«Միշտ սիրո մեջ մնալ, նույնիսկ չարիքի ու թշնամանքի ժամանակ, համառել բարության մեջ, կոտրել վրեժի պարույրը, զինաթափել բռնությունը, ապառազմականացնել սիրտը»:
Նոյեմբերի 5-ին՝ Բահրեյն առաքելական ացելության երրորդ օրը, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Բահրեյնի Ազգային մարզադաշտում գլխավորեց հանուն խաղաղության և արդարության դիտավորությամբ Սուրբ Պատարագը, որին մասնակցեցին ավելի քան 30 հազար տեղացի հավատացյալներ և ուխտավորներ։
Մեկնաբանելով օրվա ավետարանական ընթերցումը՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Եսայի մարգարեի խոսքերը գալիք Մեսիայի մասին հակասական են թվում. «Մեծ է Նրա իշխանությունը և Նրա խաղաղությունը սահման չունի» (Եսայի 9:7), այս աշխարհում բոլոր նրանք, ովքեր ձգտում են ավելի շատ իշխանության, ավելի մեծ վտանգ են ներկայացնում աշխարհի համար: Սակայն Մեսիայի զորությունը լինելու է մարդկանց հաշտեցումը Աստծո և միմյանց հետ: Քրիստոսի զորությունը սիրո մեջ է, և Նա մեզ հետ կիսվում է այդ զորությամբ. «հանուն Իր անվան սիրել այնպես, ինչպես ինքն է սիրում»՝ ընդմիշտ, անվերապահորեն և նույնիսկ թշնամիներին, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
Մատթեոսի Ավետարանում (5,38-48) Տերը կոչ է անում միշտ սիրել, այսինքն մշտապես մնալ Նրա սիրո մեջ և կիրառել այն ցանկացած իրավիճակում: Սակայն, ընդգծեց Նորին Սրբությունը, Հիսուսի տեսակետը զուրկ է սենտիմենտալությունից, այն կոնկրետ է և իրատեսական։ Տերը բացահայտորեն խոսում է «չար մարդկանց» և «թշնամիների» մասին (տես՝ Մտթ. 5, 38-43): Մարդը թույլ էակ է, չնայած մեր եռանդուն ջանքերին, մենք միշտ չէ, որ ստանում ենք սպասված բարին և երբեմն տառապում ենք չարից, «իշխելու տենչանքից, որը սնվում է կեղեքումով և բռնությամբ, ձգտում է մեծացնել իր տարածքը ուրիշների հաշվին՝ պարտադրելով իր տիրապետությունը, սահմանափակելով հիմնարար ազատությունները և ճնշելով թույլերին»։ Հակամարտություններին, հալածանքներին և թշնամանքին ընդառաջ Հիսուսը զարմանալիորեն «խնդրում է իր ժողովրդին համարձակորեն ռիսկի դիմել հենց այնտեղ, որտեղ թվում է, թե պարտվում են»: Միշտ սիրո մեջ մնալ, նույնիսկ չարիքի ու թշնամանքի ժամանակ, համառել բարության մեջ, կոտրել վրեժի պարույրը, զինաթափել բռնությունը, ապառազմականացնել սիրտը: Պողոս առաքյալը կրկնում է Հիսուսի խոսքերը. «Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմ. 12,21)։ Տիրոջ այս կոչը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, «ամենից առաջ վերաբերում է ոչ թե մարդկության մեծ հարցերին, այլ մեր կյանքի կոնկրետ իրավիճակներին». հարաբերություններ ընտանիքում և քրիստոնեական համայնքում, աշխատավայրում և սոցիալական իրականության մեջ: Հակամարտություններն ու տարաձայնություններն անխուսափելի են, «բայց նրանք, ովքեր հետևում են Խաղաղության Իշխանին, պետք է միշտ ձգտեն խաղաղության», քանզի սա է Քրիստոսի ճանապարհը. ««Փառք տալ երկնային Աստծուն և խաղաղություն կառուցել երկրի վրա»։
Նորին Սրբությունն ընդգծեց, որ Տեր Հիսուսը կոչ է անում մեզ առանց բացառության սիրել բոլորին, այսինքն ոչ միայն մեր ընկերներին, համախոհներին, հարազատներին, հավատակիցներին, մեր ժողովրդի ներկայացուցիչներին։ «Սակայն ի՞նչ կլինի, եթե հեռու գտնվողները դառնան մեր մտերիմները, եթե օտարները, ուրիշները կամ այլ հավատքի մարդիկ դառնան մեր հարևանները» – հարցրեց Սրբազան Քահանայապետը: Բահրեյնը «բազմազանության և մեր ողջ աշխարհի բարիդրացիության կենդանի պատկերն է, որն ավելի ու ավելի է նշանավորվում ժողովուրդների մշտական գաղթով և գաղափարների, սովորույթների և ավանդույթների բազմակարծությամբ»: «Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ որ մաքսավորներն էլ նույնն են անում» – ասում է Հիսուս (Մտթ. 5,46): Եղբայրության իրական մարտահրավերը. սովորել սիրել բոլորին, նույնիսկ թշնամիներին, նշանակում է «թշնամիներ չունենալու և որևէ մեկին խոչընդոտ չհամարելու ընտրություն», այլ բոլորին համարել եղբայրներ և քույրեր՝ սիրով վերաբերվելով նրանց, ընդգծեց Նորին Սրբությունը.
«Սիրել թշնամուն նշանակում է Երկնքի արտացոլանքը երկիր բերել, Երկնային Հոր աչքերն ու սիրտը դարձնել դեպի աշխարհը, Ով կանխակալ չէ, տարբերություններ չի դնում, այլ Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափվում արդարների և մեղավորների վրա» (Մտթ. 5,45):
Հիսուսի սերը զորության մեջ է, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. Տերը մեզ «զորություն է տալիս սիրելու այնպիսի ձևով, որը մեզ գերմարդկային է թվում»։ Սակայն այդ կարողությունը չի կարող լինել միայն մեր սեփական ջանքերի պտուղը, դա շնորհ է, որը պետք է համառորեն խնդրել։ «Քրիստոնյայի համար ամենաանհրաժեշտ բանը Քրիստոսի պես սիրել իմանալն է», և այդ մեծագույն պարգևը մենք գտնում ենք աղոթքի, Աստծո Խոսքի և Սուրբ Հաղորդության մեջ: Այդ ժամանակ աստիճանաբար մեր սրտի պատնեշները փլուզվում են, մենք ուրախություն ենք գտնում բոլորի հանդեպ ողորմության գործերում և հասկանում, որ օրհնված կյանքը խաղաղարար դառնալն է (տես՝ Մտթ. 5,9):
Քարոզի ավարտին Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց տեղի քրիստոնյաներին և հարևան երկրներից ժամանած ուխտավորներին եղբայրության, սիրո և խաղաղության խոնարհ ու ուրախ վկայության համար.
«Ձեզ եմ փոխանցում Ընդհանրական Եկեղեցու սերն ու մոտիկությունը, որը նայում է ձեզ, գրկում, սիրում և քաջալերում։ Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը, Արաբիայի Տիրամայրը, ուղեկցի ձեզ ձեր ճանապարհին և միշտ սիրո մեջ պահի բոլորի հանդեպ»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը