• Եկե՛ք ընտրենք խոնարհության ճանապարհը

    «Կեղծավորությունն ամենամեծ վտանգն է, քանզի այն կարող է ոչնչացնել նույնիսկ ամենասուրբ իրողությունները»:


    Դեկտեմբերի 4-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, խորհրդածեց Մատթեոսի Ավետարանից վերցված մի հատվածի շուրջ, որտեղ նկարագրվում է Հովհաննես Մկրտչի քարոզը Հրեաստանի անապատում:

     

    Գալստյան երկրորդ կիրակի օրվա ծիսական Ավետարանը մեզ է ներկայացնում Հովհաննես Մկրտչի անձը, հիշեցրեց Նորին Սրբությունը. «Եվ ինքը՝ Հովհաննեսը, ուղտի մազից զգեստ ուներ և կաշվե գոտի՝ իր մեջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր» (Մտթ. 3,4) և նա բոլորին դարձի գալու կոչ էր անում. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մտթ. 3,2): Մի խոսքով, նա խիստ և վճռական մարդ է, ով առաջին հայացքից կարող է կոպիտ թվալ և որոշակի վախ ներշնչել։ Ի՞նչու է Եկեղեցին ամեն տարի Հովհաննես Մկրտչին ներկայացնում, որպես Գալստյան շրջանի գլխավոր ուղեկից: Ի՞նչ է ուզում Եկեղեցին ասել այսօր՝ ներկայացնելով Հովհաննեսին:

     

    Մկրտիչը պարզապես խիստ մարդ չէ, նա բառացիորեն «ալերգիա» ունի երկակիությունից, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը, քանզի երբ նրան են մոտենում իրենց կեղծավորությամբ հայտնի փարիսեցիներն ու սադուկեցիները, Հովհաննեսը շատ բուռն է արձագանքում, չէ որ նրանք կարծում էին, որ ապաշխարելու կարիք չունեն, և ի պատասխան Մկրտչի համառ կոչին, իրենց արդարացնում էին՝ ասելով. «Աբրահամը մեր հայրն է» (տես՝ Մտթ. 3,9): «Երկերեսանիության և ամբարտավանության պատճառով նրանք չօգտվեցին շնորհից, նոր կյանք սկսելու հնարավորությունից։ Դրա համար էլ Հովհաննեսն ասում է նրանց. «Այսուհետև ապաշխարության արժանի գործեր կատարեցե՛ք» (Մտթ. 3,8): Կեղծավորությունն ամենամեծ վտանգն է, քանզի այն կարող է ոչնչացնել նույնիսկ ամենասուրբ իրողությունները։ Դրա համար էլ Հովհաննես Մկրտիչը, ինչպես և Հիսուսը, կոպիտ է վարվում կեղծավորների հետ՝ նրանց սթափեցնելու համար»։

     

    «Մի՞թե մենք երբեմն նման չենք այդ փարիսեցիներին», – խորհելու կոչ արեց Նորին Սրբությունը.

     

    «Միգուցե մենք վերևից ենք նայում ուրիշներին՝ մեզ նրանցից լավը համարելով, կյանքում ամեն ինչ վերահսկողության տակ պահելով, կարծելով, որ ամեն օր Աստծո, Եկեղեցու, եղբայրների և քույրերի կարիքը չունենք: Գալստյան շրջանը գեղեցիկ ժամանակահատված է դիմակները հանելու և խոնարհների հետ միասին հերթ կանգնելու համար, որպեսզի ազատվենք ամբարտավանությունից, խոստովանեք մեր մեղքերը և ստանանք Աստծո ներումը, որպեսզի ներողություն խնդրենք նրանցից, ում վիրավորել ենք»:

     

    Այսպես է սկսվում նոր կյանքը, որն ունի միայն մեկ ուղի, որը խոնարհության ճանապարհն է, որի շնորհիվ մենք կազատվենք ամբարտավանությունից և կեղծավորությունից, ուրիշների մեջ կտեսնենք եղբայրներ և քույրեր, ովքեր մեզ նման մեղավորներ են, իսկ Հիսուսի մեջ կտեսնենք Փրկչի, Ով եկավ մեզ համար, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    «Եկե՛ք հիշենք սա. Հիսուսի հետ միշտ կա ամեն ինչ նորից սկսելու հնարավորություն: Երբեք ուշ չէ, միշտ կա ամեն ինչ նորից սկսելու հնարավորություն», – ասաց Նորին Սրբությունը՝ եզրափակելով իր խորհրդածությունը. «Եկե՛ք լսենք Հովհաննես Մկրտչին ու դառնանք դեպի Աստված և թույլ չտանք, որ այս Գալստյան շրջանն անցնի սովորականի նման, քանզի այստեղ և հիմա դա շնորհի ժամանակահատված է մեզ համար: Մարիամը՝ Տիրոջ խոնարհ ծառան, թո՛ղ օգնի մեզ հանդիպելու Հիսուսին և մեր եղբայրներին ու քույրերին մեր խոնարհության ճանապարհին, Ով միակն է, որը մեզ հնարավորություն է տալիս առաջ ընթանալ»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց