• Ընտանեկան կապերն ավելի զորեղ են, քան նախապաշարմունքները

    Հավատքը, սերը և նվիրվածությունը մերձավորին հաղթահարում են ցանկացած նախապաշարմունք:


    2022թ. ապրիլի 27-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց խորհրդածությունը ծերության մասին: Այս անգամ նա խոսեց աստվածաշնչյան երկու կերպարների՝ երիտասարդ մովաբացի այրի Հռութի (Հիսուսի նախամայրը) և նրա սկեսուր Նոյեմիի հարաբերությունների մասին. Աստծո հանդեպ ունեցած սիրո և հավատարմության շնորհիվ տարբեր սերունդների պատկանող այս կանայք գտան Աստծո օրհնությունները օտար երկրում:

     

    Դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված մեծաթիվ ուխտավորներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հռութի գիրքը «Աստվածաշնչի գոհարն է», որը բացահայտում է ընտանեկան հարաբերությունների գեղեցկությունը: Սիրո կապերը ընտանեկան սիրո քերականությունն են, որը հանգեցնում է սերունդների կենսունակության ու իմաստության ամբողջականությանը հասարակության մեջ: Նույնիսկ դրամատիկ փորձությունների ժամանակ սերունդների ընտանեկան կապերը, ազգակցական կապերը, նվիրվածությունն ու հավատարմությունը «կարող են աներևակայելի զորություն տալ սիրուն, վերակենդանացնել հույսն ու ապագան», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Սակայն դրան հակադրվում են նախապաշարմունքները և զանազան խոսակցություններն ընտանեկան կապերի մասին, հատկապես սկեսուրի և հարսի միջև. «Ահա թե ինչու Աստծո Խոսքը բացառիկ արժեք է ձեռք բերում», – նշեց Նորին Սրբությունը և խորհուրդ տվեց հավատացյալներին կրկին բացել Հռութի գիրքը, հատկապես սիրո և ընտանիքի մասին խորհելիս:

    «Այս փոքրիկ գիրքը պարունակում է նաև կարևոր դաս սերունդների միության մասին. այնտեղ, որտեղ երիտասարդությունը կարող է վերականգնել խանդավառությունը հասուն տարիքում, ապա ծերությունն ունակ է ցույց տալու վիրավոր երիտասարդների ապագան»:

     

    Կյանքը տարեց Նոյեմին և նրա այրիացած հարսին՝ Հռութին, կանգեցնում է դժվարին փորձությունների առաջ, սակայն նրանց փոխադարձ սերն ու մտերմությունը ստանում են Ամենակարողի տեսանելի օրհնությունը։ Նոյեմիի թուլության և հիասթափության պահերին Հռութը միշտ օգնում էր նրան և որդիական աջակցություն ցուցաբերում՝ հավատարիմ մնալով ընտանեկան կապերին. «Որոշ դեպքերում, – ընդգծեց Սրբազան Քահանայապետը, – անհրաժեշտ է, որ երիտասարդները ճնշեն տարեցների հոռետեսությունը»: Արդյունքում, Նոյեմին՝ հուզված իր հարսի նվիրվածությունից, կհաղթահարի իր հուսահատությունը և նույնիսկ կստանձնի նախաձեռնությունը. նա կօգնի Հռութին նոր ապագա գտնել օտար երկրում. արժանի կողակից և օրհնված սերունդ:

     

    Տեղացի կանայք երջանիկ Նոյեմին կասեն, որ օտարազգի Հռութը «յոթը որդուց լավ է»։ Այսպիսով, հավատքը, սերը և նվիրվածությունը մերձավորին հաղթահարում են ցանկացած նախապաշարմունք, ընդգծեց Նորին Սրբությունը. սկեսուրը հաղթահարում է խանդը սեփական որդու նկատմամբ՝ սիրելով և ընդունելով հարսի նոր հարաբերությունները, միայնակ ու խոցելի աղջիկը հաստատում է սիրով և հարգանքով լի կապեր, «Իսրայելի կանայք հաղթահարում են անվստահությունն օտարերկրացու հանդեպ, եթե կանայք են դա անում, ապա կարող են անել բոլորը»:

     

    Սրբազան Քահանայապետն ասաց, որ անարդար է վատը մտածել սկեսուրի կամ զոքանչի մասին, քանի որ նա ամուսնու կամ կնոջ մայրն է. «Տատիկների համար ամենագեղեցիկ բաներից մեկը իրենց թոռների ծնունդը տեսնելն է։ <…> Ես նաև ձեզ եմ դիմում, սկեսուրներ և զոքանչներ. զգուշավոր եղեք խոսքերում, քանի որ լեզուն սկեսուրների և զոքանչների վատագույն մեղքերից է, ուստի զգույշ եղեք։ <…> Եթե ​​երիտասարդները երախտապարտ լինեն իրենց ստացածի համար, իսկ ծերերը փորձեն վերագտնել իրենց ապագան, ապա ոչինչ չի կարող խանգարել Աստծո օրհնությունների ծաղկմանը ազգերի միջև: Թո՛ղ Տերն օգնի մեզ լինել այդ օրհնության վկաներն ու միջնորդները»:

     

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը կոչ արեց երիտասարդներին հաճախակի շփվել տատիկ-պապիկների հետ, իսկ տարեցներին՝ երիտասարդների հետ.

     

    «Թո՛ղ Տերը օգնի մեզ այս միջոցով ամրապնդել ներդաշնակությունը ընտանիքներում, ստեղծագործական ներդաշնակությունը, որը  տարեցներից փոխանցվում է երիտասարդներին, մի հրաշալի կամուրջ, որը մենք պետք է պահպանենք և պաշտպանենք»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց