«Մենք ապավինում ենք նրանց, ովքեր ճարտարությամբ և խորամանկությամբ՝ օգտվելով հասարակության վախերից, խոստանում են խնդիրների լուծում, բայց իրականում ցանկանում են մեծացնել իրենց ժողովրդականությունն ու իշխանությունը, կարևորությունը և ամեն ինչ իրենց ձեռքում ունենալու ունակությունը»։
Սեպտեմբերի 4-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանում մատուցեց տոնական պատարագ, որի ժամանակ սրբադասեց Աստծո ծառա Հովհաննես Պողոս I: Այսուհետ Եկեղեցին ամեն տարի օգոստոսի 26-ին հիշելու է Լուչանի Պապին՝ ի հիշատակ այն օրվա, երբ 1978թ. նա դարձավ Պետրոս առաքյալի 263-րդ Հետնորդը։
Վատիկանի հրապարակում Նորին Սրբության հետ միասին պատարագ մատուցեցին ավելի քան 500 քահանաներ, եպիսկոպոսներ և կարդինալներ, որին ներկա էին 25000 հավատացյալներ: Սուրբ Պետրոս բազիլիկայի ճակատին փակցված էր նոր երանելի սրբի նկարը, որը նկարել էր չինացի հիպերռեալիստ նկարիչ Յան Չժանը։
Իր քարոզում Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Լուչանի Պապը ապրել է «Ավետարանի ուրախությամբ, առանց փոխզիջումների, սիրելով մինչև վերջ»: Նա «մարմնավորում էր աշակերտի աղքատությունը, երբ իրեն ոչ միայն հեռու էր պահում նյութական բարիքներից, այլ ամենից առաջ հաղթահարում էր իրեն կենտրոնում դնելու և սեփական փառքը փնտրելու գայթակղությունը»: Այս հեզ ու խոնարհ հովիվը միշտ ընդօրինակում էր Քրիստոսին և իրեն համարում «փոշի, որի վրա Աստված բարեհաճեց որևէ բան գրել»։ Տիրոջ ողորմածությունը ժպիտով փոխանցել գիտեր Լուչանի Պապը, ասաց Սրբազան Քահանայապետը. «գեղեցիկ է ուրախ դեմքով Եկեղեցին», Եկեղեցի, որը երբեք չի փակում իր դռները, չի դժգոհում և չի տխրում, չի զայրանում և չի տառապում անցյալի կարոտից:
Նորին Սրբությունը մեկնաբանելով օրվա ավետարանական ընթերցման հատվածը, որտեղ Հիսուսը դիմում է իր հետևորդներին խիստ պահանջով. Քրիստոսի աշակերտ դառնալու համար հարկավոր է նրան ավելի շատ սիրել, քան մերձավորներին, պետք է կրես քո խաչը և հրաժարվես երկրային բարիքներից (տես՝ Ղկ. 14,25-33): Շատերը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, հիացած էին Ուսուցչի խոսքերով ու հրաշքներով և Նրա մեջ էին տեսնում իրենց ապագայի հույսը. հենց դա է տեղի ունենում հիմա «հատկապես անձնական և սոցիալական ճգնաժամի ժամանակ, երբ մենք ավելի խոցելի ենք դառնում»: «Մենք ապավինում ենք նրանց, ովքեր ճարտարությամբ և խորամանկությամբ՝ օգտվելով հասարակության վախերից, խոստանում են խնդիրների լուծում, բայց իրականում ցանկանում են մեծացնել իրենց ժողովրդականությունն ու իշխանությունը, կարևորությունը և ամեն ինչ իրենց ձեռքում ունենալու ունակությունը»։
Սակայն Աստծո ոճը շատ է տարբերվում նման մարդկանց ոճից, -ընդգծեց Նորին Սրբությունը. Տերը երբեք չի օգտվում մեր կարիքներից և թուլություններից, չի ցանկանում որևէ մեկին խաբել և չի հետաքրքրվում անծայրածիր ամբոխով: Ընդհակառակը «Նա կարծես հուզվում է, երբ մարդիկ էյֆորիայով և ոգևորությամբ հետևում են Իրեն»։ Քրիստոս խնդրում է, որ ամեն ոք խորը վերլուծի Իրեն հետևելու իրական պատճառները և այն հետևանքները, որոնց դա հանգեցնում է: Քրիստոնյայի կյանքը հիմնված է Քրիստոսի նման խաչը կրելու, ուրիշներին անձնատուր լինելու, առատաձեռն ու ողորմած սիրո վրա: Ուստի մենք չենք կարող ոչինչ ավելի բարձր դնել, քան Խաչյալի սերը, ով մեզ անչափ սիրեց։ Վկայակոչելով Լուչանի Պապին, Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Աստծո սերը մարդկության հանդեպ երբեք չի մթագնում, քանզի այն լուսավորում է նույնիսկ ամենամութ գիշերները, քանի որ «մենք Աստծո անմար սիրո առարկան ենք»:
«Ուստի, նայելով Խաչելությանը, մենք հասկանում ենք, որ կանչված ենք այս սիրո բարձունքում գտնվելու համար. մենք կանչված ենք մաքրվելու Աստծո մասին խեղաթյուրված գաղափարներից և ինքնապարփակումից, սիրելու Նրան, մյուս մարդկանց և մեր թշնամիներին Եկեղեցում ու հասարակության մեջ, նույնիսկ նրանց, ովքեր այլ կերպ են մտածում: Սիրել, նույնիսկ եթե դա պահանջում է խաչի զոհաբերում, լռություն, լինել չհասկացված և միայնակ, հաղթահարել խոչընդոտներ ու հալածանքներ»:
Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին ձգտել վեհ նպատակների, ռիսկի դիմել և չբավարարվել մակերեսային բաներով, քանզի եթե «ինքներս մեզ կորցնելու վախի պատճառով հրաժարվենք անձնանվիրությունից», ապա կիսատ կթողնենք «մեր հարաբերությունները, աշխատանքը, մեզ վստահված պարտականությունները, երազանքներն ու նույնիսկ հավատքը»: Արդյունքում լիարժեք կյանք չենք ունենա, քանի որ «վճռական քայլեր չարեցինք, հանուն բարու ռիսկի չդիմեցինք, մեզ ուրիշներին չնվիրեցինք»: Ընդհակառակը, Հիսուսը խնդրում է մեզ ապրել Ավետարանի համաձայն, քանի որ միայն այդ դեպքում մենք կապրենք լիարժեք կյանքով, առանց փոխզիջումների, ինչն արեց Ալբինո Լուչանին:
Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ընդգծեց.
«Եկե՛ք աղոթենք մեր այս հորն ու եղբորը, որպեսզի նա մեզ համար խնդրի ոչ կեղծավոր և մաքուր «հոգու ժպիտը»։ Եկե՛ք աղոթենք նրան իր իսկ խոսքերով. «Տե՛ր, ընդունի՛ր ինձ այնպիսին, ինչպիսին կամ՝ իմ թերություններով և կարիքներով, բայց դարձրո՛ւ այնպիսին, ինչպիսին ուզում ես, որ լինեմ»»։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը