• Եկե՛ք Տիրոջը հռչակենք եղբայրական սիրո վկայությամբ

    Ինչպե՞ս ենք մենք Ավետարանի բարի լուրը փոխանցում ուրիշներին՝ եղբայրության, թե՞ այս աշխարհի ոգով, առաջինը լինելու ձգտումով:


    Հուլիսի 3-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց Ղուկասի Ավետարանից վերցված օրվա ավետարանական ընթերցումը և կոչ արեց քրիստոնյաներին Հիսուսի մասին վկայել փոխադարձ հարգանքի և եղբայրական սիրո միջոցով:

     

    Օրվա ավետարանական ընթերցման մեջ կարդում ենք. «Այնուհետև Տերը նշանակեց ուրիշ յոթանասուներկու հոգի ևս և նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր» (Ղկ. 10, 1): Աշակերտներն ուղարկվեցին երկու-երկու, այլ ոչ թե մենակ: Գործնական տեսանկյունից կարող է թվալ, որ երկուսով առաքելություն իրականացնելն ունի ավելի շատ թերություններ, քան առավելություններ. հնարավոր է, որ աշակերտներն իրար չհասկանան, մեկը ստիպված լինի հարմարվել մյուսի ընթացքին, նրանցից մեկը կարող է հոգնել կամ հիվանդանալ՝ մյուսին ստիպելով կանգ առնել։ Մյուս կողմից էլ, երբ մարդը մենակ է, ճանապարհը կարծես ավելի հարթ է և արագ է անցնում: Սակայն Հիսուս այդպես չի մտածում և դիտավորյալ Իր առջևից ուղարկում է երկու-երկու աշակերտների: «Եկեք մտածենք, թե ո՞րն է Տիրոջ այս որոշման պատճառը» – կոչ արեց Նորին Սրբությունը:

     

    Խրատները, որ Հիսուս տալիս է Իր աշակերտներին՝ նրանց ավետարանչական առաքելության ուղարկելիս, այնքան էլ կարևոր չէ, թե ինչպես են ասվելու, այլ կարևոր է այն, թե ինչպիսին պետք է լինեն հենց նրանք՝ աշակերտները, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը, քանզի պետք է ավելի շատ վկայել հենց սեփական կյանքով, քան թե խոսքերով: Ահա թե ինչու է Հիսուսն Իր աշակերտներին անվանում «մշակներ», քանի որ նրանք կոչված են գործելու, ավետարանելու իրենց վարքով։ Եվ առաջին կոնկրետ գործողությունը, որի միջոցով աշակերտները կատարում են իրենց առաքելությունը, հենց այն է, որ նրանք երկու-երկու են գնում: Ավետարանն ամենից առաջ հռչակում է հենց աշակերտների կյանքը. միասին լինելու նրանց կարողությունը, փոխադարձ հարգանքը, նրանց բոլորի համաձայնությունը իրենց Ուսուցչի հետ:

     

    Կարելի է հովվական իդեալական ծրագրեր կազմել, լավ մտածված նախագծեր իրականացնել, մարդկանց հոծ բազմություն հավաքել, սակայն եթե այս ամենում տեղ չկա եղբայրական սիրո համար, ապա ավետարանական առաքելությունը չի զարգանում, շարունակեց Նորին Սրբությունը և կիսվեց մի միսիոների վկայությամբ, ով իր գործընկերոջ հետ գնացել էր Աֆրիկա և որոշ ժամանակ անց մենակ թողել նրան ու կանգ առել գյուղերից մեկում, որտեղ նա հաջողությամբ իրականացրել է մի շարք շինարարական նախաձեռնություններ՝ ի շահ տեղի համայնքի: Ամեն ինչ լավ էր ընթանում: Բայց մի օր նա շոկ է ապրում՝ հասկանալով, որ իր կյանքը հաջողակ գործարարի կյանք է, ով անընդհատ վազվզում է շինհրապարակներում և ֆինանսական հաշվետվություններ ստուգում: Դրա համար էլ նա գործերը փոխանցեց ուրիշներին և վերադարձավ իր եղբոր մոտ։ Նա հասկացավ, թե ինչու էր Տերը ուղարկում «երկու-երկու» աշակերտների, քանի որ ավետարանչական առաքելությունը հիմնված է ոչ թե անձնական գործունեության, այլ եղբայրական սիրո վկայության վրա՝ նույնիսկ ուրիշների հետ կյանքի դժվարությունների միջոցով, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    «Եկե՛ք մտածենք, թե ինչպե՞ս ենք մենք Ավետարանի բարի լուրը փոխանցում ուրիշներին՝ եղբայրության, թե՞ այս աշխարհի ոգով, առաջինը լինելու ձգտումով, – կոչ արեց Նորին Սրբությունը: – Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, թե արդյո՞ք մենք ընդունակ ենք համագործակցության, կարո՞ղ ենք միասին որոշումներ կայացնել՝ անկեղծ հարգելով դիմացինին և հաշվի առնելով նրա տեսակետը։ Չէ որ ճշմարիտ Հիսուսին հռչակելով ուրիշներին՝ աշակերտը թույլ է տալիս Ուսուցչին բացահայտել Իրեն աշխարհին»:

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը, Եկեղեցու Մայրը, սովորեցնի մեզ եղբայրության վկայությամբ ճանապարհ հարթել Տիրոջ համար», – խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց