Ո՜վ սքանչելի եւ սքանչելագործ Սուրբ Հայր Յովսէփ՝ Աստուածահայր,
քա՜ղցր Հայրիկ, նախանձելի՝ քո կեանքով, բայց առաւել եւս՝ քո մահուամբ։
19 մարտ, 2023 թուական. Տօն Ս. Յովսէփ Աստուածահօր
Ընդհանրական Եկեղեցին մարտի 19-ին տօնում է Ս. Յովսէփ Աստուածահօր տօնը։
Յովսէփ Աստուածահայրը Դաւիթ թագաւորի ցեղից էր: Նա Յիսուս Քրիստոսի երկրաւոր հայրն էր համարուում: Նա ապրել է աղքատութեան մէջ Նազարէթ քաղաքում եւ զբաղուել է ատաղծագործութեամբ։
Ըստ Մատթէոս Աւետարանչի, երբ Յովսէփն իմանում է, որ իր նշանածը հղի է, ցանկանում է նրան առանց աղմուկի արձակել: Մինչ նա այդ մասին էր մտածում, Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւում է նրան եւ ասում. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ ծնուածը Սուրբ Հոգուց է: Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին՝ իր մեղքերից» (Մատթ. 1:19-21):
Եւ Յովսէփը հասկանալով Աստծուց իրեն վստահուած առաքելութեան կարեւորութիւնը` նա աւելի է կապուում իր նշանածին` պաշտպանելով եւ հոգ տանելով նրա մասին: Երբ մանուկ Յիսուսը ծնուեց, նա օրենքի համաձայն թլփատեց Նրան եւ քառասուն օրեկանում տաճարին ընծայեց, իսկ երբ Նրան վտանգ սպառնաց, Աստծոյ հրեշտակի հրամանով Նրան Եգիպտոս տարաւ` որոշ ժամանակ անց կրկին վերադառնալով Նազարէթ:
Սուրբ Յովսէփն առանձնանում է առ Աստուած ունեցած իր աներեր հաւատքով, որ միշտ անսաց եւ իր կեանքում աշխատեց իրագործել աստուածային պատուիրանները: Այդ իսկ պատճառով Մատթէոս Աւետարանիչը Աւետարանի մէջ նրան «արդար» մակդիրով է բնութագրում (Մատթ. 1:19): «Արդար» բառը, Աստուածաշնչի ու հայ մատենագրութեան մէջ, նշանակում է «սուրբ»: «Արդար մարդ» տիտղոսուած նշանածը «Կոյսին», արդարեւ, «սուրբ» էր: Սուրբ Յովսէփ արդար էր, որովհետեւ առաջին հերթին չցանկացաւ վարկաբեկել Մարիամին, ով հղի էր Սուրբ Հոգուց:
Երբ վարկաբեկում եւ չարախօսում ես, արդար եւ սուրբ չես կարող լինել: Սուրբ Յովսէփն արդար էր, քանի որ անմիջապէս ենթարկուեց Տիրոջ հրամանին եւ անվերապահօրէն ենթարկեց իրեն նախախնամութեան ծրագրերին:
Սուրբ Յովսէփի տօնը հաստատուեց 1479 թուականին: Նրա ջերմեռանդութիւնը սիրեցին եւ տարածեցին: Սուրբ Յովսէփը ներկայ է աւանդապատումի, մատենագրութեան, գեղանկարչութեան, երաժշտութեան, գրականութեան, ճարտարապետութեան եւ տպագրութեան մէջ: Նրա անուան եւ առաքելութեան մասին են ձօնուած եկեղեցիներ, վանքեր ու մատուռներ: Հռոմի պապ Պիոս XII-ի հրամանով 1955 թվականին Սուրբ Յովսէփը հռչակվել է խորհրդանիշ համբերութեան, աշխատասիրութեան եւ տոկունութեան։
Այս առիթով Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցում մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ ձեռմբ՝ տեղի ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի: Հայր Սուրբը իր քարոզում անդրադարձավ Սուրբ Յովսէփ Ասուածահօր կեանքին եւ ներկայացրեց նրա կարեւորութիւնը Կաթողիկէ Եկեղեցու մէջ, ինչպէս նաեւ շնորհաւորանքներ յղեց բոլոր հայրերին, բոլոր Յովսէփներին, բոլոր նրանց, ովքեր անաղմուկ հերոսութեամբ պաշտպանում են Կեանքը։
Նշենք նաեւ, որ Սուրբ Յովսէփը արժանացել է «դեւերի սարսափ» տիտղոսին, եւ հանդիսանում է մարդկային գերագոյն օրինակ տղամարդկանց համար։
ԳՈՎՔ ՍՈՒՐԲ ՅՈՎՍԷՓ ԱՍՈՒԱԾԱՀՕՐԸ
Եթէ Սրբերի փառքը Երկնքում համաչափ է իրենց արժանիքներին
եւ շնորհներին, որ նրանք ստացել են երկրի վրայ,
եթէ Յիսուս Քրիստոսը՝ մեր Տէրը, յաւիտէնական վարձատրութիւն է խոստանում նրան,
ով Իր Անունով ընդամէնը մի բաժակ զով ջուր է տալիս աղքատ անցորդին.
ուրեմն փառքի ի՜նչ աստիճանի ես բարձրացուել Աստծոյ մոտ դու, ո՜վ Երանելի Յովսէփ,
որ անթիւ անհամար շնորհներով հարստացուեցիր
եւ կատարելութեամբ, անըմբռնելի՝ մարդկային մտքին։
Ինչպիսի՜ վարձատրութիւններ, ուստի, պէտք է որ ստացած լինես դու,
Աստծոյ ամենառատ Աջից,
դու, որ այդքա՜ն հոգատարութեամբ խնամեցիր Յիսուս Քրիստոսին,
ո՛չ ինչպէս մենք՝ յանձինս աղքատների ու կարիքաւորների,
այլ՝ Անձամբ Իրեն՝ Աստուածային Փրկչին,
եւ Նրա Անարատ Մօրը՝ Մարիամին։
Ինչպիսի՜ն պէտք է որ լինի քո զօրութեան մեծութիւնը Երկնքում,
այն բանից յետոյ, որ որպէս հայր հրամայեցիր եւ ուղղորդեցիր
Աստծոյ մարդացած Միածին Որդուն երկրի վրայ,
եւ երեսուն տարի շարունակ ականատեսը եղար Նրա խոնարհութեան,
որով Աւետարանը վկայում է, որ անվերապահ հնազանդուում էր քեզ։
Այո՛, ո՜վ իմ փառահեղ Պաշտպան, Պաշտպան Ընդհանրական Եկեղեցու,
ես դա դաւանում եմ Երկնքի ու Երկրի դիմաց.
Դու բարձրագոյն դիրք ես զբաղեցնում Յիսուսի ու Մարիամի կողքին,
Դու բարձրագոյն դիրք ես զբաղեցնում Աստծոյ Արքայութիւնում,
Դու, որ արժանապէս կոչուում ես դեւերի Սարսափ։
Դրախտն ամբողջ մեծարում է քո փառքը
եւ գովաբանում է օգոստափառ առաքինութիւնները քո,
որոնք բարձրացնում են քեզ գերիվեր, քան հրեշտակային դասերը։
Թո՜յլ տուր, ո՜վ մաքրամաքուր հայրագիր իմ Մարդացեալ Փրկչի,
թո՜յլ տուր, որ արցունքների այս հովտից, որ ճանաչում ես շա՜տ լաւ,
բարձրացնենք մեր հայեացքը դէպի վեհագոյն գահդ, որին բազմում ես այժմ,
եւ մեր ձայները միացնենք երանելի հոգիների համերգին՝
պանծացնելու համար քո մեծութիւնները,
պատուելու համար քո առաքինութիւնները,
եւ հայցելու համար քո հզօր պաշտպանութիւնը։
Իսկ դու, անսասա՜ն դարձրու մեր սրտերում
Հաւատքը, Յոյսը եւ Սէրը,
որպէսզի քեզ այս կեանքում սիրած
եւ առաքինութիւններիդ հաւատարմօրէն նմանուած լինելուց յետոյ,
կարողանանք շարունակել յաւիտեանս յաւիտենից
օրհնել ու գովաբանել քեզ Երկնքում,
Յիսուսի ու Մարիամի հետ միասին անբաժան,
ի փառս եւ ի պատիւ Ամենասուրբ Երրորդութեան,
որին փա՜ռք եւ երկրպագութի՜ւն Իր բոլոր բարիքների համար։
Ամէն։
Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան
Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցու ժողովրդապետ