Եղբայրսիրությունը՝ փրկագործության լույսի ներքո
2022թ․-ի ապրիլի 11-12-ը Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ Սրբոց Հրեշտակապետաց և Մխիթարյան ճեմարանների սաներն իրենց հոգևոր հայրերի հետ միասին ունեցան երկօրյա հոգևոր կրթություն։
Օրակարգում ներառված էին՝ Ճաշի երեք, Խաղաղական և Հանգստյան ժամեր, Սուրբ Հաղորդության երկրպագություն, Սուրբ և Անմահ Պատարագ, որը մատուցեց Առաջնորդական տեղապահ Գերհ. Հ․ Գառնիկ Ծ․Վրդ․ Հովսեփյանը։
«Եղբայրսիրությունը՝ փրկագործության լույսի ներքո»՝ որպես առանցքային թեմա, ներկայացրեց Արժ. Տեր Հովսեփ քհն. Գալստյանը՝ հոգևոր դասախոսության երեք հանդիպումների շրջանակներում, որոնք իրենց մեջ ներառում էին հետևյալ կետերը․
1. «Եղբայրսիրություն» – Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ընդունել և օգնել դիմացինին, ապրել հասարակության հետ՝ Քրիստոսի սիրո օրինակով՝ անձնազոհությամբ։ Չէ՞ որ Քրիստոսն ինքը սիրեց մեզ անձնազոհ սիրով՝ չնայած մեր անարժանությանը։ Ուրեմն մենք էլ պարտավոր ենք հետևել Հիսուսի օրինակին՝ անկախ դիմացինի հանդեպ տածած սիրո։
2. «Աղոթք» – Թերևս առաջնային և կարևորագույն հոգևոր միջոցը Սուրբ Հոգու հետ հաղորդակցվելու, քանի որ Սուրբ Հոգին է, որ աղոթում է Աստծուն, հետևաբար առաձնակի կարևոր է պատարագի ընթացքում հաղորդվելը։
3. «Խաչ կրել Քրիստոսի հետ» – կարողանալ ընդունել փորձությունները՝
որպես հնարավորություն հավատով ուղղվելու։ Խաչակից լինել Քրիստոսին, չէ որ Քրիստոսի տառապանքը ինքնին սեր է։
Քրիստոնեական դասախոսությանը հաջորդեց ճեմարականների խմբային աշխատանքը, որի ընթացքում կրտսեր սաները խոսե
ցին հասարակաց աղոթքի կարևորության և առավելությունների մասին, իսկ ավագ ժառանգավորները՝ անձնական աղոթքի։ Հոգևոր կրթությունն ավարտվեց Սուրբ Կույս Մարիամին նվիրված «Անկանիմք» շարականով։
Երախտապարտ ենք Տիրոջը ընձեռած հնարավորության համար, քանի որ նմանատիպ հանդիպումները իրենց անգնահատելի հետքն են թողնում ցանակացած ժառանգավորի քրիստոնեական դաստիարակության ճանապարհին։
Սրբոց Հրեշտակապետաց Միացյալ Հոգևոր Ճեմարան