Այս այցը Ավստրալիա Հայրական հոգածության նշան է համայնքի հանդեպ:
Հովվապետական այցով Ավստրալիա գտնվող Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը հուլիսի 24-ին, առավոտյան ժամը 11-ին, Մելբուրնի Հիսուսի և Մարիամի Սուրբ Սրտերին նվիրված Հայ Կաթողիկէ Եկեղեցում մատուցեց Հայրապետական Սուրբ Պատարագ՝ առընթերակայութեամբ տեղի հովիվ գերապատիվ Հայր Բարսեղ Վարդապետ Սուսանյանի և Բեյրութի թեմի օգնական եպիսկոպոս` Արհ. Գէորգ Եպիսկոպոս Ասատուրյանի, Հայր Նարեկ վրդ Մնոյանի ներկայությամբ:
Արարողությանը մասնակցեցին Մելբուրնի Հայ Կաթողիկէ Եկեղեցու հավատացյալները։ Այս առիթով իր արտասանած քարոզում Ամենապատիվ Հոգևոր Տերը ողջունելով համայնքի անդամներին՝ առանձնահատուկ կերպով շեշտեց, որ իր այս այցը Ավստրալիա Հայրական հոգածության նշան է համայնքի հանդեպ, և որ ինքն այստեղ է եկել իր ժողովրդին տեսնելու և լսելու համար, որպեսզի հասկանա հարցերը և շոշափելի ու հստակ լուծումներ տա դրանց:
Ամենապատիվ Հոգևոր Տերը ուզեց հատուկ շնորհակալական խոսք ուղղեց տեղի հովիվ՝ գերապատիվ Բարսեղ Վարդ. Սուսանյանին, նրա անձնվեր ու ծառայական աշխատանքի համար, որով, հակառակ բոլոր դժվարությունների, ջանում է ապահովել թե՛ Սիդնեյի, թե՛ Մելբուրնի համայնքների հոգ հոգվոցը։ Ապա պարզաբանեց, որ իր փափագն ու կամքն է, որ Մելբուրնի հասարակությունն ունենա մնայուն մի հոգևորական և ինքը պիտի աշխատի այդ ուղղությամբ։
Պատարագից հետո Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ պատվին հատուկ ճաշկերույթ էր կազմակերպվել, որին ներկա էին նաև Մելբուրնի Լատին Եկեղեցու առաջնորդը` Արհ. Փիթըր Արքեպիսկոպոս Քոմենսոլին։
Ճաշկերույթի ժամանակ Ամենապատիվ Հոգևոր Տերը Պատրիարքական հատուկ շքանշաններով պատվեց համայնքի երեք բարերարներին՝ Տիարք Ժոզեֆ Պետրոսին, Փիեր Թանզիմաթին և Մաժտի Պաթթին, որպես երախտագիտության նշան իրենց համայնքին ու ծխական մարմնին ծառայելու համար։
Մելբուրնի Հայ Կաթողիկէ համայնքի հավատացյալներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Ամենապատիվ Հոգևոր Տիրոջն իր այս հովվական այցելության և հայրական մոտիկության համար, ի հիշատակ նրա այցելության նվիրեցին մի ափսե, որի վրա փորագրված էին այցելության թվականները։
Վատիկան Նյուզ, հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը