• Կիսատ-պռատ քրիստոնեայի «հոգեւոր քմահաճութիւնը».Քահանայապետական քարոզ, Սուրբ Մարթայի տաճար, 24 մարտի, 2015թ.

    Կիսատ-պռատ քրիստոնեայի «հոգեւոր քմահաճութիւնը».Քահանայապետական քարոզ, Սուրբ Մարթայի տաճար, 24 մարտի, 2015թ.


    Ղկ., 7:30-35

    «Իսկ փարիսեցիները եւ օրինականները իրենց հոգիներում Աստծու խորհուրդն անարգեցին նրանով, որ Յովհաննէսից չմկրտուեցին։ «Արդ, ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդի մարդկանց, եւ ո՞ւմ են նման։ Նրանք նման են մանուկների, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս միմեանց եւ ասում. «Փող զարկեցինք ձեզ համար, եւ չպարեցիք, ողբ ասացինք, եւ դուք լաց չեղաք»։ Եկաւ Յովհաննէս Մկրտիչը, չէր ուտում եւ չէր խմում. եւ դուք ասացիք՝ նրա մէջ դեւ կայ։ Եկաւ մարդու Որդին.ուտում է եւ խմում. եւ դուք ասում էք. «Ահա ու֊

    տող եւ խմող մի մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ»։ Եւ իմաստութիւնը արդարացուեց իր որդիներից»։

     

     Արդեօ՞ք մենք, որ ինքներս մեզ «քրիստոնեաներ» ենք յորջորջում, պատրաստ ենք խոնարհութեամբ ընդունելու փրկութեան այն ճանապարհը, որ Աստուած է նախատեսել մեզ համար, թէ նախընտրում ենք քայլել մեր ծրագրած ուղիով: Այսպիսի ուղերձ ուներ մարտի 24-ի Սբ. Պատարագի Քահանայապետական քարոզը: Նորին Սրբութիւնը յիշեցնում է Եգիպտոսի գերութիւնից փրկուած հրեաների ապերախտութիւնը, երբ չդիմանալով անապատի դժուարութիւններին, սկսեցին քննադատել Տիրոջը եւ պատժուեցին թունաւոր օձերի խայթոցներով: Տիրոջը քննադատելը իրենց դժգոհութեան հետեւանքն էր, որը թունաւորում էր նրանց հոգին եւ դարձնում թունաւոր օձերի բաժին: Իսկ Մատթէոսի եւ Ղուկասի աւետարաններում Յիսուս Յովհաննէսի սերնդին նմանեցնում է մանկանց, ովքեր հրապարակներում նստած փող են հնչեցնում, բայց մարդիկ չեն պարում, ողբի երգեր են երգում, բայց մարդիկ չեն լացում: Խնդիրն այն էր, որ մարդիկ չէին ուզում պարել Տիրոջ երգի տակ, չէին ուզում սգալ Տիրոջ ողբերգութեան տակ, այլ ուզում էին ապրել ըստ իրենց մտքերի, ընտրել փրկութեան իրենց ուղին, որը, սակայն, ոչ մի տեղ չէր տանում: Այսօր էլ նոյնն է, համոզուած է Քահանայապետը.որքա՛ն քրիստոնեաներ կան, որ թունաւորուած են Աստուծոյ դէմ իրենց դժգոհութեամբ, նրանք չեն բացում իրենց սրտերն Աստուծոյ փրկութեան առաջ եւ պայմաններ են դնում Տիրոջ դէմ՝ ասելով.«Այո՛, այո՛, ուզում եմ փրկուել, բայց ա՛յս կերպ…», սա գաղջ քրիստոնեայի սիրտն է, որ միշտ բողոքում է եւ ասում.«ինչու՞ Աստուած այսպէս վարուեց ինձ հետ», բայց չէ՞որ Աստուած փրկեց քեզ, ներեց այնքա՛ն շատ մեղքերդ ու դուռ բացեց քե առջեւ, «այո, այո՛, ճիշտ է, բայց…».պատասխանում են նրանք ու միշտ դժգոհում՝ հիմնուելով սեփական դատողութիւնների վրայ: «Մեղք է, երբ չենք ընդունում Աստուծոյ պարգեւը՝ իր ճանապարով: Դա թոյն է, որ թունաւորում է մեր հոգին, վերացնում ուրախութիւնը եւ հանգիստ չի տալիս».շեշտում է Քահանայապետը: Իսկ ինչպէ՞ս է Աստուած լուծում այս խնդիրը, հարցնում է նա եւ պատասխանում.Նա ի՛նքն է իր վրայ վերցնում մեղքը եւ թոյնը եւ գամւում խաչին եւ այսպէս բուժում գաղջութիւնը, կիսատ-պռատ քրիստոնեութիւնը: Ուրեմն, մենք էլ, եթէ ուզում ենք դուրս գալ այդ վիճակից, պէտք է հայեացքներս գամենք Խաչին: Մեզ համար Տիրոջ պատրաստած ճանապարհն իր դժուարութիւններով հանդերձ չընդունելը եսասիրութիւն է, «հոգեւոր քմահաճութիւն», որը դատապարտեց Յիսուս:

     Հետեւաբար, հարկ է նայել անապատում բարձրացուած օձին, Խաչեալ Յիսուսին, որ իր մէջ է կրում մեր թոյնը եւ Տիրոջից աղաչենք շնորհը՝ ընդունելու փրկութեան աստուածային ճանապարհը…եւ չլինելու «Քրիստոնեա՞, այո՛, բայց…» մտածողութեան կրողներ:

     

     Թարգմանութիւնը՝ ըստ LOsservatore Romano բարբերականի անգլերեն հրապարակման:

Օրացույց

Օրացույց