• Ծերությունն Աստծուն ծառայելու և երախտապարտ լինելու ժամանակն է

    Մենք պետք է տարեցներին այցելելու պատասխանատվություն զգանք, քանի որ հաճախ նրանք միայնակ են, իսկ մենք կանչված ենք աղոթքով նրանց աջակցելու համար:


    Հունիսի 15-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց իր խորհրդածությունները ծերության մասին և խոսեց «Սիմոնի, որ դեռ Պետրոս էր կոչվում, զոքանչի բժշկման հասարակ և հուզիչ պատմության մասին» (Մրկ. 1, 29-31):

     

    Նորին Սրբությունը մեջբերում է Մարկոս Ավետարանչի խոսքերը. «Սիմոնի զոքանչը տաքության մեջ պառկած էր»: Ծերության ժամանակ նույնիսկ բարձր ջերմությունն է վտանգավոր, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Տարեցների վրա հիվանդությունն այլ կերպ է ազդում, քան երիտասարդ ժամանակ, քանզի թվում է, թե հիվանդությունները «մահն ավելի են մոտեցնում և ամեն դեպքում կրճատում են հատկացված ժամանակը»։ Կասկած է առաջանում, իսկ եթե ես վերջին անգամ եմ հիվանդանում և ապագայի մասին երազելը շատ է դժվարանում: Սակայն այսօրվա ավետարանական դրվագը հույս և կարևոր խրատ է տալիս. «Հիսուսը միայնակ չի այցելում տարեց հիվանդին, այլ աշակերտների հետ է գնում նրա մոտ», – ընդգծեց Նորին Սրբությունը: Հենց քրիստոնեական համայնքը պետք է խնամի տարեցներին. մենք պետք է տարեցներին այցելելու պատասխանատվություն զգանք, քանի որ հաճախ նրանք միայնակ են, իսկ մենք կանչված ենք աղոթքով նրանց աջակցելու համար: Հենց Հիսուս է մեզ սովորեցնում սիրել տարեցներին. տեսնելով ծեր հիվանդին, Նա բռնում է ձեռքը և բժշկում նրան:

     

    «Սիրո այս քնքուշ ժեստով Հիսուսն իր աշակերտներին տալիս է առաջին դասը. փրկությունը հռչակվում է, կամ, ավելի ճիշտ է ասել, փոխանցվում է հիվանդ մարդուն ուշադրության միջոցով: Կնոջ հավատքը փայլեց երախտագիտությամբ Աստծո քնքշության համար, Ով խոնարհվեց դեպի նա»:

     

    Եթե առաջին դասը տվեց Հիսուսը, ապա երկրորդ դասը տալիս է տարեց կինը, ով ոտքի կանգնելով՝ «սկսեց ծառայել նրանց»: Հրաշալի է, որ տարեցները «առաջվա պես իրենց վրա են վերցնում հասարակությանը սպասարկելու պատասխանատվությունը՝ հաղթահարելով մի կողմ քաշվելու գայթակղությունը»: Տերը զորացնում է նրանց: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ տարեցները սրտաբաց են բժշկության, մխիթարության, բարեխոսության պարգևներին՝ հանուն իրենց եղբայրների և քույրերի, իսկ Ավետարանում նրանք աշակերտները, հարյուրապետները, նախկին մոլագարներն ու լքյալներն են, ովքեր «հավանաբար հավատքին ուղեկցող մաքուր երախտագիտության ամենաբարձր վկայությունն են»։ Եթե ​​տարեցները լինեին հասարակության ուշադրության կենտրոնում, ապա կարող էին «երախտագիտության թանկարժեք ծառայություն մատուցել Աստծուն, Ով ոչ ոքի չի մոռանում», – ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Տարեցների երախտագիտությունը իրենց երկարատև կյանքի ընթացքում Աստծուց ստացած պարգևների համար, ինչպես մեզ սովորեցնում է Պետրոսի զոքանչը, հասարակությանը վերապարգևում է համակեցության բերկրանքը, իսկ աշակերտների հավատքին հաղորդում է իր նպատակակետի էական հատկանիշը»:

     

    Աստծո ողորմության համար երախտապարտ ավետարանական ծառայությունը միայն կանանց խնդիր չէ և «այն ոչ մի կերպ գրված չէ քերականության մեջ, որտեղ տղամարդը վարպետ է, իսկ կինը ծառա», ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Սակայն կանայք՝ իրենց հավատքի երախտագիտությամբ և քնքշությամբ, կարող են տղամարդկանց սովորեցնել այն, ինչը նրանց համար դժվար է հասկանալ: Պետրոսի զոքանչը ցույց տվեց առաքյալներին Հիսուսին նմանվելու ճանապարհը: Հիսուսի հատուկ քնքշությունը, Ով «բռնեց նրա ձեռքից» և հեզորեն խոնրահվեց դեպի նա, հենց սկզբից բացահայտում է Նրա հատուկ նրբանկատությունը տկարների և հիվանդների նկատմամբ, ինչն Աստծո Որդին, անկասկած, սովորել է Իր Մորից», – ասաց Նորին Սրբությունը:

     

    «Թո՛ղ տարեցները, պապիկները, տատիկները լինեն երեխաների, երիտասարդների կողքին, որպեսի նրանց փոխանցեն իրենց կյանքի հիշողությունը, փորձառությունն ու իմաստությունը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց