• Հոգևոր կյանքն ունի իր «գաղտնաբառը»

    «Աղոթքը և ինքնաճանաչումը թույլ են տալիս մեզ աճել ազատության մեջ»:


    Հոկտեմբերի 5-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը հոգևոր ճանաչողության վերաբերյալ և խոսեց ինքնաճանաչության մասին, որն իր մեջ ներառում է «մարդկային հետևյալ կարողությունները՝ հիշողություն, բանականություն, կամք և զգացմունքներ»:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ ճշմարիտ ճանաչողության և «աղոթքի մեջ իրական աճի» ամենամեծ խոչընդոտն այն փաստն է, որ «մենք ինքներս մեզ բավարար չափով չենք ճանաչում և նույնիսկ չենք ուզում մեզ ճանաչել այնպիսին, ինչպիսին որ կանք իրականում»: Մեր կյանքում Աստծո ներկայության մոռացությունը փոխկապակցված է մեր անձի, անձնական հատկությունների և ամենանվիրական ցանկությունների մասին անտեղյակության հետ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: «Մեր անձի ճանաչումն այնքան էլ դժվար չէ, սակայն հոգնեցուցիչ է». պահանջում է համբերատար ներքին հետազոտություն, ձգձգելու և «ավտոպիլոտն անջատելու» կարողություն՝ մեր վարքագիծը, զգացմունքները և կրկնվող մտքերը հասկանալու համար: Անհրաժեշտ է տարբերակել զգացմունքները հոգևոր ունակություններից, քանի որ զգացմունքները չեն կարող համոզմունքներ լինել, իսկ կարծիքները՝ ցանկություններ: Մեր պատկերացումները մեր և իրականության մասին երբեմն խեղաթյուրված են, մասամբ՝ անցյալի փորձառության վրա հիմնված սխալ համոզմունքների պատճառով, որոնք ուժեղ ազդեցություն են ունենում և սահմանափակում «այն ամենի ազատ ընտրությունն, ինչ իսկապես կարևոր է», – ասաց Նորին Սրբությունը:

     

    «Ապրելով տեղեկատվական տեխնոլոգիաների դարում՝ մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է ծրագրերի գաղտնաբառերի իմացությունը, որտեղ պահվում են մեր անձնական արժեքավոր տեղեկությունները: Հոգևոր կյանքն էլ ունի իր «գաղտնաբառը», քանզի կան բառեր, որոնք դիպչում են սրտին: Սատանան լավ գիտի այդ առանցքային բառերը, և կարևոր է, որ մենք էլ իմանանք, որպեսզի չհայտնվենք այնտեղ, որտեղ չենք ուզում լինել»:

     

    Ըստ Սրբազան Քահանայապետի, նման գայթակղությունը պարտադիր չէ, որ վատ բան առաջարկի. «Հաճախ դրանք խառնաշփոթ բաներ են, որոնց չափազանց մեծ նշանակություն է տրվում»: Այս գեղեցիկ, սակայն պատրանքային իրերը հիպնոսացնող գրավչություն ունեն, սակայն չեն կարողանում կատարել այն, ինչ խոստանում են՝ արդյունքում թողնելով դատարկություն ու տխրություն: Դա կարող է լինել գիտական կոչում, պաշտոն, փոխհարաբերություններ. ցանկացած բան, որն ինքնին գովելի է, սակայն եթե նրանց նկատմամբ մեր վերաբերմունքում մենք ազատ չենք, ապա «մենք ռիսկի ենք դիմում կրել անիրատեսական ակնկալիքներ, ինչպիսին է մեր սեփական արժեքի հաստատումը»: Այս թյուրըմբռնումը հաճախ ստիպում է մարդուն խորապես տառապել, «քանի որ այս բաներից ոչ մեկը չի կարող երաշխավորել մեր արժանապատվությունը»։

     

    Այդ իսկ պատճառով, ընդգծեց Նորին Սրբությունը, ինքնաճանաչումը շատ կարևոր է, պետք է անգիր իմանալ «մեր սրտի գաղտնաբառերը»՝ չարից պաշտպանվելու և ամենակարևորը ճանաչելու համար, որի շնորհիվ էլ դրանք կտարբերակենք ժամանակակից նորաձևությունից կամ էլ գեղեցիկ կարգախոսերից:

     

    Այս հարցում շատ արդյունավետ է խղճի քննումը, այսինքն՝ անցած օրվա իրադարձությունները հիշողության մեջ հանգիստ վերլուծելու լավ սովորությունը և ընդունված որոշումներին գնահատական տալը. կոնկրետ ինչին ենք մենք մեծ կարևորություն տվել, ինչին և ինչու ենք ձգտել, և արդդյունքում ինչ ենք ձեռք բերել: «Ամենից առաջ մենք պետք է սովորենք ճանաչել այն, ինչը սնուցում, հագեցնում է սիրտը», քանի որ միայն Տերը կարող է հաստատել, թե իրականում որքան արժեքավոր ենք մենք, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Հիսուսն ամեն օր այդ մասին է Խաչից մեզ ասում. Նա մահացավ մեզ համար՝ ցույց տալով, թե որքան արժեքավոր ենք մենք Իր աչքում: Չկան այնպիսի խոչընդոտներ կամ ձախողումներ, որոնք կարող են խանգարել Նրա քնքուշ գրկախառնությանը: <…> Աղոթքը և ինքնաճանաչումը թույլ են տալիս մեզ աճել ազատության մեջ: Սրանք են քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը. արժեքավոր տարրեր կյանքում սեփական տեղը փնտրելու և գտնելու համար»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց