• Հիսուսը մեր կյանքի Ավագ Քահանան է

    Եկե՛ք աչքերով ու խոսքերով օրհնենք նրանց, ում հանդիպում ենք ամեն օր:


    Համբարձման տոնին կարդալով Մարեմյան աղոթքը՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Հարուցյալի վերջին երևման մասին Իր աշակերտներին:

     

    Մեկնաբանելով մի հատված Ղուկասի Ավետարանից, Նորին Սրբություննն ասաց. «Հիսուսի Երկրային կյանքը իր գագաթնակետին է հասնում հենց Համբարձման ժամանակ, որը մենք դավանում ենք նաև Հավատամքի մեջ»: Այս իրադարձության ողջ նշանակությունը հասկանալու համար Սրբազան Քահանայապետն առաջարկեց ուշադրություն դարձնել հետևյալ երկու արարքների վրա, որոնք Հիսուսը կատարում է նախքան երկինք համբարձվելը. Հիսուս հռչակում է Սուրբ Հոգու պարգևը և օրհնում աշակերտներին:

     

    Ամենից առաջ Հիսուս Իր ընկերներին ասում է. «Ես ուղարկում եմ Ձեզ Իմ Հոր խոստումը» (Ղկ. 24,49): Նա խոսում է Սուրբ Հոգու, Մխիթարիչի մասին, ով կուղեկցի, կառաջնորդի, կաջակցի նրանց իրենց առաքելության ճանապարհին և կպաշտպանի նրանց իրենց հոգևոր մարտերում։ Այսպիսով, մենք մի շատ կարևոր բան ենք հասկանում, ընդգծեց Նորին Սրբությունը. Հիսուս չի լքում Իր աշակերտներին: Նա համբարձվում է երկինք, սակայն չի լքում նրանց: Ընդհակառակը, Հոր մոտ բարձրանալով է, որ Նա խոստանում է Սուրբ Հոգու՝ Իր Հոգու հեղումը: Մի ուրիշ անգամ Նա ասում է. «Լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետև, եթե Ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա» (Հվհ. 16,7): Այստեղ տեսնում ենք Հիսուսի սերը մեր հանդեպ: Նա չի ցանկանում սահմանափակել մեր ազատությունը Իր ներկայությամբ: Ընդհակառակը, Նա մեզ տեղ է զիջում՝ ինքնուրույն գործելու հնարավորություն տալով, քանզի իսկական սերը միշտ ենթադրում է հենց այնպիսի մոտիկություն, որը չի ճնշում, սեփականատիրական չէ: Այսպիսով Քրիստոս մխիթարում է. «Ես գնում եմ Իմ Հոր մոտ, իսկ դուք երկնքից զորությամբ կզգեստավորվեք, Ես ձեզ Իմ Հոգին կուղարկեմ, որի զորությամբ դուք կշարունակեք Իմ գործերն աշխարհում»: Այսպիսով, Երկինք համբարձվելով՝ Հիսուս, փոխանակ մարմնով մոտիկ լինելու միայն մի քանիսին, Սուրբ Հոգու միջոցով մոտիկ է դառնում բոլորին: Սուրբ Հոգու միջոցով Հիսուս ներկա է մեր մեջ՝ առանց ժամանակի և տարածության պատնեշների, որը մեզ դարձնում է Իր վկաներն այս աշխարհում, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը:

     

    Այնուհետև Քրիստոս բարձրացնում է Իր ձեռքերը և օրհնում առաքյալներին (տես՝ Ղկ. 24,50): Սա քահանայական ժեստ է: Ահարոնի ժամանակներից ի վեր Աստված քահանաներին է վստահել ժողովրդին օրհնելու գործը: Ավետարանը ցանկանում է մեզ ասել, որ Հիսուս մեր կյանքի Ավագ Քահանան է. «Նա գնում է Հոր մոտ, որպեսզի բարեխոսի մեզ համար, ներկայացնի մեր մարդկությունը: Այսպիսով, Հոր աչքերում՝ Հիսուսի մարդկային էության հետ մեկտեղ, կան ու միշտ կլինեն մեր կյանքերը, մեր հույսերը, մեր վերքերը: Դրա համար էլ Հիսուս երկինք համբարձվելով ճանապարհ է հարթում ու բարեխոսում մեզ համար, որպեսզի Հայրը միշտ մեզ ուղեկցի և օրհնի»:

     

    «Եղբայրնե՜ր և քույրե՜ր, եկե՛ք այսօր մտածենք Սուրբ Հոգու պարգևի մասին, որը մենք ստացել ենք Հիսուս Քրիստոսից, որպեսզի Ավետարանի վկաները լինենք, կոչ արեց Նորին Սրբությունը: Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, թե արդյո՞ք մենք իսկապես վկաներ ենք, արդյո՞ք մենք ունակ ենք սիրել ուրիշներին՝ նրանց ազատություն տալով և ճանապարհ հարթելով: Արդյո՞ք կարող ենք բարեխոս լինել ուրիշների համար, այսինքն՝ կարո՞ղ ենք աղոթել նրանց համար և օրհնել նրանց կյանքը: Թե՞ մենք ծառայում ենք ուրիշներին մեր շահերի համար։ Եկե՛ք բարեխոսական աղոթք սովորենք, բարեխոսենք աշխարհի հույսերի ու տառապանքների համար, բարեխոսենք խաղաղության համար։ Եկե՛ք աչքերով ու խոսքերով օրհնենք նրանց, ում հանդիպում ենք ամեն օր:

     

    Խորհրդածության ավարտին՝ Սրբազան Քահանայապետն աղոթեց Սուրբ Կույս Մարիամին, Ով լի է Սուրբ Հոգով, որպեսզի Նա միշտ աղոթի և բարեխոսի մեզ համար:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց