• Ցանկացած պատերազմի հետևում թաքնված է ագահությունը

    Ցանկացած պատերազմի հետևում կան բազմաթիվ շահեր, որոնցից մեկն, իհարկե, զենքի առևտուրն է։


    Նյութական բարիքները կարող են դառնալ կուռքեր. դրանք օգտագործելու կամ կիրառելու փոխարեն՝ մենք սկսում ենք ծառայել դրանց։ Դրա համար էլ Հիսուսը նախազգուշացնում է ագահության մասին և ընդգծում, որ կռապաշտությունը ծանր հանցագործություն է Աստծո դեմ, ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ: Նորին Սրբությունը սկսեց խորհրդածել օրվա ավետարանական ընթերցման շուրջ, որտեղ նկարագրվում է կյանքի սովորական իրավիճակ, երբ երկու եղբայրներ չեն կարողանում կիսել ժառանգությունը:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ նման խնդիրները հաճախակի են մեր հասարակությունում: Շատ ընտանիքներում լինում են անողոք վեճեր փողի պատճառով, շատ մարդիկ դադարում են շփվել միմյանց հետ: Այսպիսով, Հիսուս հստակ ասում է. «Զգուշացե՛ք ագահությունից»: «Ագահությունն ունեցվածքի նկատմամբ անզուսպ ընչաքաղցությունն է, հարստանալու մշտական ​​ցանկությունը», – պարզաբանեց Նորին Սրբությունը:

     

    «Դա մի հիվանդություն է, որը կործանում է մարդկանց, քանի որ ամեն ինչ ունենալու ցանկությունը կախվածություն է առաջացնում: Որպես կանոն, նրանք, ովքեր շատ ունեն, երբեք չեն բավարարվում իրենց ունեցածով, քանզի նրանք միշտ ավելին են ուզում և միայն իրենց համար։ Այդպիսով նրանք կորցնում են իրենց անկախությունը, ստրկաբար կապնվելով այն ամենի հետ ինչը, որքան էլ տարօրինակ հնչի, պետք է ծառայեր նրանց ազատ և հանգիստ կյանքի համար: Փողն իրենց նպատակներն իրականացնելու համար օգտագործելու փոխարեն դառնում են նրա գերին: Ագահությունը վտանգավոր է նաև հասարակության համար, քանզի այսօր այն առաջացնում է այնպիսի խնդիրներ և անարդարություն, ինչպիսին երբեք չի եղել պատմության մեջ, երբ քչերն ունեն շատ, իսկ շատերը՝ քիչ կամ ընդհանրապես ոչինչ։ Չմոռանանք նաև պատերազմների ու հակամարտությունների մասին, որոնց պատճառը գրեթե միշտ ռեսուրսներն են ու հարստության ձգտումը: Ցանկացած պատերազմի հետևում կան բազմաթիվ շահեր, որոնցից մեկն, իհարկե, զենքի առևտուրն է։ Սա մի խայտառակ իրողություն է, որի հետ մենք չպետք է և չենք կարող համակերպվել»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ այս ամենի հիմքում ոչ միայն որոշ ազդեցիկ ուժեր կամ տնտեսական որոշակի համակարգեր են, այլ նաև ագահությունն է, որը թաքնված է ամեն մի մարդու սրտում։ Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, կոչ արեց Նորին Սրբությունը, թե որքանո՞վ ենք մենք կտրված նյութական բարիքներից, հարստությունից։ Բողոքում ենք ինչ-որ բանի պակասի՞ց, թե՞ բավարարվում ենք մեր ունեցածով։ Արդյո՞ք մենք գայթակղվում ենք հանուն փողի և հնարավորությունների զոհաբերելու մեր հարաբերությունները, պարկեշտությունն ու ազնվությունը: Այդպես վարվելով մենք պաշտում ենք նյութական բարիքները՝ որպես կուռքեր: Դրա համար էլ Հիսուս նախազգուշացնում է մեզ, ասելով, որ չի կարելի ծառայել երկու տիրոջ՝ Աստծուն և հարստությանը (տես՝ Ղկ. 16,13): Հարստության ծառայությունը կռապաշտություն է, դա վիրավորանք է Աստծուն:

     

    «Ուրեմն, – կարող ենք մտածել, – չի կարելի ցանկանալ հարուստ լինել: Իհարկե, կարելի է, և նույնիսկ ճիշտ է ցանկանալ հարուստ լինել: Հարուստ լինելը լավ է, սակայն հարուստ լինել Աստծո նման: Նա բոլորից հարուստ է: Նա հարուստ է գթությամբ և ողորմածությամբ: Իր այս հարստությամբ Նա ոչ մեկին չի տիրում, վեճեր ու տարաձայնություններ չի առաջացնում։ Սա այն հարստությունն է, որն Աստված սիրում է բաժանել և կիսել: Լավ ապրելու համար նյութական բարիքների կուտակումը բավարար չէ, քանի որ, ինչպես Հիսուսն է ասում, կյանքը կախված չէ մեր ունեցածից։ Ընդհակառակը, դա կախված է լավ հարաբերություններից՝ Աստծո, այլ մարդկանց և նրանց հետ, ովքեր ավելի քիչ ունեն։ Այսպիսով, եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, թե ինչպե՞ս ենք մենք ցանկանում հարստանալ. Աստծուն գոհացնելով, թե՞ բավարարելով մեր ագահությունը: Ինչպիսի՞ ժառանգություն ենք ցանկանում թողնել. գումարներ բանկային հաշվիներում, նյութական իրե՞ր, թե երջանիկ մարդիկ շրջապատում, բարի արարքներ, որոնք չեն մոռացվում, այնպիսի մարդկանց, ինչպիսիք մենք կուզենայինք լինել»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց