• Բարդոյթների փոխարեն՝ մեծ բեմեր, մեծ արուեստագէտների կողքին

    Բարդոյթների փոխարեն՝ մեծ բեմեր, մեծ արուեստագէտների կողքին


     2015թ. Մարտի 22-ին ներկայ գտնուեցի Տիրամայր Հայաստանի երգչախմբի համերգին՝ նուիրուած անուանի երգահան, դաշնակար, երգիչ Ռոբերտ Ամիրխանեանի 75-ամեայ յոբելեանին: Լեփ-լեցուն դահլիճի առաջ երգչախմբի մոտ երեք տասնեակ դեռատի աղջիկները, խմբաւար Ռոբերտ Մլքէեանի ղեկաւարութեամբ, մեծ հպարտութեամբ եւ իրենց լաւագոյնն անելով կատարում էին Ռոբերտ Ամիրխանեանի ստեղծագործութիւնները՝«Երազ իմ երկիր հայրէնի», «Հայի աչքեր», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Տօնական հանդես», «Դինգ-դոնգ» եւ այլ երգեր՝ երկու տասնեակից աւելի, երգեր, որոնցով սնուել, գեղագիտական ճաշակ են զարգացրել երեք սերունդ եւ որոնց մէջ միւս սերունդներին է փոխանցւում հայի ապրելու տենչը, դէպի լոյսի հեռուները նայելու կամքը, հայրենասիրութիւնը, բարոյական մաքրութիւնը: Այս ամէնը կարելի էր նկատել այդ դեռատի երգչուհիների աչքերում, երգելու կեցուածքի, ժպիտների մէջ: Նրանցից ոմանք արդե՛ն կայանում են որպէս մեներգիչներ նաեւ այս երգչախմբից դուրս, բարձրագոյն կրթութիւն են ստանում Երեւանի պետական կորսերուատորիայում: Հանդիսատեսն այդ բեմում տեսնում էր միասնութիւն, արուեստի մէջ աւելի՛ն անելու, սեփական «ես»ը եւ խմբային «մենք»ը լաւագոյնս ներակյացնելու պատրաստակամութիւն, յոյս եւ հաւատ: Իսկ Ռոբերտ Ամիրխանեանի եւ Ռոբերտ Մլքէեանի պէս մեծութիւնների կողքին նրանք պարզապէս թեւեր էին առել ու անում էին գրեթէ անհնարինը, որովետեւ վստահ էին, որ եթէ իրենց հետ աշխատում են եւ հաւասարը-հաւասարի պէս երգում են նման մարդիկ, ուրեմն իրենք կարող են ամէ՛ն ինչ, կեանքում իրենց առջեւ բաց են բոլո՛ր դռները, անկախ իրենց բարդ անցեալից, կորուստներից ու զրկանքներից, հոգեբանական բարդոյթներից, որոնք այլեւս անցեալում են: Երբ 10 տարի առաջ Անարատ Յղութեան հայ քոյրերի մեծաւորուհի ք. Արուսեակ Սաճոնեանը եւ Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարուեստական ղեկաւար եւ գլխաւոր դիրիժոր Ռոբերտ Մլքէեանը նախաձեռնեցին այս երգչախմբի ստեղծումը, ընդգրկուեցին հիմնականում ծնողազուրկ, սոցիալապէս անապահով  կամ այլ ընտանեկան բարդութիւններով աղջիկ երեխաներ, որոնք Տիրամայր Հայաստանի կրթօջախի սաներն էին: Յետագայում երգչախումբը համալրուեց նաեւ այլ անդամներով, ովքէր ընտանեկան եւ սոցիալական ծանր խնդիրներ չունեն, բայց կորիզը մնացին հենց բարդ ճակատագրով երեխաները, որոնց համար այսօր բեմ դուրս գալը որպէս մարդ-անհատ կայանալու անփոխարինելի հնարաւորութիւն է, կրթութեան, ինքնազարգացման մի մեծ դպրոց՝ անկախ երաժշտական կարողութիւնների չափից ու տաղանդներից: Սա, եթէ օգտագործենք, մոդային բառեր, «սոցիալիզացիայի» մի գեղեցիկ օրրան է՝ լի հոգեւոր եւ բարոյական արժէքներով: «Նրանք բարդույթների մէջ ապրելու փոխարեն բեմեր են դուրս գալիս եւ դառնում արտիստ, արդե՛ն արտիստ են, որովհետեւ աշխարհի լաւագոյն բեմերում են ելոյթներ ունենում: Այն երեխան, որը ծնողազուրկ է, խնդիրներ ունի եւ պէտք է թաքնուած ապրեր, այսօր, բեմում հպարտ կանգնած, կերտում է հայ արուեստը եւ լաւագոյն արուեստագէտների ստեղծագործութիւններն է երգում, ոչ միայն հայ երգարուեստից, այլեւ՝ համաշխարհային, մեր նման մարդկանց հետ աշխատում է, ձեւաւորւում է մարդ, քաղաքացի, պատուախնդիր եւ լիարժէք մարդ է զգում իրեն».հարցազրոյցի ժամանակ ասաց  Ռոբերտ Մլքէեանը, ով այդ երեխաների հետ երկար ճանապարհ է անցել՝ ոգեւորելով, նրանց մէջ յայտնաբերելով կարողութիւններ, վստահութիւն, որոնց մասին իրենք էլ չեն իմացել:

     Արդիւնքը շատ հուզիչ է հանդիսատեսի համար, մանաւանդ գիւմրեցի հանդիսատեսի, որը գիտէ, թէ ինչ խնդիրներ կարող է ունենալ վերջին երկու տասնամեակներում Գիւմրիում կեանք մտած պատանին ու երիտասարդը եւ հասկանում է, թէ ինչ է նշանակում այդ պատանիների համար երգել Ռոբերտ Ամիրխանեանի երգերը՝ հենց երգահանի նուագակցութեամբ, նրա հետ միասին: Յոբելեանական համերգի վերջում երգահանն իրեն նուիրած ծաղկեփնջերը դրեց երգչախմբի ոտքերի առաջ՝ կարծէս խոնարհուելով նրանց ապրելու ու ստեղծելու կամքի, տաղանդների առաջ: «Ես երջանիկ մարդ եմ, եթէ ուզում եք երջանիկ մարդ տեսնել, ահա՛ այս բեմին է».ասաց մաէստրոն: Նման գնահանքը նման մարդկանց կողմից չի կարող ուժ չտալ գիւմրեցի երիտասարդին, իսկ ապացոյցը նրանց հաղթական ելոյթներն են համաշխարհային բեմերում.2011թ.՝ Շուեյցարիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, 2012թ.՝ Լիբանանում, 2011թ. եւ 2013թ.՝ առաջին մրցանակներ հանրապետական փառատոններում, իսկ այս տարուայ ապրիլին նրանք երգելու են Փարիզում եւ Հռոմում՝ Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցուելիք Սբ. Պատարագի ժամանակ՝ ի յիշատակումն Հայոց Ցեղասպանութեան զոհերի:

    Լեւոն Գալստեան

    100_4843 100_4847 100_4860 100_4866 100_4869 100_4895 100_4898 100_4900

Օրացույց

Օրացույց