«Ծեր մարդը չի կարող երջանիկ լինել առանց երիտասարդներին նայելու, իսկ երիտասարդը չի կարող առաջ ընթանալ առանց ծերերին նայելու»:
Հունիսի 22-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց իր խորհրդածությունները ծերության մասին: Նորին Սրբությունն այս անգամ մեկնաբանեց հարուցյալ Հիսուսի և Պետրոս առաքյալի երկխոսությունը (Հվհ. 21,15-23), որը լույս է սփռում ծերության ժամանակ հավատքի վկայության առանձնահատկությունների վրա։
Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ այս հուզիչ խոսակցությունը «բացահայտում է Հիսուսի ողջ սերը աշակերտների նկատմամբ, ինչպես նաև Նրա վսեմ մարդկայնությունը նրանց՝ հատկապես Պետրոսի հետ». բարություն, սրտաբացություն, ազատություն և անկեղծություն: Նորին Սրբությունն ընդգծեց, որ քրիստոնյաները կոչված են հենց նման հարաբերություններ պահպանելու Հիսուսի հետ: Առաջին հայացքից սա հարգալից հարաբերություն է, բայց իրականում այն մեզ հեռացնում է իրական Հիսուսից և դառնում վերացական ու աշխարհիկ հոգևորության առիթ, ինչը Հիսուսի ուղին չէ։ «Հիսուսը Աստծո Խոսքն է, որ մարդ դարձավ»: Քրիստոս գործում և խոսում է իրական մարդու պես, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
Հիսուսն ու Պետրոսը զրույցի ընթացքում խոսում են ծերության մասին. իր երիտասարդության տարիներին առաքյալն ինքն է իր մասին հոգ տանում, բայց երբ ծերանա, նա այլևս չի կարողանա հոգալ իր կարիքները, ասաց Նորին Սրբությունը և հեգնանքով ցույց տվեց իր անվասայլակը։ Տարեց ավետաբերների աշխատանքին մշտապես ուղեկցում է տկարությունը, սակայն աշակերտները կանչված են լինելու Հիսուսի հավատարիմ վկաները՝ նույնիսկ տկարության, հիվանդության և մահվան ժամանակ: Պետք է միշտ հետևել Հիսուսին, Ով մի անգամ կոչ արեց մեզ. հետևել Նրան առողջ և հիվանդ ժամանակ, վազել Նրա հետևից կամ դանդաղ քայլել՝ նույնիսկ անվասայլակով: Շարժման պատճառն անփոփոխ է «նույնիսկ սահմանափակ կարողությունների և տկարության ժամանակ», որը Պետրոսի հավատքի խոստովանությունն է . «Տե՛ր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ» (տես՝ Հվհ. 15,16,17):
Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ «Հիսուսի և Պետրոսի զրույցը արժեքավոր խրատ է բոլոր աշակերտների, բոլոր հավատացյալների և բոլոր ծերերի համար»։ Տկարությունը պետք է սովորեցնի բարի կյանք նոր պայմաններում, երբ մենք սկսում ենք մեծապես կախված լինել ուրիշների օգնությունից: Չնայած երբեմն դա այնքան էլ հեշտ չէ, բայց պետք է մնալ «հավատարիմ աշակերտությանը, խոստացված սիրուն, փնտրված արդարությանը», նույնիսկ երբ կորցնում ես նախաձեռնելու կարողությունը, երբ դառնում ես տկար և ուրիշների օգնության կարիքն ես ունենում.
«Իհարկե, սա ևս ժամանակավոր փորձություն է, որը սկսվում է սեփական գերիշխող դերը պահպանելու շատ մարդկային և չափազանց նենգ գայթակղությամբ»:
Սակայն, ընդգծեց Նորին Սրբությունը, տարեցներն «իրենք իրենց դրսևորելու, ընտանիքում, հասարակությունում, ընկերական շրջապատում իրենց մասնակցությունը ցուցաբերելու այլ հնարավորություն կունենան»: Պետք չէ ինքդ քեզ տանջես հետևյալ հարցերով, թե «ով է լինելու իմ ժառանգորդն ու հետևորդը, ով է զբաղեցնելու իմ տեղը», քանզի պետք է հոգ տանես քո կյանքի և ներկա իրավիճակի մասին, այլ ոչ թե քեզ դնես ուրիշների տեղն ու «խառնվես նրանց կյանքին»: Արդյո՞ք դա կարևոր է: Պետք է միայն հավատարմորեն հետևել Քրիստոսին, հետևել Նրան ցանկացած իրավիճակում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Տարեցների իմաստությունը հասարակությանը, մերձավորներին ժպիտով հրաժեշտ տալու ունակությունն է։
«Տարեց մարդու կյանքը հրաժեշտ է, դանդաղ, բայց ուրախ հրաժեշտ. ես կյանք եմ ապրել և պահել հավատքը: Հրաշալի է, երբ ծերունին կարող է ասել. ‘Ես իմ կյանքն եմ ապրել, ահա իմ ընտանիքը. Ես ապրեցի իմ կյանքով, եղել եմ մեղավոր, սակայն նաև բարի գործեր եմ արել’»։
Իր խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին լսել տարեցներին և օգնել նրանց արտահայտել կյանքի իմաստությունը, «որպեսզի նրանք կարողանան մեզ տան այն գեղեցիկն ու լավը, որ կա իրենց մեջ»: Իրենց հերթին, տարեցները պետք է ուրախությամբ նայեն երիտասարդներին. «Նրանք շարունակելու են այն, ինչը մենք սերմանել ենք, նույնիսկ այն, ինչը չենք հասցրել սերմանել վախկոտության կամ հնարավորություն չունենալու պատճառով», – ասաց Սրբազան Քահանայապետը:
«Ծեր մարդը չի կարող երջանիկ լինել առանց երիտասարդներին նայելու, իսկ երիտասարդը չի կարող առաջ ընթանալ առանց ծերերին նայելու»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը