• Վերընթերցենք մեր կյանքի պատմությունը՝ Քրիստոսին բացահայտելու համար

    «Մարդը, ով չգիտի իր անցյալը, դատապարտված է կրկնելու այն»:


    Հոկտեմբերի 19-ի ընդհանուր ունկնուդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը հոգևոր ճանաչողության վերաբերյալ և խոսեց մի շատ կարևոր տարրի՝ մեր անձնական կյանքի պատմության մասին:

     

    Յուրաքանչյուր մարդու կյանք մի ամբողջական «գիրք» է՝ արժեքավոր իր յուրահատկությամբ, ցավոք, ընդգծեց Նորին Սրբությունը, շատերն այն չեն կարդում կամ անում են շատ ուշ՝ մահից առաջ։ Սակայն այնուամենայնիվ, հենց այս գրքում կարելի է գտնել այն, ինչն անօգուտ է փնտրել այլ եղանակներով: Սուրբ Օգոստինոսը՝ ճշմարտության մեծ որոնողը, պարզ հասկացավ դա և վերընթերցեց իր կյանքն ու հայտնաբերեց Տիրոջ ներկայության հանգիստ ու աննկատ, բայց հստակ քայլերը։ Այս ճանապարհորդության ավարտին նա զարմանքով նկատեց. «Դու իմ մեջ էիր, իսկ ես դրսում էի և այնտեղ էի փնտրում Քեզ: Ես ՝ անգետս, ներխուժեցի Քո ստեղծած այս գեղեցիկ աշխարհը: Դու ինձ հետ էիր, ես քեզ հետ չէի» (Խոստովանանք X, 27.38): Հենց այսպես էլ առաջացավ ներքին կյանքը մշակելու նրա կոչը՝ գտնելու համար այն, ինչ փնտրում ենք. «Կենտրոնացիր ինքդ քո մեջ, քանզի ճշմարտությունն ապրում է ներքին մարդու մեջ» (Ճշմարիտ կրոնի մասին, XXXIX, 72):

     

    Մենք հաճախ ենք վերապրում Օգոստինոսի այս փորձառությունը, երբ համակվում ենք մտքերով, որոնք մեր մեջ անորոշություն են սերմանում և հողն այլևս չենք զգում մեր ոտքերի տակ, երբ ինքներս մեզ ասում ենք. «Ես ոչ մի արժեք չունեմ», «Ինձ մոտ ամեն ինչ սխալ է ընթանում», «Ես երբեք ոչ մի լավ բանի չեմ հասնի» և այլն։ Կարդալ մեր սեփական կյաքնի պատմությունը, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը, նշանակում է ընդունել այդպիսի «թունավոր» տարրերի առկայությունը, բայց հետո ընդլայնել մեր պատմության սյուժեն, սովորել նկատել այլ բաներ, դարձնել այն ավելի հարուստ՝ գիտակցելով դրա բարդությունը, ինչպես նաև կարողանալ ըմբռնել այն աննկատ միջոցները, որոնցով Աստված գործում է մեր կյանքում:

     

    Մենք տեսանք, որ ճանաչողությունն իր բնույթով պատմողական է. «Այն կանգ չի առնում կոնկրետ գործողության վրա, այլ դիտարկում է ընդհանուր համատեքստում. Որտեղի՞ց ի հայտ եկավ այդ միտքը: Ու՞ր այն ինձ կտանի: Ե՞րբ եմ ես առնչվել նրա հետ նախկինում: Ինչու՞ է նա ավելի համառ, քան մյուսները», – պարզաբանեց Նորին Սրբությունը:

     

    Մեր կյանքի իրադարձությունների այս շարադրանքը նաև թույլ է տալիս մեզ նկատել կարևոր նրբերանգներն ու մանրամասնությունները, որոնք կարող են լինել մինչ այժմ թաքնված արժեքավոր հուշումներ, շարունակեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Ինչ-որ ընթերցանություն, ինչ-որ մեկին մատուցված ծառայություն, ինչ-որ մեկի հետ հանդիպում. այն ամենը, ինչը թվում էր ինչ-որ անկարևոր բան է, ժամանակի ընթացքում խաղաղություն է ներշնչում մեզ, բերկրանք պարգևում կյանքին և հուշում հետագա բարի նախձեռնությունների մասին: Անհրաժեշտ է կանգ առնել ու հասկանալ, թե ինչի համար է այս ամենը. սա այն թաքնված թանկարժեք մարգարիտները հավաքելու աշխատանքն է, որ Տերը ցանել է մեր հողում: Բարին լուռ թաքնված է և պահանջում է դանդաղ ու շարունակական փորում։ Քանի որ Աստված գործում է զսպվածությամբ և ոչինչ չի պարտադրում: Աստված նման է այն օդին, որը մենք շնչում ենք, մենք այն չենք տեսնում, սակայն այն մեզ թույլ է տալիս ապրել, և մենք միայն այն ժամանակ ենք նկատում նրան, երբ դրա պակասն ունենք»։

     

    Սեփական կյանքը վերընթերցելու սովորությունը դաստիարակում է մեզ, սրում մեր հայացքը և թույլ տալիս նկատել այն փոքրիկ հրաշքները, որոնք բարի Տերն ամեն օր գործում է մեզ համար, ասաց Նորին Սրբությունը: Երբ մենք ուշադիր ենք, ապա այդ ժամանակ նկատում ենք այլ հնարավոր ուղիներ ևս, որոնք ամրապնդում են մեր ներքին ճաշակը, խաղաղությունը և ստեղծագործական ունակությունները: Ամենից առաջ դա մեզ ազատում է թունավոր կարծրատիպերից։ Իմաստուն խոսքն ասում է, որ այն մարդը, ով չգիտի իր անցյալը, դատապարտված է կրկնելու այն:

     

    «Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, թե արդյո՞ք մենք որևէ մեկին պատմել ենք մեր կյանքի մասին» – կոչ արեց Սրբազան Քահանայապետը և պարզաբանեց. քանի որ դա ամենագեղեցիկ ու մտերմացնող շփումնեից մեկն է: Այն թույլ է տալիս բացահայտել մինչ այժմ անհայտ, փոքրիկ ու հասարակ բաները, սակայն, ինչպես Ավետարանում է ասվում, փոքրից է ծնվում մեծը (տես՝ Ղկ. 16,10):

     

    Կարդալով սրբերի կյանքը՝ մենք սովորում ենք ճանաչել Աստծո գործերը և ծանոթանալ Նրա գործելաոճին: Սրբերի վարքագիծը մարտահրավեր է նետում մեզ, առաջ բերում նոր մտքեր և հնարավորություններ, ինչպես եղավ, օրինակ, Սբ. Իգնատիոս դե Լոյոլայի հետ. «Փորձառության շնորհիվ նա եզրակացրեց, որ որոշ մտքեր իրեն տխրություն են պատճառում, իսկ մյուսները՝ ուրախություն, և կամաց-կամաց նա սովորեց հասկանալ ոգիների բազմազանությունը, որոնք անհանգստացնում էին իրեն» (Ինքնակենսագրություն, 8):

     

    Իր խորհրդածության ավարտին՝ Նորին Սրբությունն ասաց.

     

    «Ճանաչողությունը մեր ապրած կյանքի ուրախությունների և տխրությունների, մխիթարությունների և հիասթափությունների պատմողական ընթերցումն է: Հենց սիրտն է մեզ հետ խոսում Աստծո մասին, և մենք պետք է սովորենք հասկանալ նրա լեզուն»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց