• Ղազախստանը` քաղաքակրթության և խիզախության օրինակ

    «Մի աշխարհում, որտեղ առաջընթացն ու հետընթացը փոխկապակցված են, Քրիստոսի Խաչը միշտ մնում է փրկության խարիսխը. հույսի նշան, որը չի հիասթափեցնում, քանի որ այն հիմնված է ողորմած և հավատարիմ Աստծո սիրո վրա»:


    Սեպտեմբերի 21-ի առավոտյան Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ընդհանուր ունկնդրության ժամանակ խոսեց դեպի Ղազախստանի Հանրապետություն իր առաքելական այցի արդյունքների մասին:

     

    Դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր ուխտավորներին՝ Նորին Սրբությունն ասաց հետևյալը.

     

    «Անցած շաբաթ՝ երեքշաբթիից հինգշաբթի, ես այցելեցի Ղազախստան՝ հսկայական երկիր Կենտրոնական Ասիայում, «Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների VII համաժողովին» մասնակցելու համար: Ես մեկ անգամ ևս իմ երախտագիտությունն եմ հայտնում Հանրապետության Նախագահին և Ղազախստանի մյուս իշխանավորներին՝ ինձ ցուցաբերված ջերմ ընդունելության և կազմակերպչական աշխատանքներում ցուցաբերած առատաձեռն ջանասիրության համար։ Ես նաև անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում եպիսկոպոսներին և ողջ անձնակազմին կատարած մեծ աշխատանքի և հատկապես այն ուրախության համար, որ ինձ նրանց հանդիպելու և բոլորին միասին տեսնելու հնարավորություն տրվեց:

     

    Ինչպես արդեն ասացի, ճամփորդության հիմնական պատճառը «Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների VII համաժողովին» մասնակցելն էր։ Այս նախաձեռնությունն արդեն քսան տարի է, ինչ իրականացվում է երկրի իշխանությունների կողմից, որն աշխարհին ներկայանում է որպես հանդիպման և երկխոսության վայր, այս դեպքում՝ կրոնական մակարդակով, և, հետևաբար, որպես գլխավոր դերակատար խաղաղության և մարդկային եղբայրության խթանման գործում: Սա յոթերորդ անընդմեջ համագումարն էր։ 30-ամյա անկախություն ունեցող երկիրն արդեն անցկացրել է յոթ նման համագումար, այն տեղի է ունենում երեք տարին մեկ։ Այլ կերպ ասած, այն կրոնների շնորհիվ ստեղծեց մի աշխարհ, որտեղ միմյանց լսում և հարգում են բազմազանության մեջ: Սա հարաբերականություն չէ, այլ լսելու և հարգելու կարողություն: Սա Ղազախստանի կառավարության արժանիքն է, որն ազատվելով անաստվածության ​​ռեժիմի լծից, այժմ առաջարկում է քաղաքակրթության ուղի, որը միավորում է քաղաքականությունն ու կրոնը՝ չխառնելով կամ տարանջատելով դրանք՝ միանշանակ դատապարտելով արմատականությունն ու ծայրահեղականությունը։ Սա միասնության հավասարակշռված դիրքորոշումն է։

     

    Համաժողովը քննարկել և հաստատել է Եզրափակիչ հռչակագիրը, որը համահունչ է 2019թ. փետրվարին Աբու Դաբիում ստորագրված Մարդկային եղբայրության հռչակագրին։ Ես սիրում եմ այս քայլը մեկնաբանել որպես երկար ճանապարհորդության պտուղ. բնականաբար, ես մտածում եմ 1986թ. Ասսիզիում Սբ. Հովհաննես Պողոս II գումարած պատմական միջկրոնական խաղաղության ժողովի մասին, որը քննադատում էին կարճատես մարդիկ: Ես մտածում եմ Սբ. Հովհաննես XXIII և Պողոս VI, ինչպես նաև այլ կրոնների մեծ ոգեշնչողների հեռատեսության մասին, ինչպիսին է Մահաթմա Գանդին: Սակայն ինչպե՞ս կարելի է չհիշել բոլոր տարիքի, լեզուների և ժողովուրդների տղամարդկանց ու կանանց մեծաթիվ նահատակներին, ովքեր իրենց կյանքով վճարեցին խաղաղության և եղբայրության Աստծուն հավատարմության համար: Մենք գիտենք, որ հանդիսավոր պահերը կարևոր են, սակայն հենց ամենօրյա պարտավորություններն ու կոնկրետ վկայություններ են, որ կառուցում են ավելի լավ աշխարհ բոլորիս համար:

     

    Բացի համաժողովից, այս ճամփորդությունն ինձ հնարավորություն տվեց ծանոթանալու Ղազախստանի իշխանությունների և այդ երկրի հողի վրա ապրող Եկեղեցու հետ։

     

    Հանրապետության նախագահին այցելելուց հետո, ում ևս մեկ անգամ երախտապարտ եմ բարության համար, գնացինք նոր համերգասրահ, որտեղ կարողացա շփվել մարզպետների, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների հետ։ Ես ընդգծեցի Ղազախստանի՝ հանդիպման վայր լինելու կոչումը, քանի որ այստեղ գոյակցում են մոտ հարյուր հիսուն էթնիկ խմբեր, որոնք խոսում են ավելի քան ութսուն լեզուներով։ Աշխարհագրական և պատմական առանձնահատկություններով հիմնավորված այդ կոչումը, որը հանդիպումների, մշակույթների, լեզուների երկիր լինելու կոչում է, ընդունվել և ընկալվել է որպես խրախուսանքի և աջակցության արժանի ուղի: Ես նաև հույս հայտնեցի, որ ավելի հասուն ժողովրդավարության կառուցումը շարունակական կլինի, որը կարող է արդյունավետորեն արձագանքել ամբողջ հասարակության կարիքներին։ Դա ժամանակ պահանջող դժվարին գործընթաց է, սակայն պետք է նշել, որ Ղազախստանը չափազանց դրական ընտրություններ է կատարել, ինչպիսիք են միջուկային զենքից հրաժարվելը և էներգետիկ ու բնապահպանական առաքինի քաղաքականություն վարելը: Դա համարձակ քայլ էր։ Այն ժամանակ, երբ ներկայիս ողբերգական պատերազմը ոմանց ստիպում է մտածել միջուկային զենքի մասին, որն իսկական խելագարություն է, Ղազախստանն ի սկզբանե «ոչ» է ասում միջուկային զենքին:

     

    Ինչ վերաբերում է Եկեղեցուն, ապա ես ուրախ էի հանդիպել ուրախ, երջանիկ, խանդավառ մարդկանց համայնքի հետ: Այս հսկայական երկրում կաթողիկէները շատ քիչ են: Սակայն հավատքով ապրած այդ իրականությունն ավետարանական պտուղներ կարող է տալ. ամենից առաջ խոսքը վերաբերում է փոքրության երանությանը, որպեսզի միայն Տիրոջն ապավինելով լինեն թթխմոր, աղ ու լույս: Ավելին, փոքրաթիվ լինելը խրախուսում է այլ դավանանքների քրիստոնյաների հետ հարաբերությունների և բոլորի հետ եղբայրության զարգացումը: Այսպիսով, սա մի փոքր հոտ է, որն իրեն չի պաշտպանում, սակայն անկեղծորեն վստահում է Սուրբ Հոգու ներգործությանը, որն ազատորեն փչում է ամենուր, ասաց Նորին Սրբությունը և հիշատակեց Աստծո Սուրբ Ժողովրդի նահատակներին, ովքեր տասնամյակներ շարունակ տառապել են աթեիստական ​​ճնշումների պատճառով:

     

    Այս փոքրիկ, բայց ուրախ հոտի հետ մենք Սուրբ Պատարագ մատուցեցինք Նուր-Սուլթանում՝ EXPO-2017 ցուցահանդեսային համալիրի տարածքում՝ շրջապատված ժամանակակից ճարտարապետությամբ։ Սուրբ Խաչի տոնն էր, և հենց դա մեզ ստիպում է մտածել, որ «մի աշխարհում, որտեղ առաջընթացն ու հետընթացը փոխկապակցված են, Քրիստոսի Խաչը միշտ մնում է փրկության խարիսխը. հույսի նշան, որը չի հիասթափեցնում, քանի որ այն հիմնված է ողորմած և հավատարիմ Աստծո սիրո վրա: Մենք շնորհակալություն ենք հայտնում Նրան այս ճամփորդության համար և աղոթում, որ այն առատ պտուղներ տա Ղազախստանի ապագայի և այս երկրի ուխտավոր Եկեղեցու կյանքի համար: Շնորհակալություն»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց