• Հետևե՛նք Քրիստոսին, լինե՛նք գթասիրտ և կարեկից

    «Քրիստոսին հետևելով մենք դառնում ենք ճամփորդներ և սովորում, ինչպես սամարացին, տեսնել և գթալ»:


    Հուլիսի 10-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը սկսեց իր խորհրդածությունը և մեկնաբանեց Բարի սամարացու առակը:

     

    Երուսաղեմից Երիքով տանող ճանապարհին մի մարդ էր ընկած, ում կողոպտել և կիսամեռ վիճակում էին թողել ավազակները: Այդ ճանապարհով անցնող քահանան ու ղևտացին տեսնում են նրան, սակայն չեն օգնում: «Մի սամարացի, – կարդում ենք Ավետարանում, – որ ճանապահորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ և տեսնելով նրան՝ գթաց»: Այստեղ առանցքային բառը «գթալ» բառն է,- ընդգծեց Նորին Սրբությունը, քանզի Աստված հենց դա է զգում ամեն անգամ, երբ տեսնում է մեր դժվարությունները, մեղքերը, տառապանքները. «Նա գթաց»: Ավետարանիչն ընդգծում է, որ սամարացին ինչ-որ հեռու տեղ էր գնում: Չնայած այն հանգամանքին, որ նա ուներ իր սեփական ծրագրերը, նա արդարացումներ չի փնտրում և օգնում է այդ մարդուն, ասաց Սրբազան Քահանայապետը և կոչ արեց մտածել. «Արդյո՞ք Տերը մեզ չի սովորեցնում հենց այդպես վարվել. նայել հեռուն, վերջնական նպատակակետին, միևնույն ժամանակ լինել ուշադիր, թե ինչ պետք է անել այստեղ և հիմա՝ այդ նպատակին հասնելու համար»:

     

    Խորհրդանշական է, որ վաղ քրիստոնյաներին անվանել են «ճանապարհի աշակերտներ», – ընդգծեց Նորին Սրբությունը և հավատացյալ մարդուն համեմատեց սամարացու հետ. նա ևս ճանապարհին է, գիտի, որ դեռ չի հասել նպատակակետին և ցանկանում է սովորել ամեն օր՝ հետևելով Տեր Հիսուսին, Ով ասաց. «Ես եմ Ճանապահը և Ճշմարտությունը և Կյանքը» (Հվհ. 14, 6): Ես եմ Ճանապարհը. Տերը միշտ ճանապարհին է, Նա հանդիպում է մարդկանց, բժշկում է հիվանդներին, այցելում է գյուղեր և քաղաքներ: Տերը միշտ ճանապարհին է: Մենք ևս՝ Նրան հետևելով, դառնում ենք ճանապարհի աշակերտներ, մեր մտածելակերպն ու վարմունքն աստիճանաբար փոխվում է՝ ավելի ու ավելի նմանվելով Ուսուցչի մտքերին ու արարքներին, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    «Քրիստոսին հետևելով մենք դառնում ենք ճամփորդներ և սովորում, ինչպես սամարացին, տեսնել և գթալ», – շարունակեց Նորին Սրբությունը, մենք սկսում ենք տեսնել իրականությունը և եսասերների նման չենք պարփակվում՝ մտածելով միայն մեր մասին: Քահանան ու ղևտացին նույնպես տեսնում են դժբախտ մարդուն, սակայն պարզապես անցնում են նրա կողքով: Ավետարանը մեզ սովորեցնում է տեսնել և ճիշտ հասկանալ իրականությունը՝ հաղթահարելով նախապաշարմունքները: Ավետարանը մեզ սովորեցնում է նաև հետևել Հիսուսին, ընդօրինակել Նրան՝ ուրիշների հանդեպ կարեկից և գթասիրտ լինելով, և վարվել ինչպես սամարացին. չգնալ առաջ, այլ կանգ առնել:

     

    Կարդալով այս առակը, մենք կարող ենք տեսնել կերպարների նմանություն մեզ շրջապատող մարդկանց մեջ, իսկ եթե անկեղծ լինենք և ինքներս մեզ խոստովանենք, ապա պիտի ասենք, որ մենք ևս նույն կերպ ենք վարվել նմանատիպ իրավիճակներում: Բայց եկեք չսահմանափակվենք այսքանով, հորդորեց Սրբազան Քահանայապետը. «Պարզապես ընդունենք, որ դա սխալ է եղել, և խնդրենք Տիրոջը, որ օգնի մեզ հաղթահարել եսասիրությունն ու անտարբերությունը և Ճանապարհ ընկնենք: Եկե՛ք խնդրենք Նրան, որ սովորեցնի մեզ տեսնել և կարեկցել: Սա ողորմածություն է, և դա մենք պետք է խնդրենք Տիրոջից (…), որպեսզի կարեկից լինենք և օգնության ձեռք մեկնենք բոլոր նրանց, ում հանդիպում ենք մեր ճանապարհին, հատկապես նրանց, ովքեր իսկապես կարիքի մեջ են և տառապում են»:

     

    Որևէ մեկին լավություն անելիս, ողորմություն տալիս՝ կարևոր է տեսնել այդ մարդուն, նայել նրա աչքերի մեջ, դիպչել նրան, հակառակ դեպքում, եթե մենք պարփակված լինենք և չտեսնենք այն իրականությունը, որի մեջ գտնվում է կարիքավորը և զզվանքով մի քանի լումա նետենք նրան, ապա դա կլինի ողորմություն մեզ և ոչ թե նրա համար, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը, Ով ցույց է տալիս մեզ Ճանապարհը, այսինքն՝ Հիսուսին, առաջնորդի մեզ հասունության այս ճանապարհին և օգնի մեզ դառնալ ավելի ճշմարիտ «Ճանապարհի աշակերտներ», – բացականչեց Սրբազան Քահանայապետը՝ եզրափակելով իր խորհրդածությունը։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց