2001թ. դեկտեմբերի 7-ին Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ Պապը՝ Գերապայծառ Կլաուդիո Կուջերոթթիին շնորհելով Ռավելլոյի տիտղոսաւոր արքեպիսկոպոսի տիտղոսը՝ նշանակում է Վրաստանի եւ Հայաստանի առաջին առաքելական նուիրակը:
Երկուշաբթի, 20 նոյեմբեր 2022թ. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Արեւելեան Եկեղեցիների Վերատեսչութեան Վերատեսուչ նշանակեց Գերապայծառ Կլաուդիո Կուջերոթթին, ով մինչեւ օրս վարում էր Մեծ Բրիտանիայի Առաքելական Նուիրակի պաշտօնը։ Նա իր նոր պարտականութիւնները կը սկսի յաջորդ տարուայ յունուարի կէսին։
Գերապայծառ Կուջերոթթին կը յաջորդի 79 ամեայ Կարդինալ Լէոնարտօ Սանտրիին, ով այդ պաշտօնը ստանձնել էր 2007թ. յունիսի 9-ից:
Կենսագրական տուեալներ.
Գերապայծառ Կլաուդիո Կուջերոթթին ծնուել է 1955 թուականի հոկտեմբերի 7-ին Իտալիայի Վերոնա քաղաքում: Քահանա է ձեռնադրուել 1982թ. մայիսի 29-ին:
Նա Արեւելեան լեզուների եւ գրականութեան աստիճան ստացել է Վենետիկի «Ca’ Foscari» համալսարանում, ծիսակատարութեան «լիչենցա» ստացել է Քահանայապետական Սուրբ Անսելմոս Համալսարանում, իսկ Արևելեան եկեղեցական գիտութիւնների դոկտորի աստիճանը` Արևելեան Քահանայապետական ինստիտուտում:
1981-1984 թուականներին, Գերապայծառ Կուջերոթթին հայրաբանութիւն է դասաւանդել Վերոնայի Սան Զենօ աստուածաբանական ինստիտուտում, իսկ 1982-1985 թուականներին աստուածաբանութիւն եւ արևելեան պատարագ է դասաւանդել Վերոնայի Համամիութենական հետազօտութիւնների ինստիտուտում:
Արեւելեան Եկեղեցիների Ժողովի մէջ կատարած աշխատանքը
1985թ. Գերապայծառ Կլաուդիո Կուջերոթթին միանում է Հռոմի Քուրիային՝ աշխատելով Արեւելեան Եկեղեցիների Սուրբ Ժողովի ներքոյ:
1997թ. դեկտեմբերի 17-ին դառնում է Ժողովի փոխքարտուղար եւ այդ տարիներին Քահանայապետական Արևելեան ինստիտուտում դասաւանդում է հայրաբանութիւն, մայրենի լեզու եւ գրականութիւն:
Հայաստանում Սուրբ Աթոռի առաջին դեսպան
2001թ. դեկտեմբերի 7-ին Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ Պապը Գերապայծառ Կուջերոթթին նշանակում է Վրաստանի եւ Հայաստանի առաքելական նուիրակ, հանդիսանալով այդ պաշտօնը ստանձնած առաջին Նուիրակը, նրան տալով Ռավելլոյի տիտղոսաւոր արքեպիսկոպոսի տիտղոսը: Մի քանի օր յետոյ, դեկտեմբերի 13-ին, նրան է յանձնում նաեւ Ադրբեջանի առաքելական նուիրակի պաշտօնը։
Գերապայծառ Կուջերոթթին եպիսկոպոսական օծումը ստացել է 2002 թուականի յունուարի 6-ին՝ ձեռամբ Սուրբ Յովհաննէս Պօղոս Քահանայապետի:
Պիելոռուսիայ, Ուկրանիա, Մեծն Բրիտանիա
2011 թուականին Բենեդիկտոս ԺԶ-ը Քահանայապետը նրան նշանակում է Պիելոռուսիայի Առաքելական Նուիրակ:
2015թ նոյեմբերի 13-ին, Ֆրանցիսկոս Սրբազան Պապը նրան յանձնում է Ուկրանիայի առաքելական նուիրակի պաշտօնը եւ 2020թ. յուլիսի 4-ին նրան նշանակում է Մեծ Բրիտանիայի առաքելական նուիրակ։
Հրատարակութիւններ
Գերապայծառ Կուջերոթթին հեղինակ է տարբեր հատորների, որոնց շարքում կարող ենք նշել՝ Ներսէս Լամբրոնացիի միտքը «Զոհաբերութեան բացատրութեան» մէջ, (Փատովա՝ 1991թ.), Գրիգոր Նարեկացիի «Կեանքի ծառ»-ի թարգմանութիւնը հայերէնից (Bose 1994), Հայկական ձեռնադրութեան պատարագը եւ Կիլիկեան դարաշրջանը. Եկեղեցիներու միջև հաղորդութեան աստուածաբանութեան ծիսական արդիւնքները (Հռոմ 2001թ.)։
Վատիկան Նյուզ, հայկական բաժին
Նիւթի յղումը՝ https://www.vaticannews.va/hy/pope/news/2022-11/hy-claudio-gugerotti-papa-prefetto-congregazione-orientale.html