• Մարեմեան աղոթքը հույսի երգ է

    «Հետևելով աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին արդյո՞ք չենք ընկնում հոռետեսության թակարդը, թե՞ Մարիամ Աստվածածնի նման կարողանո՞ւմ ենք մտահայել և հասկանալ Աստծո գործերը, ով հեզությամբ ու փոքրությամբ մեծ բաներ է անում»։


    Օգոստոսի 15-ին՝ Սուրբ Կույս Մարիամի Վերափոխման տոնին, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանի Առաքելական պալատի իր աշխատասենյակի պատուհանից գլխավորեց «Հրեշտակ Տեառն» Մարեմեան աղոթքը:

     

    Մեկնաբանելով օրվա ավետարանական ընթերցման հատվածը՝ Նորին Սրբությունն ասաց. «Այսօր՝ Սուրբ Կույս Մարիամի Վերափոխման տոնին, Ավետարանը մեզ ներկայացնում է Մարիամի և նրա ազգական Եղիսաբեթի միջև տեղի ունեցած երկխոսությունը: Երբ Եղիսաբեթը տեսնում է Մարիամին ասում է. «Օրհնյա՜լ ես Դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է Քո որովայնի պտուղը» (Ղկ. 1,42): Հավատքով, ուրախությամբ և ակնածանքով լի այս խոսքերը դարձան «Ողջույն քեզ Մարիամ» աղոթքի մի մասը։ Ամեն անգամ, երբ մենք արտասանում ենք այս գեղեցիկ և մեզ այդքան հոգեհարազատ աղոթքը, մենք արձագանքում ենք Եղիսաբեթին՝ ողջունելով Մարիամին և օրհնելով Նրան, քանի որ Նա մեզ է բերում Հիսուսին»:

     

    Սրբազան Քահանայապետը նշեց, որ Մարիամն ընդունում է Եղիսաբեթի օրհնությունը և ի պատասխան մեզ տալիս է Magnificat, որը կարելի է անվանել «հույսի երգ»։ Սա փառաբանության և ուրախության օրհներգ է այն մեծ գործերի մասին, որ Տերն արել է Սուրբ Կույս Մարիամին, սակայն Նա ավելի հեռուն է գնում. Տիրամայրը մտահայում է Աստծո գործերը Նրա ժողովրդի ողջ պատմության ընթացքում, պարզաբանեց Նորին Սրբությունը. Սուրբ Կույս Մարիամն ասում է, որ Տերը «հզորներին տապալեց իրենց աթոռներից և բարձրացրեց խոնարհներին: Քաղցածներին լիացրեց բարիքներով և մեծահարուստներին ձեռնունայն արձակեց» (Ղկ. 52-53): Երբ մենք լսում ենք այս խոսքերը, կարող է կասկած առաջանալ. արդյո՞ք Աստվածամայրը չափազանցնում է գոյություն չունեցող աշխարհը նկարագրելիս։ Չէ որ այն, ինչի մասին Նա խոսում է իրականում գոյություն չունի, քանզի այս աշխարհի հզորները դեռ չեն տապալվել, և ահեղ Հերովդեսը վստահորեն նստած է իր գահին, աղքատներն ու սովածները դեռ տառապում են, իսկ հարուստները շարունակում են բարգավաճել:

     

    Այդ դեպքում ի՞նչ է նշանակում Մարիամի երգը: Աստվածածնի նպատակը ոչ թե ժամանակագրելն է, այլ հայտարարելը, որ Աստված Իր միջոցով պատմական հեղափոխություն արեց՝ վերջապես հաստատելով իրերի նոր կարգը։ Տիրամայրը՝ փոքր և խոնարհ, բարձրացվեց և տարվեց Երկնքի փառքի մեջ, որն այսօր մենք տոնում ենք, մինչդեռ այս աշխարհի հզորներին վիճակված է մնալ ձեռնունայն, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Magnificat շարականի խոսքերով Աստվածամայրը հայտարարում է արմատական ​​փոփոխությունների և արժեքների հեղափոխության մասին: Խոսելով Եղիսաբեթի հետ և Հիսուսին իր արգանդում կրելով, Նա կանխատեսում է, թե ինչ կասի Իր Որդին, երբ երանելի հռչակի աղքատներին և խոնարհներին, երբ նախազգուշացնի հարուստներին և նրանց, ովքեր ապավինում են իրենց ուժերին: Դրա համար էլ Սուրբ Կույս Մարիամը մարգարեանում է մեզ ասելով, որ հաղթում է ոչ թե իշխանությունը, հաջողությունը և փողը, այլ ծառայությունը, խոնարհությունն ու սերը: «Նայելով Նրան Իր փառքի մեջ հասկանում ենք, որ իսկական իշխանությունը ծառայությունն է, իսկ թագավորել նշանակում է սիրել: Սա է դեպի երկինք տանող ճանապարհը», – ասաց Նորին Սրբությունը:

     

    Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, հորդորեց Սրբազան Քահանայապետը. արդյո՞ք Մարիամի հռչակած այս մարգարեությունը վերաբերում է մեր կյանքին։ Արդյո՞ք մենք հավատում ենք, որ թագավորել նշանակում է սիրել, իսկ կառավարել՝ ծառայել։ Հավատո՞ւմ ենք, որ մեր կյանքի նպատակը Երկինքն է, Դրախտը: Թե՞ մեզ հուզում են միայն երկրային, նյութական խնդիրները։ Հետևելով աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին արդյո՞ք չենք ընկնում հոռետեսության թակարդը, թե՞ Մարիամ Աստվածածնի նման կարողանո՞ւմ ենք մտահայել և հասկանալ Աստծո գործերը, ով հեզությամբ ու փոքրությամբ մեծ բաներ է անում։

     

    Տոնական խորհրդածության ավարտին Նորին Սրբությունն ասաց.

     

    «Այսօր Մարիամը հույս է երգում և հույս է արթնացնում մեր մեջ, նրա մեջ մենք տեսնում ենք մեր ճանապարհի նպատակը: Նա առաջին արարածն է, որ իր ողջ էությամբ, մարմնով ու հոգով հաղթականորեն մուտք է գործում երկինք: Նա մեզ ցույց է տալիս, որ Երկինքը հասանելի է, եթե մենք նույնպես խուսափենք մեղքից, եթե Աստծուն փառաբանենք խոնարհությամբ և առատաձեռնորեն ծառայենք ուրիշներին: <…> Մեր Մայրը բռնում է մեր ձեռքից, ուղեկցում մեզ դեպի փառք, հրավիրում է ուրախանալ երկնքի մասին մտածելով: Եկե՛ք օրհնենք Մարիամին մեր աղոթքներով և խնդրենք Նրանից մարգարեական հայացք՝ աշխարհի մեջ Երկինքը տեսնել համար»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց