• Տերը հորդորում է չարին չարիքով չպատասխանել

    «Սիրել այնպես, ինչպես Հիսուսն է սիրում մեզ, հեշտ չէ, բայց հնարավոր է»:


    «Տերն առաջարկում է դուրս գալ շահույթի տրամաբանությունից և սերը չչափել հաշվարկի ու հարմարավետության կշեռքներով։ Նա հորդորում է չարին չարիքով չպատասխանել, այլ համարձակորեն բարություն անել, ռիսկի դիմել և տալ, նույնիսկ եթե դրա դիմաց ոչինչ չենք ստանում կամ էլ քիչ ենք ստանում», – ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը փետրվարի 19-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:

     

    Մեկնաբանելով Հիսուսի խոսքերը՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ դրանք կարող են չափազանց պահանջկոտ և պարադոքսալ թվալ, քանզի Տերը կոչ է անում մյուս այտն էլ դարձնել և սիրել նույնիսկ թշնամիներին.

     

    «Մեզ համար նորմալ է սիրել մեզ սիրողներին և ընկերություն անել նրանց հետ, ովքեր մեր ընկերներն են, սակայն Հիսուսն ասում է մեզ. եթե դուք նման կերպ եք վարվում, ապա «ի՞նչ ավելի բան եք անում»: Դա այն է, ինչի վրա այսօր կցանկանայի հրավիրել ձեր ուշադրությունը»։

     

    Ըստ Սրբազան Քահանայապետի, «յուրահատուկը» դուրս է գալիս «սովորականի» սահմաններից, այն գերազանցում է առօրյա պրակտիկան ու խոհեմությամբ թելադրված հաշվարկները։

     

    «Վախենալով փոխադարձ պատասխանը չստանալուց կամ չհասկացված լինելուց և հետագայում հիասթափվելուց՝ մենք նախընտրում ենք սիրել միայն նրանց, ովքեր սիրում են մեզ, բարություն անել միայն նրանց, ովքեր բարի են մեր նկատմամբ, առատաձեռն լինել նրանց հանդեպ, ովքեր կարող են փոխհատուցել: Մեզ հետ վատ վերաբերվողներին մենք պատասխանում ենք նույն կերպ՝ այդպիսով մնալով որոշակի հավասարակշռության մեջ»։

     

    Սակայն Տերը զգուշացնում է, ընդգծեց Նորին Սրբությունը, որ նման վարվելակերպը քրիստոնեական չէ։ Եթե մենք շարունակենք անել նույնը, ինչը միշտ ենք անում (պահպանելով տալու և ստանալու հավասարակշռությունը), ապա աշխարհը նույնը կմնա և ոչինչ չի փոխվի. «Եթե Տերը հետևեր այս տրամաբանությանը, ապա մենք փրկության հույս չէինք ունենա: Սակայն, բարեբախտաբար, Աստծո սերը միշտ «յուրահատուկ է», այն դուրս է գալիս «սովորականի» չափանիշներից, որոնցով մենք՝ մարդիկս, հարաբերություններ ենք կառուցում»:

     

    Այս առումով, շարունակեց Նորին Սրբությունը, Հիսուսի խոսքերը մարտահրավեր են մեզ համար: Մինչ մարդիկ փորձում են մնալ օգտապաշտ դատողությունների առօրեականության մեջ, Նա խնդրում է բացվել անշահախնդիր սիրո արտասովորության առաջ. մինչ մենք փորձում ենք հավասարեցնել հաշիվը, Քրիստոս կոչ է անում ապրել սիրո անհավասարակշռության մեջ:

     

    «Եկե՛ք չզարմանանք, քանզի եթե Տերն այդքան «անհավասարակշռված» չլիներ, ապա մենք երբեք չէինք փրկվի»։

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Աստված մեզ չի սիրում այն բանի համար, որ մենք բարի ենք և կարող ենք Նրան փոխհատուցել: «Աստծո սերը մեր հանդեպ միշտ առատ է, առանց հաշվարկների», այն միշտ անհամաչափ է Նրա հանդեպ ունեցած մեր սիրուն: Տերը կոչ է անում մեզ ապրել և սիրել հենց այսպես, քանի որ միայն այդպես մենք կարող ենք իսկապես վկայել Նրա մասին:

     

    Քրիստոսն Իր աշակերտներին առաջարկում է թողնել շահույթի տրամաբանությունը և սերը չչափել հաշվարկի ու նպատակահարմարության կշեռքներով, շարունակեց Նորին Սրբությունը. «Տերը հորդորում է չարին չարիքով չպատասխանել, այլ համարձակորեն բարություն անել, ռիսկի դիմել և տալ, նույնիսկ եթե դրա դիմաց ոչինչ չենք ստանում կամ էլ քիչ ենք ստանում: Հենց այդպիսի սերն է, որ աստիճանաբար խաղաղեցնում է հակամարտությունները, կրճատում հեռավորությունները, հաղթահարում թշնամանքը և բուժում ատելության վերքերը»: Այդ իսկ պատճառով եկե՛ք հարցնենք ինքներս մեզ. մեր կյանքում մենք ինչի՞ն ենք հետևում՝ շահույթի՞ն, թե՞ անշահախնդիր լինելու տրամաբանությանը։ Սիրել այնպես, ինչպես Հիսուսն է սիրում մեզ, հեշտ չէ, բայց հնարավոր է: Նա Ինքն է օգնում մեզ՝ պարգևելով Սուրբ Հոգին և Իր անսահման սերը, խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց