• Սուրբ Հոգին լուսավորում է Եկեղեցու ճանապարհը

    «Խավարի մեջ կողմնորոշվելու սկզբունքը Աստծո Հոգու լույսն է»:


    «Ավետարանացման շարժիչ ուժը» Աստծո Սուրբ Հոգին է, ընդգծեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը փետրվարի 22-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ՝ շարունակելով քրիստոնեական ուսուցումների շարքը ավետարանացման վերաբերյալ:

     

    Նորին Սրբությունն իր խորհրդածությունը սկսեց հարություն առած Հիսուսի՝ առաքյալներին ուղղված խոսքերով. «Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մտթ. 28,19): Տերն ուղարկում է իր աշակերտներին ավետարանելու, որպեսզի նրանք ոչ թե գաղափարապես խրատեն հավատադարձներին, այլ հնարավորություն տան բոլորին հանդիպել Հիսուսին, ճանաչել և սիրել Նրան: Մկրտության միջոցով նոր աշակերտները իմանում են Սուրբ Երրորդության մասին և ամեն օր զգում Աստծո ներկայության բերկրանքը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Տերը կոչ է անում Իր աշակերտներին և մեզ բոլորիս. «Գնացե՛ք», – որպես պարգև տալով Սուրբ Հոգուն, քանզի միայն Աստծո Հոգու շնորհիվ կարելի է ընդունել Քրիստոսի առաքելությունը և կատարել այն (տես՝ Հվհ. 20,21-22): Մինչ Հոգեգալուստի պահը վախեցած առաքյալները թաքնվում էին Երուսաղեմի վերնատանը, սակայն երբ Սուրբ Հոգին իջնի նրանց վրա (տես՝ Գործք Առաքելոց 2,1-13), այս անգրագետ ձկնորսներն ամբողջովին կփոխեն աշխարհը։ Ավետարանացումը իրականացվում է միայն Սուրբ Հոգու զորությամբ, որը նախորդում է միսիոներներին և պատրաստում մարդկանց սրտերը։

     

    Գործք Առաքելոց Գրքի ամեն մի էջում «հռչակման գլխավոր հերոսը ոչ թե Պետրոսն է, Պողոսը, Ստեփանոսը կամ Փիլիպպոսը, այլ Սուրբ Հոգին է», և դա հատկապես նկատելի է Երուսաղեմի ժողովի նկարագրության մեջ, երբ երիտասարդ Եկեղեցին դժվար ընտրության առաջ է կանգնած. պահպանե՞լ հնագույն ավանդույթները, թե՞ ընդունել նորարարությունները: Առաքյալները չհետևեցին «մարդկային իմաստությանը», այլ ընդունեցին Սուրբ Հոգու զորությունը: Նրանց վերջնական որոշումը հաճելի էր Սուրբ Հոգուն և իրենց (տես՝ Գործք 15,28). չնայած իրենց տարբեր կարծիքներին և զգացմունքներին, նրանք միասին լսեցին Աստծո Հոգուն: Ըստ Նորին Սրբության, «ցանկացած կրոնական ավանդույթ օգտակար է, եթե այն նպաստում է Հիսուսի հետ հանդիպմանը», հետևաբար ավետարանացումը առաջնորդվում է հետևյալ հիմնական սկզբունքով.

     

    «Եկեղեցում ամեն ինչ պետք է համապատասխանի Ավետարանի հռչակման պահանջներին, պետք է առաջնորդվել ոչ թե պահպանողականների կամ առաջադեմների կարծիքներով, այլ այն ձգտմամբ և ցանկությամբ, որ Հիսուս հասանելի լինի մարդկանց կյանքերին: Հետևաբար յուրաքանչյուր որոշում, գործողություն, կառույց և ավանդույթ պետք է գնահատվի այնքանով, որքանով դրանք նպաստում են Քրիստոսի հռչակմանը»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Սուրբ Հոգին լուսավորում է Եկեղեցու ճանապարհը, պարզուբանում  և օգնում ճանաչել», դրա համար էլ անհրաժեշտ է հաճախակի կանչել Նրան։ «Եթե Եկեղեցին չի աղոթում Սուրբ Հոգուն և չի կանչում Նրան, նա պարփակվում է ինքն իր մեջ, անպտուղ և հյուծիչ բանավեճերի մեջ, հոգնեցուցիչ բաժանումների մեջ, և քրիստոնեական առաքելության կրակը հանգչում է»: Մյուս կողմից էլ, Սուրբ Հոգին խրախուսում է հավատացյալներին հռչակել հավատքը՝ «հավատքի մեջ հաստատվելու, առաքելության գնալու և ինքներս մեզ վերագտնելու համար»: Հետևելով Պողոս առաքյալի խորհրդին. «Մի՛ հանգցրեք Հոգին» (Ա Թեսաղ. 5,19), քրիստոնյաները կանչված են Սուրբ Հոգուն հաճախակի աղոթելու և ամեն օր Նրա լույսը խնդրելու համար: Դա պետք է արվի «ամեն մի հանդիպումից առաջ, որպեսզի դառնանք Հիսուսի առաքյալները այն մարդկանց համար, ում մենք կհանդիպենք»:

     

    Իր խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը մեջբերեց կարդինալ Կառլո Մարտինիի խոսքերը. հոգևոր կյանքի հիմնարար սկզբունքը «մխիթարության գերակայությունն է ամայացման նկատմամբ»։ Սկզբում կա Սուրբ Հոգին, Ով մխիթարում է, կենդանացնում, լուսավորում, ոգեշնչում, սակայն հետո գալիս է ամայությունը, տառապանքը, խավարը, սակայն խավարի մեջ կողմնորոշվելու սկզբունքը Աստծո Հոգու լույսն է: Ուստի քրիստոնյաները պետք է հարցնեն իրենք իրենց.

     

    «Արդյո՞ք մենք առաջնորդվում ենք Սուրբ Հոգով, որը կոչ է անում մեզ չպարփակվել, այլ կիսվել Հիսուսով և վկայել Աստծո մխիթարության գերակայությունը այս աշխարհի ամայացման նկատմամբ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց