• Ծերությունն առանձնահատուկ գեղեցկություն ունի

    «Մահկանացու մարմնով կյանքը գեղեցիկ «անավարտություն» է, ինչպես արվեստի որոշ գործեր, որոնք յուրահատուկ հմայք ունեն հենց իրենց անավարտության մեջ»:


    Հունիսի 8-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց իր խորհրդածությունները ծերության մասին և խոսեց Աստվածաշնչի «նշանավոր տարեցներից» մեկի՝ հրեաների իշխանավոր Նիկոդեմոսի մասին, ով, ցանկանալով իմանալ Հիսուսի վարդապետությունը, գիշերով գաղտնի եկավ Նրա մոտ (տես՝ Հվհ. 3,1-21):

     

    Քրիստոսի և Նիկոդեմոսի զրույցի ժամանակ բացահայտվում է Աստծո Որդու հայտնության ու Նրա փրկարար առաքելության էությունը. «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հվհ. 3,16): Հիսուսի խոսքերի համաձայն՝ «Աստծո Արքայությունը տեսնելու համար, պետք է վերստին ծնվել» (տես՝ Հվհ.3,3), ընդորում «ոչ թե կրկին ծնվել՝ ջնջելով ապրած թանկարժեք տարիների իմաստը, այլ ծնվել Սուրբ Հոգով՝ Աստծո սիրո հետ հաշտված։ Փարիսեցի Նիկոդեմոսը, ընդգծեց Նորին Սրբությունը, վիճարկում է ծեր տարիքում կրկին ծնվելու անհնարինությունը. մարդն անխուսափելիորեն ծերանում է, հավերժ երիտասարդ մնալու երազանքն ընդմիշտ նահանջում է, և ամեն մի ծնված էակի ծննդյան վերջը լինում է նրա կյանքի ավարտը:

     

    Նիկոդեմոսի փաստարկները, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, շատ ուսանելի են նաև մեզ համար. «Որոնք կարող են հերքվել Հիսուսի խոսքերի լույսի ներքո և բացահայտել ծերությանը վայել առաքելությունը»: Ծերությունը ոչ միայն խոչընդոտ չէ «վերստին ծնվելու» համար, այլ նաև «հարմար առիթ է դառնում այն ​​լուսավորելու եւ կորցրած հույսի թյուրիմացությունից ազատելու համար»։ Մեր դարաշրջանն ու մշակույթը մշակում և մեզ են սնուցում հավերժական երիտասարդության առասպելը, որին անհնար է հասնել առանց դեղերի ու կոսմետիկ միջոցների: «Ինչո՞ւ է ծերությունն այդքան արհամարհված։ Որովհետև այն խստորեն մերժում է հավերժական երիտասարդության առասպելը, որը ցանկանում էր մեզ վերադարձնել մայրական արգանդ՝ հանուն հավերժ երիտասարդ մարմնի», – ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Մահկանացու մարմնով կյանքը գեղեցիկ «անավարտություն» է, ինչպես արվեստի որոշ գործեր, որոնք յուրահատուկ հմայք ունեն հենց իրենց անավարտության մեջ»:

     

    Հիսուսի խոսքերի համաձայն, հավատքը մեզ թույլ է տալիս «տեսնել» Աստծո Արքայությունը, բացահայտել հույսի նշանները հանուն Աստծո հավիտենականության մեր առաքելությունն իրականացնելու համար: «Դրանք Աստվածաշնչյան սիրո նշաններն են, – ընդգծեց Սրբազան Քահանայապետը: – Ծերությունը չպետք է կարոտ առաջացնի ​մեր ծննդյան ու անցյալի նկատմամբ, այլ պետք է հրահրի սեր մեր վերջնական ճակատագրի ու նպատակակետի հանդեպ»: Այս տեսանկյունից ծերությունն առանձնահատուկ գեղեցկություն ունի, քանզի «մենք գնում ենք դեպի Հավիտենականություն», դեպի նպատակակետ, դեպի Աստծո դրախտ։ Դրա համար էլ ծերությունը հատուկ ժամանակահատված է «ապագայում կենսաբանական և ռոբոտային գոյատևման տեխնոկրատական ​​պատրանքից ազատվելու համար», այն Աստծո քնքշությունը բացահայտելու հնարավորություն է:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը բոլոր հավատացյալներին մաղթեց հետևյալը. «Թող Սուրբ Հոգին մեզ թույլ տա վերագտնելու ծերության հոգևոր և մշակութային առաքելությունը, որը մեզ հաշտեցնում է վերստին ծննդյան գաղափարի հետ»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց