• Եթէ մեռնի ցորենի հատիկը….Քահանայապետի քարոզը, «Հրեշտակ Տեառն», 22 մարտի 2015թ

    Եթէ մեռնի ցորենի հատիկը….Քահանայապետի քարոզը, «Հրեշտակ Տեառն», 22 մարտի 2015թ


    Յվհ., 12:19-25

     «Նրանք մօտեցան Փիլիպպոսին, որ Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր. աղաչում էին նրան ու ասում. «Տէ՛ր, ուզում ենք Յիսուսին տեսնել»։ Փիլիպպոսը եկաւ եւ Անդրէասին ասաց։ Անդրէասը եւ Փիլիպպոսն էլ Յիսուսին ասացին։ Եւ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց.«Հասաւ ժամը, որ փառաւորուի մարդու Որդին։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կը մնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կը տայ։ Ով սիրում է իր անձը, կը կորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կը պահի յաւիտենական կեանքի համար: Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կը գայ. եւ ուր ես եմ, այնտեղ կը լինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կը պատուի իմ Հայրը։ Բայց այժմ հոգիս խռովուած է. եւ ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հէնց այս բանի համար եմ եկել այս ժամին։ Հա՛յր, փառաւորի՛ր քո անունը»։ Երկնքից մի ձայն եկաւ. «Ե՛ւ փառաւորեցի, եւ դարձեա՛լ պիտի փառաւորեմ»։ Եւ ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր, թէ՝ որոտմունք է լինում։ Ոմանք էլ ասացին. «Նրա հետ մի հրեշտակ խօսեց»։ Յիսուս պատասխանեց ու ասաց. «Այս ձայնը ինձ համար չէ, որ եկաւ, այլ՝ձեզ համար։ Հիմա՛ է այս աշխարհի դատաստանը, հիմա՛ է, որ այս աշխարհի իշխանը դուրս կը նետուի։ Եւ երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դէպի ինձ կը ձգեմ»։

     

     Առաջարկելով խորհրդածել այս հատուածի շուրջ՝ Սրբազան Քահանայապետը բացատրել է, որ Յիսուսի փառաւորման ժամը Խաչն էր՝ սատանայի պարտութեան, սիրոյ վճռական յաղթանակի ժամը: Յիսուս ասաց, որ ամենքին դէպի իրեն կձգի՝ ի նկատի ունենալով իր խաչելութիւնը: Յիսուսի Խաչը, թէեւ ամենամութ պահն էր պատմութեան, բայց եղաւ նաեւ ամենաբեղունը: Դրա մասին է խօսում ցորենի հատիկի հետ համեմատութիւնը: Յիսուսի մահը խաչի վրայ կեանքի անսպառ աղբիւր է, որովհետեւ իր մէջ ունի Աստուծոյ սիրոյ վերածնող զօրութիւնը: Մկրտութեան միջոցով սուզուելով այդ սիրոյ մէջ՝ քրիստոնեան կարող է դառնալ այդ «ցորենի հատիկը» եւ շատ պտուղ տալ՝ նմանուելով Յիսուսին, կորցնելով սեփական կեանքը՝ հանուն սիրոյն Աստուծոյ եւ եղբայրների ու քոյրերի: Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են «տեսնել Յիսուսին», ովքեր նոյնիսկ չեն հաւատում, կարող ենք առաջարկել երեք բան՝ Աւետարանը, Խաչը եւ հաւատքի վկայութիւնը, համոզուած է Քահանայապետը: Աւետարանում կարող ենք գտնել Յիսուսին, Խաչը Յիսուսի սիրոյ նշանն է, իսկ հավատքի վկայութիւնը սիրոյ գործերն են՝ հանդէպ մեր իւրայինների: Բայց ամենակարեւորը խօսքի եւ գործի ներդաշնակութիւնն է, ասել է Նորին Սրբութիւնը:

     «Հրեշտակ Տեառն» աղօթքից յետոյ, ըստ Մեծ Պահոց աւանդութեան, Քահանայապետը գրպանի աւետարաններ է նուիրել Սբ. Պետրոսի հրապարակում հավաքուած հաւատացեալներին: Աւետարանները բաժանել են Հռոմի անտունները: «Նրանք, ովքեր ամենաշա՛տն են կարիքի մէջ, նրա՛նք են մեզ տալիս Խօսքն Աստուծոյ».ասել է նա եւ պատուիրել ամեն օր մէկ հատուած կարդալ Աւետարանից: «Աստուծոյ Խօսքը լոյս է մեր ճանապարհին»:

Օրացույց

Օրացույց