«… Կգայ Ոգու սով, եւ դուք կքաղցէք ճոխ սեղանի մօտ…»
Աւետիք Իսահակեան
2022 թուականին լոյս տեսաւ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վ. Յովսէփեանի խորհրդածութիւնների անդրանիկ ժողովածուն, որը բովանդակում է քարոզներ, խոհեր, ուղերձներ եւ համառօտ ակնարկներ: Գրքի հրատարակումը նուիրուած է Գերյարգելի Վարդապետին քահանայական ձեռնադրութեան 20-ամեայ յոբելեանին եւ Հայաստանում հովուական գործունէութեան 8 ամեակին:
Կան գրական գործեր, որոնք արդիական են ժողովուրդների կեանքի բոլոր շրջադարձային պահերին: Եկեղեցական գրականութեան մէջ՝ գրական խօսքի ամենատարածուած տեսակներն են քարոզներն ու խորհրդածութիւնները, որոնք ծագում են քրիստոնէութեան առաջին դարերից: Հայկական քարոզագրութիւնը ձեւաւորուել է Դ.-Ե. դարերում, երբ յոյն եւ ասորի մատենագիրների կողմից կատարւում էին երկերի թարգմանութիւններ ու մեկնութիւններ:
Թէեւ իւրաքանչիւր գրական գործ ներշնչուած է իր ժամանակի տեսանելի եւ անտեսանելի ազդակներից, այնուամենայնիւ, կան գործեր, որոնք ասելիք ունեն բոլոր ժամանակներին համար:
Մեծանուն հայ բանաստեղծ Աւետիք Իսահակեան ասում էր. «Ես ձեզ ասում եմ՝ կգայ Ոգու սով, եւ դուք կքաղցէք ճոխ սեղանի մօտ…»:
«Խոհեր առօրեային համար» վերտառութեամբ խորհրդածութիւնների այս ժողովածուն նոր հնարաւորութիւն է մօտենալու Աստծուն, ինչպէս նաեւ լինելու է հոգեւոր սնունդին եւս մէկ աղբիւրը, որի պակասն այսօր այնքան զգում են ընթերցողները:
Երկրային կեանքի ընթացքում մարդ արարածը փնտռում է Աստծոյ ներկայութիւնը, որն իմաստաւորում եւ արժեւորում է անոր կեանքը եւ, փնտռտուքների այս ճանապարհին հոգեւոր սնունդ է ստանում նաեւ նմանատիպ գրքերի միջոցով, որոնք հնարաւորութիւն են ընձեռում մտորելու առօրեայ կեանքի մասին, ինքնաքննութեան ենթարկելու սեպհական անձը եւ երկխօսելու Աստծոյ հետ՝ հաղորդակից լինելով Նրա կենարար խօսքին, որ մաքրագործում է միտքն ու հոգին:
Թէեւ այս ուղին հարթ եւ դիւրին չէ, լի է վերելքներով ու վայրէջքներով, սակայն եւ այնպէս տանում է դէպի հոգեւոր զարթօնք՝ այն գիտակցութեամբ, որ իւրաքանչիւր ոք կարող է ճաշակել «նոր մարդ» լինելու եւ Տիրոջը նմանելու բերկրանքը՝ լաւագոյնս օգտագործելով Աստծոյ կողմից երկրի վրայ իրեն տրուած ժամանակը եւ կատարելով Նրա կամքն ու իր առաքելութիւնը: Այսպիսով, մարդը փորձում է սրբագրել եւ կատարելագործել իր կեանքը, բայց հնարաւոր չէ վերակերտել կատարելութիւնը, առանց աստուածային միջամտութեան. ուստի, պէտք է գիտակցել, թէ միայն դէպի Արարիչը տանող ճանապարհին է, որ հնարաւոր է իսկապէս բացայայտել ու բարեփոխել սեպհական «ես»-ը:
Գրքի առաջին իսկ էջերում կարդում ենք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամենպտ. եւ Գերերջ. Տ.Տ. Ռաֆայէլ-Պետրոս ԻԱ. Կաթողիկոս-Պատրիարքին հայրապետական խօսքը, որում Ամենապատիւ Հոգեւոր Տէրն իր հայրապետական օրհնութիւնը եւ շնորհաւորանքն է յղում Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վ. Յովսէփեանին՝ ինչպէս քահանայական ձեռնադրութեան 20-ամեայ յոբելեանին եւ Հայաստանում հովուական ծառայութեան 8 ամեակին կապակցութեամբ, այնպէս էլ խորհրդածութիւնների այս ժողովածուին լոյս ընծայման առիթով եւ, յոյս յայտնում, որ այս գիրքը կարող է դասուել ամենաարժէքաւոր հրատարակութիւնների շարքին՝ «կրթելով եւ լուսաւորելով ընթերցողների հոգին ու միտքը, արթնացնելով Տիրոջ հետ երկխօսելու, իրենց առօրեայ կեանքին մէջ Նրա ներկայութիւնը զգալու, վերստին նորոգուելու ու նոր կեանք ապրելու ցանկութիւնը»:
Յաջորդիւ կարող ենք ընթերցել Այնճարի «Ս. Վարդարանի Տիրամայր» Հայ Կաթողիկէ Եկեղեցու ժողովրդապետ Գերյ. Հ. Մեսրոպ Ծ. Վ. Թոփալեանի (Մեսրոպ Հայունի) վկայութիւնը: Գերյարգելի վարդապետը մեծ գոհունակութեամբ եւ բերկրանքով է արտայայտում իր սրտին խօսքն ու շնորհաւորանքը յոբելեարին 20-ամեայ քահանայութեան եւ խոհերի այս նորատիպ ժողովածուին հրատարակման առիթով: Գերյ. Հ. Մեսրոպ իր խօսքում ընդգծում է, որ լոյս ընծայուած այս հատորը Հայ Կաթողիկէ Եկեղեցու մատենագրութեան հոգեւոր, քարոզական եւ կրօնաբարոյական գանձարանին մէջ Հ. Գառնիկի «առաջին լուման» է: Միեւնոյն ժամանակ, Գերյ. Հայր Սուրբը լի է ակնկալութեամբ, որ այս հրատարակութեանը պէտք է յաջորդեն նորանոր գրքեր:
Գրքում ընդգրկուած են ոչ միայն խորհրդածութիւններ, քարոզներ եւ եկեղեցական այս կամ այն տօնի խորհուրդի մեկնութիւններ, այլ նաեւ փաստագրական նիւթեր, որոնք պատմում են Հայ Կաթողիկէ Եկեղեցու հայրերի եկեղեցանուէր եւ ազգանուէր գործունէութեան մասին: Հոգեւոր հայրեր, որոնց կեանքի եւ գործունէութեան իւրաքանչիւր հանգրուան Տիրոջ հանդէպ հաւատքի վկայութիւն է:
Ժողովածուին մէջ ներկայացուած է համառօտ ակնարկ Հայաստանում Հայ Կաթողիկէ Եկեղեցու վերահաստատման եւ հոգեւոր առաքելութեան վերսկսման վերաբերեալ, ինչպէս նաեւ այդ տարիներին Մայր Հայրենիքում Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդութիւնը ստանձնած Հ. Ներսէս Արքեպս. Տէր-Ներսէսեանի, Կովկասի եւ Հայաստանի հայ կաթողիկէ համայնքներում հոգեւոր առաքելութիւնը սկզբնաւորած Հ. Կոմիտաս Ծ. Վ. Մանուկեանի գործունէութեան մասին:
Հեղինակը առանձնայատուկ ակնածանքով, մեծ երախտագիտութեամբ եւ որդիական սիրով է յիշատակում Կաթողիկէ Ընդհանրական Եկեղեցու Վսեմաշուք Ծիրանաւոր եւ Հայ Կաթողիկէ Եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք, Աստծոյ Ծառայ Գրիգոր-Պետրոս ԺԵ. Աղաճանեանի սրբակենցաղ ու ճշմարիտ եկեղեցականի կեանքի հակիրճ պատմութիւնը:
Գրքում առանձին բաժին է յատկացուած տարբեր տարիներին Հայաստանում Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան կողմից կազմակերպուած «Համայնքային Երիտասարդական Օրեր»-ի ընթացքում Գերյ. Հ. Գառնիկի կողմից երիտասարդներին ուղղուած ուղերձներին, որտեղ իր մտահոգութիւնը եւ կարծիքն է կիսում արդի ժամանակների մարտահրաւէրների եւ երիտասարդների կողմից դրանց լուծման ուղիների վերաբերեալ:
Գերյարգելի վարդապետն իր բոլոր ուղերձներում նշում է, որ երիտասարդների մէջ է Եկեղեցու եւ մեր հասարակութեան ապագան, քանի որ նրանք են, որ իրենց մէջ կրում են աստուածային կեանքին սերմերը, իսկ Եկեղեցին այն մեծ ընտանիքն է, որի յարկին տակ ապրում եւ, որտեղ շատերը գտնում են իրենց իրական կոչումը, յաղթահարում դժուարութիւններն ու փորձութիւնները. «Եկեղեցին այն կամրջող օղակն է, որ մեզ միաւորում է Քրիստոսի եւ միմեանց հետ: Եկեղեցին այն ձեռքն է, զոր Քրիստոս մեկնել է մեզ: Ամուր բռնէ՛ք այդ ձեռքը եւ երբեք բաց չթողնէ՛ք: Եկեղեցին կարիքն ունի ձեր նոր գաղափարների, ձեր հաւատքի եւ նուիրուածութեան»:
Թո՛ղ, որ աղօթքը եւ խորհրդածութիւնը իրենց մնայուն ներկայութիւնն ունենան իւրաքանչիւր քրիստոնեայի կեանքում:
Թո՛ղ, որ Աստծոյ սէրն ու խօսքը բնակուեն մեր մէջ եւ բարձրացնեն մեզ հողեղէն մեր բնութիւնից ու ազնուացնեն, որպէսզի ունակ լինենք առաքինի գործերի, անձնազոհութեան եւ նուիրումի:
Լիայոյս ենք, որ հոգեւոր մտորումների այս հատորին կը յաջորդեն նոր ժողովածուներ, որոնք մաս կը կազմեն «Մխիթար» մատենաշարին:
Գրախօս՝ Հրանուշ Սարգսեան