• Նորին Սրբության XXXI ուղերձը Հիվանդների Համաշխարհային օրվա կապակցությամբ

    «Մենք բոլորս կարեկցանքի և բժշկման կարիք ունենք»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հրապարակեց XXXI ուղերձը Հիվանդների Համաշխարհային օրվա կապակցությամբ. «Խնամի՛ր նրան: Կարեկցանքը որպես սինոդական բժշկում»:

     

    Նորին Սրբությունն ընդգծում է, որ հիվանդությունը, լինելով կյանքի մի մասը, կարող է «անմարդկային» դառնալ, եթե հիվանդը միայնակ է՝ առանց խնամքի ու կարեկցանքի։ Այլ մարդկանց հիվանդության նկատմամբ վերաբերմունքը լույս է սփռում մեր սինոդական ճանապարհի որակի վրա, որը պետք է նշանավորվի մտերմությամբ, կարեկցությամբ և քնքշությամբ: Սրբազան Քահանայապետը հիշատակեց Տիրոջ խոսքերը. «Հոտերս եմ արածացնելու: <…> Կորածին փնտրելու եմ, մոլորվածին՝ հետ դարձնելու, վիրավորվածին՝ փաթաթելու, հյուծվածին՝ զորացնելու, գերին ու հզորին՝ պահելու» (տես՝ Եզեկիել 34,15-16): Հիվանդությունն ու տկարությունը մեզ չեն բացառում Աստծո ժողովրդից, ընդհակառակը, մենք հայտնվում ենք հոգատար Հայր Աստծո ուշադրության կենտրոնում: Հավատացյալները պետք է սովորեն Նրանից, որպեսզի դառնան իսկապես համախմբված համայնք և չվարակվեն «թափոնների մշակույթով»:

     

    Նորին Սրբությունն ընդգծում է բարի սամարացու ավետարանական առակի և «եղբայրությունը ժխտելու ժամանակակից բազմաթիվ եղանակների» սերտ կապը։ Ծեծված ու թալանված մարդը ընկած էր ճանապարհին, հենց նման իրավիճակում են հայտնվում մեծաթիվ եղբայրներ և քույրեր, երբ ամենաշատը օգնության կարիք ունեն: Երբեմն դժվար է հասկանալ, թե «կյանքի ու նրա արժանապատվության վրա որ հարձակումներն են տեղի ունենում բնական, իսկ որոնք՝ անարդարության ու բռնության պատճառներով»։ Սակայն ցանկացած տառապանք տեղի է ունենում որոշակի «մշակույթի» և դրա հակասությունների համատեքստում՝ սոցիալական անհավասարության և փոքրաթիվ մարդկանց շահերի գերակայության ֆոնին։ Հետևաբար, «շատ կարևոր է ընդունել մենակության, լքվածության այդ ծանր վիճակը»՝ հաղթահարելով այդ դաժանությունը «ցանկացած այլ անարդարությունից առաջ, քանզի, ինչպես առակն է ասում, անհրաժեշտ է ընդամենը ուշադրություն, կարեկցանք և ներքին մղում այն ​​վերացնելու համար»: Երկու «կրոնավոր» անցորդներ տեսնում են վիրավորին ու անտարբեր անցնում, սակայն երրորդը՝ սամարացին, հոգ է տանում անծանոթի մասին՝ նրա հետ եղբայրաբար վարվելով։ «Միևնույն ժամանակ նա չի էլ մտածում, որ իր արարքով փոխում է իրերի ընթացքը և ավելի եղբայրական աշխարհ ստեղծում», – ընդգծում է Սրբազան Քահանայապետը:

     

    Մենք երբեք պատրաստ չենք հիվանդություններին և հաճախ չենք ընդունում մեր տարիքը, քանզի «վախենում ենք խոցելիությունից, իսկ համատարած շուկայական մշակույթը ստիպում է այն հերքել»: Հենց այդ պատճառով էլ հիվանդության անսպասելի ժամանումը շփոթեցնում ու խոցում է մեզ: «Պատահում է, որ մեզ լքում են մեր մերձավորները կամ էլ մեզ թվում է, թե մենք պետք է հառանանք, որպեսզի բեռ, հոգս չդառնանք նրանց համար», – գրում է Նորին Սրբությունը: Հենց այսպես է առաջանում միայնությունը. «Մեզ թունավորում է անարդարության դառը զգացումը, որի առաջ նույնիսկ երկինքն է փակվում»։ Իսկապես, դժվար է խաղաղության մեջ մնալ Աստծո հետ, երբ մեր հարաբերությունները խզվում են ուրիշների և ինքներս մեզ հետ։ Ուստի, չափազանց կարևոր է, որ «ողջ Եկեղեցին հետևի Բարի Սամարացու ավետարանական օրինակին և դառնա իսկական «դաշտային հիվանդանոց», քանզի նրա առաքելությունն է հոգ տանել մարդկանց մասին: Մենք բոլորս փխրուն և խոցելի ենք, քանի որ «Մենք բոլորս կարեկցանքի և բժշկման կարիք ունենք»: Հետևաբար, մեր մերձավորների հիվանդությունը «կոչ է մեզ համար, որպեսզի վերջ տա անտարբերությանը և դանդաղեցնի բոլոր նրանց քայլերը, ովքեր շտապում են աշխատանքի՝ մոռանալով, որ քույր ու եղբայր ունեն»։

     

    Հիվանդների Համաշխարհային օրը, ընդգծում է Սրբազան Քահանայապետը, «ոչ միայն խրախուսում է աղոթքն ու տառապյալներին մոտ լինելը, այլ նաև Աստծո ժողովրդի, առողջապահական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ուշադրությունը հրավիրում է ընդհանուր ճանապարհի նոր ուղիների վրա»: Բարի Սամարացու առակի ավարտը ցույց է տալիս, որ անձնական հանդիպումից սկսված եղբայրությունը կարող է վերածվել հատուկ կազմակերպված խնամքի և հոգածության։ «Իջևանատունը, իջևանատերը, դահեկանը, միմյանց տեղյակ պահելու խոստումը (տես՝ Ղկ. 10,34-35) մեզ ստիպում է մտածել քահանաների ծառայության, բուժաշխատողների և սոցիալական աշխատողների աշխատանքի, հարազատների ու կամավորների նվիրումի մասին, որոնց շնորհիվ բարին ամեն օր և աշխարհի ցանկացած ծայրում դիմադրում է չարին»։

     

    Ըստ Նորին Սրբության խոսքերի, COVID-19 համավարակի տարիները մեծացրեցին մեր երախտագիտությունը նրանց հանդեպ, ովքեր ամեն օր աշխատում են հանուն բարօրության և գիտության, սակայն բացահայտեց նաև հետևյալ սուր հիմնախնդիրները. ամեն մի երկիր պետք է ակտիվորեն փնտրի ռազմավարություններ և ռեսուրսներ՝ «իր քաղաքացիներին հասանելի խնամքն ու առողջապահական հիմնարար իրավունքները երաշխավորելու համար»:

     

    Առակի վերջում Բարի Սամարացին խնդրում է իջևանատիրոջը հոգ տանել հիվանդի մասին (տես՝ Ղկ. 10,35): Հիսուս նույնը կրկնում է նաև մեզանից յուրաքանչյուրին. «Գնացե՛ք և արե՛ք նույնը», – ընդգծում է Նորին Սրբությունը, մեջբերելով Fratelli tutti շրջաբերականի խոսքերը.

     

    «Առակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համակեցությունը վերականգնել այն մարդկանց ջանքերով, ովքեր նկատում են ուրիշների խոցելիությունը և թույլ չեն տալիս մեկուսացած հասարակություն կառուցել, այլ ընդհակառակը, իրենց մերձավորի պես են պահում՝ հանուն ընդհանուր բարօրության բարձրացնելով և օգնելով ընկածներին» (n. 67): Մենք ստեղծված ենք այն լիության համար, որը կարելի է գտնել միայն սիրո մեջ, և մենք չենք կարող անտարբեր լինել տառապանքի հանդեպ, ընդգծում է Սրբազան Քահանայապետը և աղոթում Սուրբ Կույս Մարիամին ու խնդրում Նրա բարեխոսությունը՝ հիվանդների բժշկության և բոլոր նրանց համար, ովքեր խնամում են նրանց:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց