Եկե՛ք մեր ստերը դնենք հարություն առած Հիսուսի լույսի առաջ:
Հարուցյալ Քրիստոսը ցանկանում է լույս սփռել այն ստերի վրա, որոնք մենք կրում ենք մեր մեջ, Նա ցանկանում է մեզ դարձնել Ավետարանի ուրախության, ճշմարտության վստահելի վկաները, ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ապրիլի 18-ին՝ Regina Caeli աղոթքը կարդալուց առաջ:
Խորհրդածելով Մատթեոսի Ավետարանից վերցված մի հատվածի շուրջ, որտեղ նկարագրվում է հարուցյալ Տիրոջ հանդիպումը աշակերտների հետ, Նորին Սրբությունն ընդգծում է, որ զատկական օկտավայի բոլոր ութ օրերը, ըստ էության, մեկ օր են, որի ընթացքում Հարության ուրախությունը երկարաձգվում է։ Օրվա ավետարանական ընթերցումը շարունակում է պատմել հարություն առած Տիրոջ և Նրա երևումների մասին (տես՝ Մտթ. 28,8-15): Հիսուս ելնում է Իր գերեզման եկած կանանց դիմաց և ողջունում նրանց, ապա երկու խոսք ասում, որը մեզ համար ևս օգտակար կլինի ընդունել՝ որպես զատկական նվեր, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
Նախ, Հիսուս հանգստացնում է կանանց երկու պարզ խոսքերով. «Մի՛ վախեցեք» (տես՝ Մտթ. 28,10), քանզի «Տերը գիտի, որ վախերը մեր ամենօրյա թշնամիներն են: Նա նաև գիտի, որ մեր բոլոր վախերի սկզբնաղբյուրը մահվան մեծ վախն է, հարազատներին կորցնելու, հիվանդանալու, կուտակված խնդիրների բեռին չդիմանալու վախը… Սակայն Զատիկին Հիսուս հաղթեց մահին: Դրա համար էլ ոչ ոք չի կարող առավել համոզիչ մեզ ասել. «Մի՛ վախեցեք»: Տերը դա ասում է գերեզմանի մոտ, որտեղից Նա հաղթանակած է դուրս եկել: Այսպիսով, Նա մեզ կոչ է անում դուրս գալ մեր վախերի գերեզմանից: Նա գիտի, որ վախը միշտ թաքնված է մեր սրտի դռան մոտ, և որ այս Զատկի առավոտյան, ինչպես նաև ամեն առավոտ, մեզ պետք է անընդհատ ասել. ’Մի՛ վախեցեք’»:
Քրիստոսի ասած երկրորդ խոսքն է օգնում կանանց հաղթահարել վախը. «Գնացե՛ք ասացեք իմ եղբայրներին, որ գնան Գալիլիա և այնտեղ Ինձ տեսնեն» (տես՝ Մտթ. 28,10): «Գնացեք և ասացեք». «Վախը մեզ միշտ պարփակում է, սակայն Հիսուս ստիպում է մեզ դուրս գալ և ուղարկում ուրիշների մոտ, – պարզաբանեց Նորին Սրբությունը: – Տիրոջ համար կարևոր է մենք դուրս գանք և հռչակենք, որովհետև Զատիկի ուրախությունը չի կարելի պահել ներսում: Քրիստոսի ուրախությունը մեծանում է, եթե այն նվիրվում է, այն բազմապատկվում է, եթե այն կիսվում է»:
Բայց այսօրվա հատվածում ասվում է նաև, որ հռչակումը կարող է խոչընդոտի հանդիպել, որը սուտն է: Տվյալ դեպքում դա Հիսուսի գերեզմանը հսկող զինվորների սուտն է։ Նրանց «բավականին գումար» տվեցին և հրամայեցին. «Կասե՛ք, թե Նրա աշակերտները, գիշերը գալով, գողացան Նրան, մինչ մենք քնի մեջ էինք» (տես՝ Մտթ. 28,13): «Դուք քնա՞ծ էիք և երազում տեսաք, թե՞ ինչպես էին նրանք գողանում մարմինը: Այստեղ հակասություն կա, բայց այս հակասությանը հավատում են, քանի որ մեջտեղը փող կա: Այդպիսին է փողի իշխանությունը, մեկ այլ տիրակալ, որին Հիսուս խնդրում է երբեք չծառայել»,- ընդգծեց Սրբազան Քահանայապետը։ «Այստեղ սուտը հակադրվում է ճշմարտության հռչակմանը։ Սա հիշեցում է նաև մեզ համար, քանզի սուտը խոսքում և կյանքում, խեղաթյուրում է հռչակումը, ապականում ներսից, տանում դեպի գերեզման, մինչդեռ հարուցյալ Տերը ցանկանում է մեզ հանել երկերեսանիության և ստի գերեզմանից, – ընդգծեց Նորին Սրբությունը, հավելելով, որ խաբեյության, կեղծիքի և ստի կուռքը փողն է: «Փողի այդ կուռքը կեղտոտում և կործանում է ամեն ինչ, փակում է փրկության դուռը։ Եվ դա տեղի է ունենում ամենուր. առօրյա կյանքում շատ են փողի այս կուռքին երկրպագելու գայթակղությանն ենթարկվելու փորձությունները»:
«Սիրելի՜ եղբայրներ և քույրեր, մենք արդարացիորեն ենք զայրանում, երբ տեղեկատվության օգնությամբ բացահայտում ենք սուտն ու կեղծիքը մարդկանց կյանքում և հասարակության մեջ։ Սակայն եկե՛ք անուն տանք նաև այն կեղծիքին, որը մեր մեջ է։ Եկե՛ք մեր ստերը դնենք հարություն առած Հիսուսի լույսի առաջ: Տերը ցանկանում է լուսավորել նվիրականը, մեզ դարձնել թափանցիկ և Ավետարանի ուրախության՝ մեզ ազատ դարձնող ճշմարտության, լուսավոր վկաները (տես՝ Հվհ. 8,32)»:
«Մարիամ, Հարուցյալի Մայր, օգնիր մեզ հաղթահարել մեր վախերը և անընդհատ ձգտել ճշմարտության», – խորհրդածության ավարտին կոչ արեց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը