• Հարուցյալ Հիսուսը փարատում է մեր վախերը

    «Տերը չի փնտրում կատարյալ քրիստոնյաներ, ովքեր երբեք չեն կասկածում և միշտ անսասան հավատաք են ցուցաբերում»:


    «Ավելի լավ է ունենալ անկատար, բայց խոնարհ հավատք, որը միշտ դեպի Հիսուս է տանում, քան ուժեղ, բայց ամբարտավան հավատք, որը ստիպում է մարդուն գոռոզանալ և ինքնահավան դառնալ», –  ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ապրիլի 24-ին՝ Regina Caeli աղոթքը կարդալուց առաջ:

     

    Մեկնաբանելով օրվա ավետարանական ընթերցումը, որտեղ պատմվում է Երուսաղեմի վերնատանը թաքնված աշակերտներին հարություն առած Հիսուսի երկու երևումների մասին և նկարագրվում Թովմասի հետ Նրա հանդիպումը, Նորին Սրբությունն առաջարկում է ուշադրություն դարձնել երկու կերպարների վրա. նախ՝ Թովմաս առաքյալի, ապա՝ Հիսուսի: Հիշեցնենք, որ Թովմաս առաքյալը ներկա չէր առաջին երևման ժամանակ և չէր հավատում, որ Տերը իսկապես հարություն է առել, քանի դեռ ութ օր հետո չդարձավ Հիսուսի երկրորդ երևման անմիջական վկան: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Թովմասը ներկայացնում է մեզ բոլորիս, քանի որ մենք ևս երբեմն դժվարությամբ ենք հավատում, որ Հիսուս հարություն է առել, մենք նույնպես ցանկանում ենք տեսնել Տիրոջ ներկայության և սիրո կոնկրետ նշաններ:

     

    Մենք չպետք է ամաչենք մեր կասկածների համար, հավելեց Նորին Սրբությունը, քանի որ Թովմասի պատմությունը սովորեցնում է մեզ, որ «Տերը չի փնտրում կատարյալ քրիստոնյաներ, ովքեր երբեք չեն կասկածում և միշտ անսասան հավատաք են ցուցաբերում»:

     

    «Հավատքի արկածը» մատնանշվում է «լույսով և ստվերով», – պարզաբանեց Սրբազան Քահանայապետը, – հակառակ դեպքում ինչպիսի՞ հավատք կլիներ դա: Նա գիտի ոչ միայն մխիթարության, պոռթկումների և նկրտումների ժամանակը, այլ նաև հոգնածության և կասկածի ժամանակը»: Ավետարանը մեզ ներկայացնում է Թովմասի «ճգնաժամը», որպեսզի ասի, որ մենք չպետք է վախենանք կյանքի և հավատքի ճգնաժամերից: Առողջ ճգնաժամը մեր հոգևոր կյանքում կարող է մեզ խոնարհ դարձնել և օգնել տեսնել, որ մենք Աստծո կարիքն ունենք ու պետք է միշտ Նրան փնտրենք, ինչպես դա արեց Թովմասը, որպեսզի դիպչենք Տիրոջ վերքերին և վերստին զգանք Նրա սերը, ասաց Նորին Սրբությունը:

     

    Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ Հիսուս երկու անգամ երևաց աշակերտներին, ցույց տալով, որ Տերը չի նահանջում և չի հոգնում մեր կասկածներից ու թուլություններից։ Նույնիսկ եթե մեր դուռը փակ է, Տերը վերադառնում է, որպեսզի օգնի փարատել մեր վախերն ու կասկածները, և թույլ է տալիս տեսնել Իր վերքերը՝ «Նրա սիրո նշանները, որն ընդունել է մեր թուլությունները»:

     

    Թե՛ հոգնածություն զգալիս, թե՛ ճգնաժամ վերապրելիս, մենք պետք է հիշենք, որ «հարություն առած Հիսուսը ցանկանում է վերադառնալ և մնալ մեզ հետ», Նա միայն սպասում է, որ մենք փնտրենք Իրեն, կանչենք Իրեն, նույնիսկ արտահայտենք մեր կասկածներն ու անհավատությունը, որպեսզի Նա օգնի մեզ հաղթահարել դրանք Իր համբերատար և ողորմած սիրով: Նա գալիս է բացելու մեր վախերի, մեր անհավատության սենյակների դռները, որպեսզի մեզ ևս մեկ հնարավորություն տա.

     

    «Հիսուսն “հնարավորություններ ընծայող” Տեր է. Նա մեզ միշտ ևս մեկ հնարավորություն է տալիս: Եկե՛ք խոստանանք ինքներս մեզ, որ հաջորդ անգամ, երբ հոգնենք, կփնտրենք Հիսուսին, կվերադառնանք Նրա մոտ, Նրա ներմանը, վերքերին, որոնք բուժեցին մեզ: Այդպիսով, մենք նույնպես կդառնանք կարեկցող և առանց դաժանության ու նախապաշարմունքների ընդունակ կլինենք դիպչել ուրիշների վերքերին»:

     

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունն աղոթեց Սուրբ Կույս Մարիամին՝ գթասրտության Մորը, որպեսզի Նա ուղեկցի մեզ «հավատքի և սիրո ճանապարհին»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց