«Լինել հոգով աղքատ և հարուստ փոխադարձ սիրով»։
Սեպտեմբերի 18-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, սկսեց խորհրդածել օրվա ավետարանական ընթերցման շուրջ, որտեղ պատմվում է անիրավ տնտեսի մասին (Ղկ. 16,1-13): Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ այս հատվածը դժվարությամբ է ընկալվում և կոչ արեց հավատացյալներին հարց տալ. ի՞նչ է ուզում Հիսուս մեզ ասել այս առակով:
«Մենք տեսնում ենք, որ անիրավ տնտեսը դժբախտության մեջ է, քանի որ նա օգտվել է իր տիրոջ ունեցվածքից, իսկ հիմա պետք է նրան զեկուցի ու կորցնի աշխատանքը։ Սակայն նա չի հանձնվում, չի համակերպվում իր ճակատագրի հետ և իրեն զոհի տեղ չի դնում, այլ ընդհակառակը, նա գործում է խելացի, լուծում է փնտրում և հնարամտություն ցուցաբերում», – հիշեցրեց Նորին Սրբությունը: Հիսուսն այս առակի միջոցով խրախուսում է մեզ մտորել. «Այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ» (Ղկ. 16, 8): Նրանք, ովքեր քայլում են խավարի մեջ, այսինքն՝ ապրում են աշխարհիկ չափանիշներով, կարողանում են հաղթահարել նույնիսկ դժվարին իրավիճակները, քանի որ նրանք ավելի խորամանկ են, քան մյուսները: Մինչդեռ մենք՝ Հիսուսի աշակերտներս, միամիտ ենք, չենք կարողանում նախաձեռնող լինել՝ դժվարություններից ելք գտնելու համար, հուսահատվում ենք և մեզ զոհ զգում, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը. «Տերը ցանկանում է, որ մենք ավետարանական իմաստով լինենք խելացի, զգոն և ուշադիր, ճիշտ գնահատենք իրականությունը, լինենք ստեղծագործ մեր և ուրիշների համար ճիշտ լուծումներ փնտրելիս»:
Տնտեսի խորամանկությունն այն էր, որ նա որոշեց զեղչեր անել պարտապաններին և ընկերանալ նրանց հետ՝ հույս ունենալով, որ նրանք կօգնեն, երբ սեփականատերն իրեն ազատի աշխատանքից։ Այդ նպատակն իրագործելու համար նա օգտագործում է տիրոջ հարստությունը, այսինքն՝ շարունակում է գողանալ։ Այստեղ Հիսուս մեզ դաս է տալիս, թե ինչպես օգտագործել նյութական բարիքները. «Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղկ. 16, 9): Այսինքն, հավիտենական կյանք ժառանգելու համար պետք չէ կուտակել այս աշխարհի բարիքները, այլ կարևոր է այն սերը, որի շնորհիվ մենք ունենում ենք եղբայրական հարաբերություններ, պարզաբանեց Նորին Սրբությունը. «Հենց սա է Հիսուսի կոչը. Այս աշխարհի բարիքները մի օգտագործեք միայն ձեզ համար, դա եսասիրություն է, այլ օգտագործեք դրանք բարեկամության, լավ հարաբերությունների, ողորմածության գործերի, եղբայրության և ամենաթույլների մասին հոգ տանելու համար»:
Շարունակելով իր խորհրդածությունը՝ Սրբազան Քահանայապետն ասաց, որ ժամանակակից աշխարհում ևս կան կաշառակերության մասին նման պատմություններ. անազնիվ պահվածք, անարդար քաղաքականություն, եսասիրություն: Այնուամենայնիվ, մեզ՝ քրիստոնյաներիս, չի թույլատրվում հուսալքվել կամ, ավելի վատ, անտարբեր լինել և ամեն ինչ ինքնահոսի մատնել։ Ընդհակառակը, մենք կոչված ենք ստեղծագործ լինելու բարիք գործելիս, խոհեմությամբ և ավետարանական հնարամտությամբ օգտագործելու այս աշխարհի բարիքները՝ ոչ միայն նյութական, այլ Աստծուց ստացած բոլոր պարգևները, ընդորում ոչ թե մեր հարստացման, այլ եղբայրական սիրո և սոցիալական բարեկամության համար:
Իր խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը կոչ արեց քրիստոնյաներին ընդօրինակել Սուրբ Կույս Մարիամին. «Լինել հոգով աղքատ և հարուստ փոխադարձ սիրով»։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը