Բաժիններ՝ Նորություններ
  • Ռաֆայել Պետրոս ԻԱ այցը Լոս Անջելեսի Թագուհի Մարտիրոսաց Հայ Կաթողիկէ Եկեղեցի

    «Քաջալերում եմ ձեզ, որ շարունակեք այդ գեղեցիկ աշխատանքը, որ միասին սկսեցինք ու հարատևեք այդ ուղիով, որպեսզի ծաղկեցնեք ոչ միայն հայ կաթողիկէ եկեղեցին, այլ համայն հայ եկեղեցին` միասնաբար գործելով ի սպաս մեր ազգի ու նրա վերելքի համար»։


    2022թ. հունիսի 5-ին Ամենապատիվ և Գերերջանիկ Հոգևոր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ, որ այս օրերին հովվական այցելությամբ գտնվում է Կալիֆոռնիայում՝ տեղի Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդ` Արհ. Միքայել Եպիսկոպոս Մուրադյանի և Հայր Անտոն Նորատունկյանի ընկերակցությամբ, այցելեցին Լոս Անջելեսի downtown Թագուհի Մարտիրոսաց Հայ Կաթողիկէ Եկեղեցի, որտեղ Ամենապատիվ Հոգևոր Տերը մատուցեց կիրակնօրյա ձայնավոր Սուրբ Պատարագ՝ հայ կաթողիկէ հավատացեալների ներկայությամբ և տեղի Հովիվ-ժողովրդապետ` Հայր Արմենակ Պետրոսյանի մասնակցությամբ։

     

    Սրբազան արարողության ավարտին Ամենապատիվ Հոգևոր Տերը Եկեղեցու Գրիգորյան սրահում ընտանեկան մթնոլորտում հանդիպում ունեցավ հայ կաթողիկէ հավատացեալների հետ և այդ առթիվ նրանց ուղղած իր սրտի խոսքի մեջ նշեց, թե ահա վերադարձել է այն եկեղեցին, որտեղից սկսել էր իր առաքելությունը Լոս Անջելեսի և Կալիֆոռնիայի մեջ ու «հուզումքով եմ հիշում, այն օրերը, որ միասին աշխատել ենք, ծառայել ու պայքարել, որպեսզի Կալիֆոռնիայի հայ կաթողիկէ համայնքը ոտքի կանգնեցնենք: Այսօր ուրախ եմ ձեզ հետ դարձյալ հանդիպել ու տեսնել, որ շարունակում եք շրջապատել ձեր հովվին ու ձեր առաջնորդին», ի միջի այլոց ասաց Ռաֆայել Պետրոս ԻԱ, ավելցնելով. «Քաջալերում եմ ձեզ, որ շարունակեք այդ գեղեցիկ աշխատանքը, որ միասին սկսեցինք ու հարատևեք այդ ուղիով, որպեսզի ծաղկեցնեք ոչ միայն հայ կաթողիկէ եկեղեցին, այլ համայն հայ եկեղեցին` միասնաբար գործելով ի սպաս մեր ազգի ու նրա վերելքի համար»։

     

    Ամենապատիվ և Գերերջանիկ Հոգևոր Տերը երախտագիտության խաչով պատվեց ու շնորհակալություն հայտնեց համայնքի երեք նվիրյալ տիկիններին. Սիլվիա Սեմերճյան, Մարիան Օհաննէսյան և Վիքի Ֆելիքյան, որոնք տարիներ շարունակ ծառայում են եկեղեցուն, երբ ինք նոր էր հասել այդ առաքելավայրը` 1990թ. և մինչ այսօր, երբ առաքելավայրը արդեն ծաղկուն է։ Նրանք արդարև շարունակում են անձնվիրյալ իրենց ծառայությունը։

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց