• «Տէ՛ր, ո՞վ եմ ես».Բարձրշ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի զատկական քարոզը Գիւմրիում (նաեւ՝ video)

    «Տէ՛ր, ո՞վ եմ ես».Բարձրշ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի զատկական քարոզը Գիւմրիում (նաեւ՝ video)


    Բարձրշ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը Սբ. Հարութեան Սբ. Պատարագը մատուցեց Գիւմրիում, ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայեանի խնդրանքով: Ներկայացնում եմ Սրբազան Հօր քարոզի տեքստը եւ տեսաձայնագրութիւնը:

    «Ուրախութիւն է, որ ասյօր տօնում ենք, վայելում ենք Քրիստոսի Հարութիւնը, բայց չմոռանանք, որ ամբողջ Սուրբ Շաբաթը զգացինք եւ, թերեւս, ըմբռնեցինք այն բոլոր ցաւերը, չարչարանքները, հալածանքը, որ կրեց Քրիստոս մեզ համար: Քրիստոս իր գերագոյն սէրը յայտնեց մեր հանդէպ՝ մինչեւ մահը Խաչի վրայ: Ամէն ինչ նուիրեց մեզ, որպէսզի մենք վայելենք այն ուրախութիւնը, որ Ինքը, որպէս Աստուած, հարութիւն առաւ եւ մեզ ցոյց տուեց, թէ ա՛յս է ճանապարհը, որով պիտի անցնենք: Մեր կեանքը պէտք է ունենայ իր ելեւէջները, դժուարութիւնները, ցաւերը, հալածանքները, բամբասանքները, բայց պէ՛տք է ունենանք այն պատկերը, որ Քրիստոս առաւ Ինքն Իր վրայ: Մենք այսօր, երբ նայում ենք Խաչին, տեսնում ենք Հարութիւնը եւ վայելում ենք Հարութեան յիշատակը: Այսպէս էին նաեւ մեր բոլոր հայրերը, պապերը, որոնք Ցեղասպանութեան ժամանակ Խաչի մէջ ունէին Քրիստոսի՝ մեզ պատուիրելիք Հարութիւնը… Մենք գիտե՛նք, գիտակի՛ց ենք այն փառքին, որն Աստուած մեզ խոստացել է, բայց պէտք է կարողանանք հաւատարի՛մ մնալ Տիրոջը…Այս կէտի մէջ է, որ այսօր ուզում եմ այս խորհրդակցութիւնը անել եւ մտածել, թէ որքանով ենք համապատասխանում այս մեծ շնորհքին, որ Քրիստոս մեզ տուեց Իր Հարութեամբ: Քրիստոսի աշակերտներից ո՞ր մէկն եմ ես, Յուդա՞ն, Պետրո՞սը, միւս աշակերտնե՞րը, որ փախան, ո՞ր մէկն եմ ես: Քանի՛ անգամներ իմ կեանքում դաւաճանել եմ Քրիստոսին, Ինքը ինձ տուեց սէր, զոհողութիւն, ես Իրեն պատասխանեցի դաւաճանութեամբ, ես փախայ, ես մոռացայ, ես չուզեցի Իրեն հանդիպել, ես մեղանչեցի, չուզեցի զղջալ, ես անհաւատ եմ, չուզեցի հաւատալ, ինչպէս Էմմաւուսի այն երկու աշակերտները, որոնք յուսահատ գնում էին դէպի իրենց տները, եւ ճանապարհին Քրիստոս նրանց հետ քայլում էր ծպտեալ: Ունենա՛նք այդ ազնւութիւնը, սիրելի՛ հաւատացեալնե՛ր, դու՛ք եւ ե՛ս, ամէ՛նքս, որպեսզի Քրիստոսի խորանի առջեւ կագնած ասենք.«Տէ՛ր, ո՞վ եմ ես: Տու՛ր ինձ այն շնորհքը, այն ուժը, որ ես կարողանամ հաւատարիմ մնալ, գոնէ, նուազագոյնը Պետրոս առաքեալի նման, երբ մեղանչեմ, յիշեմ, լամ եւ վերադառնամ, պայքարեմ, վկայեմ Քո ինձ տուած սիրոյ մասին, կնքեմ ամենօրեայ կեանքիս քայլերով, որոնք ինձ պէտք է առաջնորդեն դէպի Քեզ, որպէսզի հասնեմ այն ուրախութեան, որ այսօր վայելում ենք Քո Հարութեամբ եւ որպէսզի ես Հարութիւն առնեմ Քո մէջ՝ այսօրուայ կեանքում, երբ հաղթեմ իմ ցանկութիւններին, իմ բոլոր չարութիւններին, երբ կարողանամ պայքարել բոլոր ախտերիս դէմ, նման այն հիւանդին, որի ամբողջ մարմինը բորոտած է…թերեւս իմ հոգին էլ նոյն վիճակում է…եւ կարողանամ քայլ առ քայլ առաջանալ դէպի Քեզ եւ Դու ինձ բուժես ինչպէս բուժեցիր այն հիւանդներին, բորոտներին… Սիրելի՛ հաւատացեալներ, մենք շատ անգամ մտածում ենք, որ արդեն եկեղեցի գնալով մեր պարտականութիւնը կատարել ենք, իսկ մնացածը երկրորդական է: Ապրում ենք այնպիսի մի կեանք, որը վայել չէ «քրիստոնեայ» կոչել: Ասում ենք.«կիրակի օրը գնում եմ եկեղեցի, Հաղորդութիւն ստանում եմ, խոստովանում եմ, արձակումը ստանում եմ եւ նորից ու նորից շարունակում եմ կեանքս այնպէս ինչպէս որ ե՛ս եմ ուզում եւ ոչ ինչպէս Քրիստո՛ս է ուզում ինձնից»: Այս տարի բացառիկ տարի է մեզ համար, որովհետեւ Քրիստոսի Հարութեամբ պէտք է յիշենք, որ մենք՝ հայերս, հարութիւն ենք առել այն թշնամու դէմ, որ ուզեց բնաջնջել մեզ եւ քրիստոնէութիւնը… եւ պարտուեց, որովհետեւ մենք դեռ կանք: Բայց բաւական չէ, որ մենք դեռ կանք.պէտք է ունենանք հաւատքը, ուժը, կարողութիւնը եւ վճռականութիւնը՝ ապրելու քրիստոնէավայել կեանքով: Յուսով եմ, որ այս մի քանի բառերով, որ տանում էք ձեր մտքերում, կկարողանաք վկայել բացականերին, որ իրենք իրենց հերթին յիշեն, որ քրիստոնեայ ազգի զաւակներ են, որ բաւական չէ միայն անունը ունենալ, այլ՝ ապրումը եւ վկայութիւնը: Կարիքը չկայ, որ հալածանքն լինի, որպէսզի ասենք՝ «մենք քրիստենայ ենք, եկէ՛ք մեր վիզը կտրէք», ո՛չ, մենք քրիստոնեայ ենք, եւ ապրում ենք որպէս քրիստոնեաներ, դա՛ է մեր նպատակը, դա՛ է մեր ինքնութիւնը…»:

     

     

Օրացույց

Օրացույց