«Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս»:
Պողոս VI սրահում ապրիլի 13-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց խաղաղության մասին և կոչ արեց հավատացյալներին զատկական տոները վերապրել՝ որպես անցում աշխարհիկ մտածելակերպից ավետարանականի:
Նորին Սրբությունը մեկնաբանեց Հովհաննեսի Ավետարանում գրված Քրիստոսի խոսքերը. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս» (Հովհ. 14, 27): Տերը տապալում է մարդկային ծրագրերը, այս աշխարհի մտածելակերպը, ըստ որի խաղաղության կարելի է հասնել միայն ուժով և նվաճմամբ:
Ծաղկազարդը և Սուրբ Զատիկը երկու տարբեր տոներ են, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. նախ՝ ամբոխը Հիսուսին հռչակում է Մեսիա և Երուսաղեմում Նրան ողջունում որպես թագավորի «ով կբերի խաղաղություն և փառք», Երուսաղեմը կազատի հռոմեական օկուպացիայից։ Ինչ-որ մեկը երազում էր վերականգնել սոցիալական բարեկեցությունն ու արդարությունը՝ Հիսուսի մեջ տեսնելով իդեալական միապետի, ով կարող էր հացով կերակրել մարդկանց մի մեծ բազմություն և մեծ հրաշքներ գործել:
Նորին Սրբության խոսքերի համաձայն՝ Հիսուսը պիտի վերապրեր լրիվ այլ Զատիկ, ընդորում այնքան տարբերվող, որ Նա որոշեց Երուսաղեմ մտնել ամենախոնարհ ձևով. Աստծո ճանապարհը հիմնովին տարբերվում է այս աշխարհի ճանապարհներից. «Միջպատերազմյան ժամանակահատված»: Տիրոջ խաղաղությունը հետևում է հնազանդության և խաչի ճանապարհին, պատասխանատվություն կրում ուրիշների համար, քանզի Քրիստոս Իր վրա վերցրեց մեր չարիքը, մեղքն ու մահը՝ ամբողջությամբ վճարելով մեր ազատության համար: «Սակայն այս քնքուշ և խիզախ աշխարհը հեշտ չէ ընդունել». «Ովսաննայից (փառաբանությունից)» մինչև «խաչելություն» շատ կարճ քայլ է, ընդգծեց Նորին Սրբությունը՝ մեկնաբանելով մի հատված Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» գրքից, որտեղ նկարագրվում է Մեծ ինկվիզիտորի սուր քննադատությունը նրա կողմից ձերբակալված Հիսուսի վերաբերյալ.
«Նախատինքի պատճառն այն է, որ Քրիստոս, թեև կարող էր, բայց երբեք չցանկացավ դառնալ Կեսար՝ այս աշխարհի հզոր թագավորը, այլ գերադասեց մարդուն ազատություն տալ և չենթարկել Իրեն կամ ուժով լուծել նրա խնդիրները։ Նա կարող էր խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում՝ գերագույն իշխանության ուժով ճկելով մարդու ազատ, բայց թույլ սիրտը: Սակայն Նա չցանկացավ անել դա, քանի որ հարգում էր մեր ազատությունը»:
Հիսուսի խաղաղությունը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, չի ճնշում ուրիշներին, «դա երբե՛ք զինված խաղաղություն չէ. երբե՛ք»: Ավետարանի զենքերն են աղոթքը, քնքշությունը, ներողամտությունը և անպատասխան սերը ամեն մի մերձավորի հանդեպ։
«Ահա թե ինչու այս օրերի զինված ագրեսիան, ինչպես ցանկացած պատերազմ, վիրավորանք է Աստծուն, սրբապիղծ դավաճանություն Տիրոջ Զատիկի հանդեպ, երբ նախապատվությունը տրվում է այս աշխարհի կեղծ կուռքին, այլ՝ ոչ թե Նրա հեզ դեմքին: Պատերազմը մարդկային գործողություն է, որն անխուսափելիորեն հանգեցնում է իշխանության կռապաշտությանը»:
Այս աշխարհի ուժը բերում է կործանում և մահ, ասաց Նորին Սրբությունը, իսկ Քրիստոսի խաղաղությունը «կերտում է պատմություն» և յուրաքանչյուր մարդու սիրտը, ով ընդունում է Նրան և զատկական անցում է կատարում նոր մտածելակերպի.
«Հատկապես այս տարի սա օրհնյալ հնարավորություն է աշխարհիկ կուռքից անցում կատարել դեպի քրիստոնյա Աստված, մեր ներքին ագահությունից դեպի մեզ ազատող ողորմածություն, ուժով բերված խաղաղության ակնկալիքից դեպի Հիսուսի խաղաղություն՝ կոնկրետ վկայությամբ»։
Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին «կանգնել Խաչյալի առաջ՝ մեր խաղաղության աղբյուրի, և Նրանից խնդրել խաղաղություն սրտերում և ամբողջ աշխարհում»։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը