• Ճանաչողությունը թույլ է տալիս տեսնել ճակատագրական նշանները

    «Աստծո մասին մտքերը սկզբում դիմադրություն են առաջացնում, սակայն երբ դրանք ընդունվում են, բերում են մինչ այժմ անհայտ, կայուն խաղաղություն»:


    Սեպտեմբերի 7-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը հոգևոր ճանաչողության վերաբերյալ և այս անգամ խոսեց Սբ. Իգնատիոս Լոյոլայի կյանքի փորձի մասին, որն «ամենաուսանելի օրինակներից մեկն է»:

     

    Դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորներին՝ Նորին Սրբությունը հիշեցրեց Հիսուսյան Միաբանության հիմնադիր՝ Սբ. Իգնատիոս Լոյոլայի կյանքի «վճռական դրվագի» մասին. Իգնատիոսը տանն էր, բուժում էր մարտում վիրավորված ոտքը, և ձանձրույթը ցրելու համար որոշեց ինչ-որ բան կարդալ։ Նա սիրում էր ասպետական ​​վեպեր, սակայն տանը նման վեպ չուներ, և նա ստիպված էր կարդալ այն, ինչ ուներ ձեռքի տակ՝ սրբերի կյանքը: Սրբակյաց Ֆրանցիսկոսն ու Դոմինիկը հմայեցին նրան և նրանց ընդօրինակելու ցանկություն առաջացրին, սակայն փառավոր ասպետության աշխարհը նրան ոչ պակաս էր գրավում: Եվ այնուամենայնիվ, տարբերություններ կային, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Իր ինքնակենսագրության մեջ (երրորդ դեմքով) Իգնատիոսը գրում է. «Աշխարհիկ բաների մասին մտածելով՝ նա մեծագույն հաճույք էր ստանում, սակայն երբ հոգնածության պատճառով թողնում էր այդ մտքերը, զգում էր ձանձրույթ ու դժգոհություն: Երբ նա մտածում էր ոտաբոբիկ Երուսաղեմ գնալու, միայն խոտաբույսերով սնվելու և ապաշխարության մնացած բոլոր արարքները կատարելու մասին, որոնք, ինչպես նա տեսնում էր, արել էին սրբերը, ապա մխիթարվում էր, սակայն նա հաճույք էր զգում, երբ երկար խորհում էր այդ մասին, նույնիսկ երբ այդ մտքերը դադարում էին պտտվել իր գլխում, նա մնում էր գոհ և ուրախ»:

     

    Նորին Սրբությունը Սբ. Իգնատիոսի այս փորձառության մեջ առանձնացրեց երկու կարևոր ասպեկտ, և դրանցից առաջինը ժամանակն է. աշխարհիկ մտքերը սկզբում գրավիչ են, բայց ի վերջո կորցնում են իրենց փայլը՝ մարդուն թողնելով ունայնացած և դժգոհ: «Աստծո մասին մտքերը սկզբում դիմադրություն են առաջացնում, սակայն երբ դրանք ընդունվում են, բերում են մինչ այժմ անհայտ, կայուն խաղաղություն»:

     

    Կա ևս մեկ ասպեկտ, որին հանգեցնում են մտորումները: Այդ ժամանակ տեղի է ունենում խորաթափանցության, ճանաչողության զարգացում. մենք հասկանում ենք, որ մեզ համար բարեկեցություն կա, և ոչ թե վերացական, այլ՝ մեր կյանքի կոնկրետ ճանապարհին: Սբ. Իգնատիոսը օգնում է հասկանալ այս գործընթացը. «Նրանք, ովքեր մի մահացու մեղք գործելով անցնում են մյուսին, թշնամին սովորաբար ներկայացնում է երևակայական հաճույքներ՝ ստիպելով նրանց պատկերացնել այդ զգայական բավականությունն ու վայելքները, որպեսզի այդպիսի «մարդկանց» ամուր բռնի և էլ ավելի խորասուզի արատների ու մեղքերի մեջ: Նման մարդկանց մոտ բարի ոգին հակառակ կերպ է գործում՝ մտքի նախազգուշացումների միջոցով առաջացնելով զղջումներ և խղճի խայթոցներ» (Հոգևոր վարժություններ, 314):

     

    Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, հոգևոր խորաթափանցությունը, ճանաչողությունը «գուշակություն կամ ճակատագրականություն չէ, ինչպես օրինակ վիճակ գցելը երկու հնարավորության համար»։ Խորիմաստ հարցերը ծագում են այն ժամանակ, երբ «մենք արդեն անցած ենք լինում կյանքի ճանապարհի որոշակի հատված, և հենց դրան էլ պետք վերադառնանք, որպեսզի հասկանանք, թե կոնկրետ ինչ ենք փնտրում»։ Սբ. Իգնատիոսը լինելով վիրավոր և գտնվելով իր հայրական տանը, ընդհանրապես չէր մտածում Աստծո կամ այն ​​մասին, թե ինչպես շտկեր իր կյանքը: Աստծուն ճանաչելու իր առաջին փորձը նա ունեցավ, երբ լսեց իր սրտի ձայնը, և դա ցույց տվեց նրան «հետաքրքիր հակառակ պատկերը». ինչն առաջին հայացքից գրավում էր իրեն, ի վերջո հիասթափություն պատճառեց, իսկ մյուսը՝ չնայած պակաս պայծառ էր, սակայն հարատև հանգստություն էր պարգևում։

     

    «Ահա թե ինչու Իգնատիոսը խորհուրդ է տալիս կարդալ սրբերի կյանքը. նրանք պատմողական և հասկանալի ձևով ցույց են տալիս Աստծո ոճն այն մարդկանց կյանքում, ովքեր այնքան էլ չեն տարբերվում մեզանից»:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց հոգևոր խորաթափանցության ևս մի կարևոր ասպեկտ. կյանքի իրադարձություններում թվացյալ պատահականություններ են լինում, ինչպես Իգնատիոսի դեպքում, ով ձեռքի տակ չուներ իր սիրելի գրականությունը, այլ՝ միայն սրբերի կյանքը։ Տերը գործում է չպլանավորված իրադարձությունների և  խոչընդոտների միջոցով, որոնք կարող են դառնալ «շրջադարձային»: Մենք դա տեսնում ենք Մատթեոսի Ավետարանում, հիշեցրեց Սրբազան Քահանայապետը. արտը հերկող մարդը պատահաբար այնտեղ թաղված գանձ է գտնում: Կարևորն այն է, որ նա դա ընկալում է որպես երջանիկ պատահար և ճիշտ որոշում կայացնում՝ վաճառում է այն ամենը, ինչ ունի և գնում է այդ արտը (տես՝ Մտթ. 13,44):

     

    Նորին Սրբությունն ընդգծեց.

     

    «Հոգևոր խորաթափանցությունն օգնում է ճանաչել այն նշանները, որոնց միջոցով Տերը բացահայտում է Իրեն անսպասելի, նույնիսկ տհաճ իրավիճակներում, ինչպես օրինակ, Իգնատիոսի ոտքի վնասվածքն էր: Այս ամենը կարող է ճակատագրական հանդիպման հանգեցնել, որն ընդմիշտ կփոխի կյանքը»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց