանում, իսկ միւս կողմից՝ դժբախտաբար, գնում դէպի կործանում եւ իր մէջ խեղ­դում հոգեւորն ու բարոյականը:

     

    Մեր Տէրը շատ լաւ գիտէր, թէ ձիթենու եւ արմաւենու ճիւղեր բռնողները մի քանի օր յետոյ պիտի ծեծեն Իրեն, տօնական զգեստները ճանապարհի վրայ փռողները՝ պիտի պատռեն Իր հագուստները, «Ովսա­ննա ի բարձունս» երգողները, վրէժի զգացումներով պիտի փոխէին իրենց ձայները զայրացած աղաղակների՝ «Խաչ հանեցէք Դրան» եւ Իրեն մատուցուած ծաղկեփնջերը պիտի դառնային փշերից հիւսուած պսակի:

     

    Ամեն մարդ Աստծոյ կողմից իրեն շնորհուած կեանքը պարտա­ւոր է թանկագին նուէր նկատել, որը պէտք է խնամի ու անխնայ չգործածի եւ ճակատի քրտինքով վաստակելով իր հացը՝ փառք տայ Աստծուն ու այդ բարիքներին մասնակից դարձնի նրանց, ովքեր օգնութեան կարիք են զգում: Այդպէս վարուեցին հոգով հարուստ մարդիկ, քանի մեծացան, այնքան խոնարհուեցին, ինչքան նիւթական հարստութիւն հաւաքեցին, այնքան առատաձեռն դարձան, որովհետեւ հրաշալի կերպով կարողացան տեսնել ճիշտ համեմատութիւնները իրենց անձի ու Աստծոյ հզօր ուժի միջեւ: Իսկ նրանք, որոնք իրենց ֆիզիկական ուժով գոռոզացան եւ իրենց կամքը պարտադրեցին ու կարծեցին, թէ «մեծութիւններ» դարձան, չարաչար սխալուեցին, որովհե­տու ժամանակից շուտ քայքայեցին իրենց կեանքը ու նոյնիսկ ոմանք իրենց կենդանութեան օրոք, իբրեւ արիւնաքամ բռնակալներ, իրենց իսկ ժողովրդի կողմից դատապարտուեցին ու խաչուեցին:

     

    Խորանի փակ վարագոյրը խորհրդանշում է դրախտի, Երուսաղէմի ու մեր հոգու դուռը: Յիսուս, որպէս Խաղաղասէր Իշխան, Ծաղկազարդի օրը Երուսաղէմի դռնից մուտք է գործում, իսկ այսօր՝ մեր հոգիներից ներս:

     

    Աւելի քան պարզ է, թէ Ծաղկազարդի տօնն է պատճառը, որ մեր Եկեղեցին այսպէս գեղեցիկ կերպով զարդարուած է: Բնական ուրախութիւնից բացի, այս զարդարանքը երբեմն վախ է առաջացնում մեր մէջ: Ինչո՞ւ. բոլորդ էլ լաւ եք յիշում Աւետարանի թզե­նին, նա էլ կանաչ էր ու գեղեցիկ տեսք ուներ, սակայն Յիսուս, պտուղ չգտնելով նրա վրայ, չորացրեց: Աղօթենք, որ մեր Եկեղեցին նման ճակատագիր չունենայ: Այս նիւթական տեսարանով պարզա­պէս հիացողներ չլինենք, այլ հասկանանք կատարուած խորհրդի կարեւորութիւնն ու մեծութիւնը: Հակառակ չենք, որ մեր Եկեղեցին միշտ զարդարուած լինի, սակայն ոչ թէ միայն ծաղիկներով, գեղեցիկ նկար­ներով կամ աչքի ընկնող ուրիշ առարկաներով, այլ մանաւանդ մեր ներկայութեամբ ու իրար նկատմամբ ունեցած մեր սիրով ու բարի գործերով: Ի՞նչ էր արել Յիսուս, որ օրհնում ու փառաբանում էին Նրան, պարզ մի բան, բուժել էր, հրաշքներ գործել եւ մխիթարել նրանց:

     

    Քսանմէկ դար են անցել այն օրից, երբ Աստծյւ Որդին մտաւ սուրբ քաղաքը եւ Իր ձայնը բարձրացրեց հաստատելու համար այն, թէ Տաճարը Աստծոյ Տունն է եւ պէտք է մնայ իր վեհութեան մէջ:

     

    Սակայն, դժբախտաբար մի ժողովուրդ, որն սպասում էր Հռոմէական հզօր Կայսրութեան լծից իրեն փրկելու համար աշխար­հիկ զինուորական հրամանատարի, Յիսուսի Երուսաղէմ փառաւոր մուտքից յետոյ ուրացաւ ճշմարիտ Թագաւորին, ոտքերի տակ ճզմեց ձիթենու ու արմաւենու ճիւղերը եւ չարչարանքներով ու տանջանք­ներով խաչի վրայ մահուան արժանացրեց Նրան:

     

    Սուրբ Պատարագի աւարտին կատարուում է նաեւ Դռնբացէքի արարողութիւնը: Ներկայացուում է վերջին Դատաստանը: Տեղի են ունենում հարցեր ու պատասխաններ: Փակուած վարագոյրի աոջեւից երեք անգամ յաջորդաբար երգուում է «Բաց մեզ Տէր» երգը, իսկ Յիսուս կոչ է անում ժողովրդին՝ ապաշխարելու եւ իրենց մեղքերի հա­մար թողութիւն խնդրելու:

     

    Իւրաքանչիւր հայ քրիստոնեա ոչ թէ խօսքով, այլ գործով պի­տի հաստատի իր խաղաղասէր ու մարդասէր լինելը: Մեր ընտա­նիքներից ներս քէնը, ատելութիւնը, նախանձն ու ոխը պէտք է վերանան: Մեր մէջ քրիստոնէական սէրն ու ներողամտութեան ոգին ձիթենու հունդերի պէս պէտք է ուժեղ արմատներ ունենան: Եթէ մեզ չուզողների, հակառակորդների ու թշնամիների հետ այսօր չմիա­նանք, ե՞րբ եւ ո՞ւր պիտի հաշտուենք: Ինչպէ՞ս կարող ենք Յիսուսին ողջունել, Ծաղկաղարդ եւ Զատիկ տօնել, երբ մեր հարազատների հետ գժտուած ենք ու մերժում ենք նրանց հետ կիսել մեր Տիրոջ ուրա­խութիւնը: Եկէ՛ք մեր բարի գործերով արդարացած, սրբուած ու մաքրուած, Դռնբացէքի շարականին ձայնակցելով ասենք՝ «Ո՜վ Տէր, Քո ողորմութեան դռները բաց մեր ժողովրդի աոջեւ, որպէսզի մեր զաւակներն էլ  Քո սրբերի հետ միասին լուսեղէն հարկերին արժանանան»: Ամէն:

     

    Տէր Գրիգոր Աւագ Քհն. Մկրտչեան

    Գիւումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցու ժողովրդապետ

Օրացույց

Օրացույց