• Հայ Կաթողիկէ համայնքների տիկնանց միութիւնների առաջին հաւաք-հանդիպումը Ֆաթիմայի Աստուածամօր երեւման 105-րդ ամեակի առթիւ

    Ո՜վ ողորմութեան մայր, լսի՛ր մեր աղօթքները, լուսաւորիր մեր խեղճ հոգիները, զօրացրու մեր հաւատքը եւ վանի՛ր մեզանից չար դեւերի մռայլ երեւոյթը…


    2022թ. մայիսի 13-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութիւնը՝ Ֆաթիմայի Աստուածամօր երեւման օրուայ առթիւ առաջին անգամ կազմակերպել էր Հայաստանի Հայ Կաթողիկէ թեմի տիկնանց միութիւնների ընդհանուր հաւաք՝ Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցում:

     

    Մինչ Սուրբ Պատարագը ներկաներին ողջունեց Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Եկեղեցու Աթոռանիստ Եկեղեցու ժողովրդապետ՝ Արժ. Տէր Գրիգոր Աւագ քհն. Մկրտչեանը: Տէր Գրիգորը նախ եւ առաջ մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում Տիկնանց միութեան կազմաւորման առաջին շրջանը, որը եղել է 2002 թ. Աշոցքի շրջանի Մեծ Սեպասար գիւղում՝ վաթսուն ութ տիկնանցով, որին հաջորդել է Գիւմրին, ապա միւս հայ կաթողիկէ համայնքները:

     

    «Ուզում եմ կանգ առնել հետեւեալ կետի վրա, որ տիկնանց միութիւնը ստեղծուել է, որպէսզի Եկեղեցու զարկերակն անընդհատ բաբախի: Միութեան առաքելութիւնն է՝ աղօթել միասին եւ գործել միասին, իսկ նպատակը՝

     

    1. նպաստել կանանց դերի բարձրացմանը հոգեւոր կրթութեան, իրաւունքների պաշտպանութեան, մշակոյթի, սոցիալ-տնտեսական ոլորտներում՝ սեմինարների, միջոցառումների, դասընթացների, գենդերային հետազօտութիւնների միջոցով,

    2. նպաստել քաղաքացիական հասարակութեան ձեւաւորմանը,

    3. նպաստել կանանց եւ երեխաների վիճակի բարելաւմանը:

     

    Մեր ցանկութիւնն է, որպէսզի ունենանք նաեւ ընդհանուր տիկնանց միութեան մեծ հաւաքներ, ինչպէս ունենք երիտասարդների, տարեցների, ընտանիքների համար: Սա շատ կարեւոր է, որպէսզի եկեղեցական կեանքին ներգրաւուած լինեն բոլորը՝ թէ՛ տարեցները, թէ՛ մեծերը եւ թէ՛ երեխաները: Քանզի եկեղեցին հարուստ է իր հաւատաւոր ժողովրդով»:

     

    Հանդիպումը մեկնարկեց Սուրբ եւ Անմահ Պատարագով ձեռամբ՝ Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդական Տեղապահ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի առընթերակայութեամբ՝ Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Եկեղեցու Աթոռանիստ Եկեղեցու ժողովրդապետ՝ Արժ. Տէր Գրիգոր Աւագ քհն. Մկրտչեանի եւ Աշոցքի Հայ Կաթողիկէ ժողովրդապետութեան հոգեւոր հովիվ՝ Արժ. Տէր Յովսէփ քհն. Գալստեանի:

     

    Գերյ. վարդապետը Ավետարանի ընթերցումից յետոյ իր խօսքն ուղղեց հանդիպման- հաւաքի մասնակիցներին.

    «Սրտի մեծ բերկրանքով ողջունում եմ Հայ Կաթողիկէ զանազան համայնքներից ժամանած տիկնանց միութիւններին եւ նրանց հոգեւոր հովիւներին: Սա մեր առաջին ընդհանուր հաւաքն է, որը համընկաւ Ֆաթիմայի Աստուածամօր երեւումների 105-րդ ամեակին:

    Սիրելինե՛րս, այսօրուայ հանդիպումը պատահական չէ, այն աստուածային նախախնամութեան եւ Ֆաթիմայի Տիրամօր տնօրինութեամբ է: Սա մի հրաշք է, որ պատահեց մեր թեմում: Թո՛ղ, որ այսուհետ Աստուածամօրը նուիրուած պանծալի տօնի օրը՝ մայիսի 13-ը, դառնայ աւանդոյթ հայ կաթողիկէ տիկնանց միութիւնների համար, որպէսզի ամէն տարի այս օրը տեղի ունենայ ընդհանուր հաւաք:

     

    Մեր այսօրուայ ամենակարեւոր նպատակն է, ինչպէս միշտ ստեղծել կամուրջներ համայնքներից դուրս, որպէսզի էլ աւելի ամրապնդենք կապը մեր համայնքների միջեւ»:

     

    Գերյ. Հայր Գառնիկը, ապա փոքրիկ անդրադարձ կատարեց Ֆաթիմայի Աստուածամօր Երեւումներին, որոնք տեղի են ունեցել 1917թ. Պուրտուգալիայի Ֆաթիմա կոչուող փոքրիկ գիւղում:

     

    «Սիրելի՛ տիկնայք, քանի որ այսօր խորհրդանշական օր է, ուզում եմ ձեզ հետ կիսուել Ֆաթիմայի Աստուածամօր երեւումների մասին, որը տեղի ունեցաւ 1917թ. Մայիսի 13-ին:

     

    Ֆաթիման Պորտուգալիայի Լերիա քաղաքի փոքրիկ գիւղերից մէկն է, որի բնակչութիւնը զբաղւում էր երկրագործութեամբ եւ անանսնապահութեամբ:

     

    1917 թուականի մայիս 13-ին երեք փոքրիկ հովիւներ` 10-ամեայ Լիւսիայ Սանթոսը,  Ֆրանչեսկո Մարտոն եւ Յակինթա Մարտոն ականատեսը դարձան իրական մի հրաշքի՝ նրանց երևաց տեսիլք՝ գեղեցիկ կնոջ փայլատակող կերպարով, որը կարծես պատուած լիներ սպիտակ ամպով եւ գրեթէ դիպչում էր կաղնու ճիւղերին եւ Նրա ձեռքերին աղոթաձև կախուած էր Սուրբ վարդարանը: Երեխաները անմիջապէս ճանաչում են Մարիամ Աստուածածնին:

     

    Աստուածամօր երեւումները այդ վայրում եղել են 1917-ի մայիսի 13-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը ընկած ժամանակահատուածում ՝ ըստ Իր խօստման:

     

    Սուրբ Կոյսը  Մարիամը երեք երեխաների միջոցով աշխարհին երեք կարեւոր պատգամ փոխանցեց՝ ամեն  օր  աղօթել Սուրբ Վարդարան, ապաշխարել եւ քաւութեան գործեր անել բոլոր մարդկանց գործած մեղքերի համար:

     

    Շուտով այդ մասին իմացաւ ողջ Պորտուգալիան, բարի լուրը տարածուեց երկրի սահմաններից դուրս, եւ այդ վայրը դարձաւ սրբատեղի: Նոյնիսկ մէկ անգամ հոկտեմբերի 13-ին, մարդիկ դարձել էին ականատեսը դարձան «Արեւային պարին»՝ երբ արեւի ճառագայթները  մի քանի վայրկեանների ընթացքում առանձնացել եւ շարժուել երկնքով մեկ՝ հետաքրքիր ու խորհրդաւոր ուրուագծեր ստեղծելով: Մայիս 13-ը այնուհետ դարձաւ Աստուածամօր երեւումների մեկնարկի օր:

     

    Յիշեալ երեւումները պատահել են համաշխարհային առաջին պատերազմի օրերին։ Աստուածամօր պատուէրն է եղել աղօթել, վերադառնալ Քրիստոսի հաւատքին եւ ապաշխարել. որպէսզի փրկի մարդկութեանը խաւարից  եւ առաջնորդի դէպի Աղբիւրը Լոյսի, դէպի Քրիստոսը եւ Իր եկեղեցիին։

     

    Փառաւորեալ եւ օրհնեալ Սուրբ Կոյս Աստուածածին Մարիա՛մ, մատոյ՛ զաղաչանս մեր Որդւոյ Քոյ եւ Աստուծոյ մերոյ, փրկել զմեզ ի փորձութեանց եւ յամենայն վտանգից մերոց: ԱՄԷՆ…»:

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը իր խօսքի վերջում շնորհակալութիւն յայտնեց Տիրոջը, նման առիթ ընձեռելու համար, որ կարողացան բոլոր համայնքներից մեկտեղուած՝ միասին ու միախորհուրդ աղօթք բարձրացրացնել առ Աստուած:

     

    Միասնական Սուրբ եւ Անմահ Պատարագից յետոյ հաւաքի մասնակիցները հոգեւոր հովիվների հետ միասին  աղօթեցին Սուրբ Վարդարան:

     

    Վարդարանի ջերմեռանդութիւնից յետոյ, խօսք առաւ նաեւ Աշոցքի հայ կաթողիկէ ժողովրդապետութեան հոգեւոր հովիվ՝ Արժ. Տէր Յովսէփ քհն. Գալստեանը, ով իր շնորհակալական խօսքն ուղղեց հաւաքի կազմակերպիչներին, ինչպէս նաեւ տիկնանց միութեան անդամներին.

     

    «Սիրելի ներկաներ, շատ կարեւոր է, որպէսզի մենք միասին համախմբուենք եւ միմեանցից ինչ-որ նոր բան սովորենք: Մեր համայնքներում, մենք մշտապես աղօթում ենք, ունենք ամենօրեայ Պատարագներ, բայց ձեւաւորուած տիկնանց միութիւններ որպէս այդպիսին դեռեւս չունենք եւ սա թո՛ղ լինի մեզ համար սկիզբ, ազդարարութիւն, որ այսօրուանից մենք աւելի լրջօրէն այդ մասին մտածենք:

     

    Ուզում եմ, որ այսօր ձեզ համար սա լինի փորձի փոխանակում՝ ոչ միայն աղօթքով շաղախուելու ու միանալու՝ այլ նաեւ միասին խօսելու եւ փորձառութիւնը միմյանց հետ կիսելու համար:

     

    Այս ամենը մենք միասին պէտք  է անենք, ուստի եկէ՛ք խոհեմութեամբ մտածենք, թէ ինչքա՜ն կարեւոր է տիկնանց միութիւնների գոյութիւնը համայքներում: Աստուած օրհնի բոլորիս:

     

    Շնորհակալութիւն…»:

    Տէր Յովսէփ քհն. Գալստեանից յետոյ խօսք առաւ Արեւիկի եւ Լանջիկի հայ կաթողիկէների ժողովրդապետ՝ Արժ. Տէր Նարեկ քհն. Թադեւոսեանը, ով իր ողջօյնի խօսքն ուղղեց մասնակիցներին՝ ուրախութիւն յայտնելով, որ Աստուծոյ նախախնամութեամբ հնարաւորութիւն ընձեռուեց Հայ Կաթողիկէ տիկնանց միութիւններին միասին աղօթելու Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցում:

     

    Դիւան Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան

Օրացույց

Օրացույց