• Ներումը մահից կյանք անցումն է

    «Ներված լինել նշանակում է այստեղ և հիմա զգալ այն, ինչը մեզ մոտեցնում է հարությանը»:


    Աստված միշտ ևս մեկ հնարավորություն է տալիս, ընդգծեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը:

     

    «Սրբերն են Ավետարանի հիասքանչ բացատրությունը». այս արտահայտությամբ Նորին Սրբությունը սկսեց իր քարոզը Կղեստինյան ներման տոնական պատարագի ժամանակ, որը նա մատուցեց օգոստոսի 28-ին Աբրուցո մարզի Լ’Աքվիլա մայրաքաղաքում՝ Սանտա-Մարիա-դի-Կոլլեմաջո բազիլիկայում: Այս տաճարում են հանգչում Կղեստինոս V սուրբ Պապի մասունքները: Անդրադառնալով Դանթեի «Աստվածային կատակերգությանը»՝ Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ  բանաստեղծը սխալ մեկնաբանություն է արել Կղեստինոս V անձի մասին, քանզի ըստ Դանթեի՝ նա «հրաժարվել է մեծ բախտից»։ Սակայն այս սուրբը, հակադարձեց Նորին Սրբությունը, ամենևին էլ «ոչ» ասող մարդ չէր, ընդհակառակը, նա «այո» ասաց, քանզի Աստծո կամքին «այո» պատասխանելու այլ ուղի չկա, քան «խոնարհների զորությունն ընդունելը»: «Խոնարհների ուժն ու զորությունը Տերն է, այլ ոչ թե ինչ-որ ռազմավարություն, մարդկային միջոցներ, կամ այս աշխարհի տրամաբանությունը», – պարզաբանեց Սրբազան Քահանայապետը: Սա Ավետարանի սիրտն ու ողորմածության էությունն է:

     

    Նորին Սրբությունն հատուկ ընդգծեց ներման խորհրդի իմաստը, քանի որ հենց ներումն է Կղեստինյան ներման տոնի հիմքում.

     

    «Ներված լինել նշանակում է այստեղ և հիմա զգալ այն, ինչը մեզ մոտեցնում է հարությանը: Ներումն անցում է մահից կյանք, վախի և մեղքի զգացումից՝ դեպի ազատության և ուրախության զգացումը: Թո՛ղ այս տաճարը միշտ լինի այն վայրը, որտեղ կարելի է հաշտվել և զգալ այն շնորհը, որը մեզ ոտքի է հանում և ևս մեկ հնարավորություն տալիս: Մեր Աստվածը հնարավորությունների Աստված է, քանզի Աստված միշտ մեզ ևս մեկ հնարավորություն է տալիս»:

     

    Սրբազան Քահանայապետը ցանկացավ Լ’Աքվիլայի բնակիչներին, որ Սանտա-Մարիա-դի-Կոլլեմաջո բազիլիկան՝ Կղեստինյան ներման տոնակատարության գլխավոր վայրը, լինի «ներման տաճար ոչ թե տարին մեկ անգամ, այլ միշտ, ամեն օր. «Այսպես է կառուցվում աշխարհը՝ ստացված և շնորհված ներողամտությամբ»:

     

    Կրկին խոսելով հնարավորության մասին, որ Աստված միշտ տալիս է մեզ, Նորին Սրբությունը պարզաբանեց իր միտքը՝ այն համեմատելով Հռոմից Լ’Աքվիլա թռիչքի հետ. քաղաք հասնելուն պես ուղղաթիռը, որի մեջ է եղել Սրբազան Քահանայապետը, երկար ժամանակ չի կարողացել վայրէջք կատարել թանձր մառախուղի և մթության պատճառով, սակայն վերջում օդաչուն նկատել է լույսի մի փոքրիկ անցք և հմտորեն անցել դրա միջով։ Հենց այսպես է վարվում Աստված. մենք կարող ենք երկար թափառել խավարի մեջ, սակայն Տերը բացում է մեզ համար լույսի մի անցք, որի մեջ բնակվում է Նրա ողորմածությունը, և այդ լուսավոր անցքը գտնվում է մեր իսկ աղքատության մեջ:

     

    «Թո՛ղ Լ’Աքվիլան իսկապես դառնա ներման, խաղաղության և հաշտության մայրաքաղաք», – քարոզի ավարտին քաղաքի բնակիչներին ցանկացավ Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց