• Եկե՛ք մեր հեզությամբ հռչակենք Աստծո մոտիկությունը

    «Ձրի ստացաք, ձրի տվեք»:


    Փետրվարի 15-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակելով քրիստոնեական ուսուցումների շարքը ավետարանացման և առաքելական եռանդի վերաբերյալ, պատմեց Տիրոջ առաջին աշակերտների առաքելության մասին:

    Դիմելով Պողոս VI սրահում հավաքված ուխտավորներին՝ Նորին Սրբությունը հիշեցրեց, որ Տերն ընտրեց տասներկու առաքյալներին, «որ Իր շուրջը լինեն, և նրանց քարոզելու ուղարկի» (Մկ. 3,14): Ավետարանի այս խոսքերը կարող են հակասական թվալ, քանզի կա՛մ աշակերտները մնում է Հիսուսի կողքին, կա՛մ գնում են քարոզելու, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Սակայն, Հիսուսի համար ամեն ինչ տրամաբանական է, քանի որ Ավետարանի հռչակումը և ցանկացած քրիստոնեական առաքելություն ծնվում է Տիրոջ հետ հանդիպումից, և միայն նրանք, ովքեր Տիրոջ հետ են, կարող են ուրիշների հետ կիսել Նրա Ավետարանի լույսը: Մյուս կողմից էլ, ընդգծեց Նորին Սրբությունը, Քրիստոսին հետևելը չի կարող սահմանափակվել անհատականության շրջանակներում, քանզի քրիստոնյան կանչված է քարոզելու և ծառայելու համար, ընդորում առաքելության փորձառությունը առաքյալների ուսուցման մի մասն է. Ավետարանում Տերն իր աշակերտներին ուղարկում է կանչից անմիջապես հետո: Սակայն մինչ նրանց քարոզի ուղարկելը՝ Քրիստոս նրանց դիմում է մի խոսքով, որը հայտնի է «առաքելական» պատգամ անունով։ Մատթեոսի Ավետարանի 10-րդ գլխում տրված ավետարանական այս «սահմանադրությունից» առանձնացնում ենք երեք կարևոր կետեր, և դրանցից առաջինը «Ինչու՞ հռչակել» հարցի պատասխանն է:

    «Ձրի ստացաք, ձրի տվեք», պատգամում է Տերը: Մենք արժանի չէինք Նրան հանդիպելու և ճանաչելու մեծ պարգևը, որպեզի մեզ համար պարզ դառնար, որ մենք սիրված և փրկված ենք, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, հետևաբար մենք չենք կարող այս գանձը միայն մեզ մոտ պահել։ Մենք կոչված ենք նաև անհատույց տարածելու այն, մեր Աստծո զավակ լինելու ուրախությամբ կիսվելու նրանց հետ, ովքեր դեռ չգիտեն դրա մասին։ Ահա հենց սա է ավետարանացման պատճառը:

    Այնուհետև հանգում ենք հետևյալը հարցի պատասխանին՝ «ի՞նչ հռչակել»։ Հիսուսն ասում է. «Քարոզեցե՛ք, որ Երկնքի արքայությունը մոտեցել է»: Աշակերտները պետք է առաջին հերթին խոսեն այն մասին, որ Տերը մոտ է։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ քարոզելիս «մենք հաճախ մարդկանց ինչ-որ բան անելու կոչ ենք անում, և դա լավ է», սակայն հիմնական ուղերձն այն է, որ Աստված մեզ հետ է։

    «Աստծո սերն ընդունելը դժվար է, քանի որ մենք միշտ ցանկանում ենք լինել ուշադրության կենտրոնում, լինել գլխավոր հերոսները, մենք ավելի շատ հակված ենք գործելու, քան թույլ տալու, որ մեզ կրթեն, քանզի նախընտրում ենք խոսել, բայց ոչ՝ լսել: <…> Սակայն ավետարանացման մեջ առաջնահերթությունը պատկանում է Աստծուն, իսկ մյուսներին հնարավորություն է տրվում ընդունելու Նրան ու գիտակցելու, որ Նա մոտ է»։

    Ավետարանական «սահմանադրության» երրորդ կետը, ըստ Սրբազան Քահանայապետի, «ինչպե՞ս հռչակել» հարցի պատասխանն է։ Տերը հատուկ ուշադրություն է դարձնում սրա վրա, քանզի վկայության մեթոդն ու ոճը շատ կարևոր են: Քրիստոսն ուղարկում է աշակերտներին «որպես ոչխարներ գայլերի մեջ» (տես՝ Մտթ.10,16) և ամենևին էլ «չի խնդրում նրանց դիմակայել գայլերին, այսինքն՝ վիճել, առարկել և պաշտպանվել»: Մենք կարծում ենք, որ մեզ պետք է «որոշակի ազդեցություն և հեղինակություն ու այդ ժամանակ աշխարհը մեզ կլսի և կհարգի», – ենթադրեց Նորին Սրբությունը։ Սակայն Տերը խնդրում է առաքյալներին լինել հեզ ու անմեղ գառների նման՝ պատրաստ անձնազոհության: Բարի հովիվը ճանաչում է իր ոչխարներին և պաշտպանում նրանց գայլերից, ընդգծեց Սրբազան Քահանայապետը՝ մեջբերելով Սբ. Հովհաննես Ոսկեբերանի խոսքերը. «Քանի դեռ մենք ոչխարներ ենք, մենք հաղթելու ենք, թեև մեզ շրջապատել են անթիվ գայլեր, մենք կհաղթենք նրանց: Սակայն եթե գայլեր լինենք, մենք կպարտվենք, որովհետև Հովվի օգնությունը կհեռանա մեզանից, քանզի Նա գայլեր չի արածեցնում, այլ ոչխարներ» (Մատթեոսի Ավետարանի Մեկնություն, 33):

    Զարմանալի է, որ Հիսուսը չի ասում ապագա քարոզիչներին, թե նրանք ինչ պետք է վերցնեն իրենց հետ միսիայի, առաքելության ժամանակ, այլ ասում է, թե «նրանք ինչ չպետք է վերցնեն». «Մի՛ ունեցեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ և ո՛չ էլ պղինձ դրամ՝ ձեր գոտիների մեջ, ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկու զգեստ, ո՛չ կոշիկներ և ո՛չ էլ ցուպ» (տես՝ Մտթ.10,9-10): Տերը կոչ է անում չապավինել նյութական հենարաններին, այլ դուրս գալ աշխարհ առանց աշխարհիկ ունայնության: «Մենք պետք է ավելի շատ ցույց տանք Հիսուսին, քան խոսենք Նրա մասին»։ Վերջապես, առաքյալները պետք է դուրս գան ուրիշների հետ միասին. «Տերն ուղարկում է բոլոր աշակերտներին, և ոչ ոք մենակ չի գնում: Առաքելական Եկեղեցին ամբողջությամբ միսիոներական է, քանզի առաքելության մեջ է գտնում իր միասնությունը»։

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունն ասաց.

    «Ուրեմն, պետք է քայլենք հեզությամբ և բարությամբ, ինչպես գառները, առանց աշխարհիկ ունայնության, բոլորս միասին պիտի քայլենք: Հենց սա է ավետման բանալին և ավետարանացման հաջողությունը: Եկե՛ք ընդունենք Հիսուսի այս պատգամները. թող Նրա խոսքերը ուղեցույց լինեն մեզ համար»:

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց