• Ն. Ս. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻ 2022Թ. ՔԱՌԱՍՆՈՐԴԱՑ ՊԱՀՔԻ ՈՒՂԵՐՁԸ

    Քրիստոսի Հարությունը կենդանացնում է մեր բոլոր երկրային հույսերը՝ հավիտենական կյանքի «զորեղ հույսով» և արդեն իսկ ներկա ժամանակներում բերում է փրկության սերմը:


    «Իսկ բարին գործելուց չձանձրանաք, որովհետև հարմար ժամանակին պիտի հնձենք, եթե չթուլանանք: Ահա՛ թե ինչու, քանի դեռ ժամանակ կա, բարին գործե՛նք բոլորի հանդեպ» (Գաղ. 6, 9-10):

     

    Սիրելի՜ եղբայրներ և քույրեր,

     

    Մեծ Պահքն անձնական և համայնքային նորոգության ամենաբարենպաստ ժամանակաշրջանն է, որը մեզ տանում է դեպի Հիսուս Քրիստոսի Զատիկը, Ով մահացավ և հարություն առավ։ 2022թ. Մեծ Պահքի ճանապարհին օգտակար կլինի խորհել գաղատացիներին ուղղված Սբ. Պողոսի ուղերձի մասին. «Իսկ բարին գործելուց չձանձրանաք, որովհետև հարմար ժամանակին պիտի հնձենք, եթե չթուլանանք: Ահա թե ինչու, քանի դեռ ժամանակ կա, բարին գործենք բոլորի հանդեպ» (Գաղ. 6, 9-10):

     

     

    1. Ցանք և հունձք

     

    Գաղատացիներին ուղղված նամակի մի հատվածում առաքյալն անդրադառնում է Հիսուսի համար այդքան կարևոր ցանքի և հունձքի դրվագին (տես՝ Մտթ. 13): Սբ. Պողոսը մեզ պատմում է «կայրոսի» մասին՝ բարենպաստ ժամանակահատված՝ հունձքի համար բարիք սերմանելու համար: Ի՞նչ է մեզ համար այդ բարենպաստ ժամանակահատվածը: Անկասկած, դա Քառասնորդաց Պահքն է, սակայն դա նաև ամբողջ երկրային կյանքն է, որի համար ինչ-որ առումով պատկեր է Մեծ Պահքը (1): Մեր կյանքում գերակշռում են ագահությունն ու հպարտությունը, ունենալու, խնայելու և սպառելու ցանկությունը, ճիշտ այնպես, ինչպես հիմարը, ով իր կյանքը կայուն և երջանիկ էր համարում՝ իր ամբարներում կուտակած բերքի շնորհիվ (տես՝ Ղկ. 12, 16-21): Մեծ Պահքի ժամանակ մենք պետք է դարձի գանք, փոխենք մեր մտածելակերպը, որպեսզի մեր կյանքի ճշմարտությունն ու գեղեցկությունը տեսնենք ոչ թե ունենալու, այլ՝ տալու մեջ, ոչ թե կուտակելու, այլ բարիք սերմանելու և դրանով կիսվելու մեջ:

     

    Առաջին սերմնացանը հենց Ինքն Աստվածն է, Ով «շարունակում է առատաձեռնորեն բարի սերմեր ցանել մեր մարդկային ընտանիքում» (շրջաբերական Fratelli tutti, 54): Մեծ Պահքի ընթացքում մենք կանչված ենք պատասխանելու Աստծո պարգևներին՝ ընդունելով Նրա «կենդանի և ազդու» Խոսքը (Եբր. 4, 12): Աստծո Խոսքի հանդեպ համակ ուշադրությունը մեր մեջ մեծացնում է Նրան հնազանդվելու հեզ ցանկությունը (տե՛ս՝ Հակոբոս 1, 21), որը մեր կյանքը դարձնում է արգասավոր: Եթե ​արդեն սա՛ է մեզ ուրախություն պարգևում, ապա որքան ուժգին կլինի մեր ուրախությունը՝ «Աստծո գործակից» լինելու կոչման համար (տես՝ 1 Կորնթ. 3, 9), հօգուտ մեզ օգտագործելով ներկա պահը (տես՝ Եփես. 5,16), որպեսզի մենք նույնպես բարիք սերմանենք մեր գործերի միջոցով: Բարիք սերմանելու կոչը ոչ թե բեռ է, այլ՝ օրհնություն, շնորհ, որի միջոցով Արարիչը ցանկանում է մեզ դարձնել Իր պտղաբեր առատաձեռնության ակտիվ մասնակիցը:

     

    Իսկ հու՞նձքը: Արդյո՞ք սերմը չի ցանվում հետագա հունձքի համար: Իհարկե: Սբ. Պողոս առաքյալն ընդգծում է սերտ կապը ցանքի և հունձքի միջև՝ պնդելով. «Ով որ մի բան սերմանում է խնայելով, խնայողությամբ էլ կհնձի, և ով առատաձեռնորեն է սերմանում, առատաձեռնությամբ էլ կհնձի» (2 Կորնթ. 9, 6): Ի՞նչ հունձքի մասին է խոսքը։ Ցանքի առաջին պտուղը դրսևորվում է մեր մեջ և մեր առօրյա հարաբերություններում, ինչպես նաև ամենափոքր բարի գործերում։ Աստծո մեջ չի կորչում սիրո ոչ մի դրսևորում, նույնիսկ ամենափոքրը, ոչ մի «առատաձեռն ջանք» (տե՛ս՝ առաքելական ուղերձը Evangelii gaudium, 279): Ինչպես ծառն է ճանաչվում իր պտղից (տես՝ Մտթ, 7, 16:20), այնպես էլ բարի գործերով լի կյանքը Քրիստոսի լույսն ու բուրմունքն է բերում աշխարհ (տես՝ 2 Կորնթ. 2, 15): Առանց մեղքի ծառայությունը՝ Աստծուն, բերում է սրբության պտուղներ՝ բոլոր մարդկանց փրկության համար (տես՝ Հռոմ. 6, 22):

     

    Իրականում մեզ տրված է տեսնելու մեր սերմանած պտուղների միայն մի փոքր մասը, քանի որ, ինչպես ավետարանական առակն է ասում. «ա՛յլ է սերմանողը և ա՛յլ՝ հնձողը» (Հվհ. 4, 37): Մենք այն ժամանակ ենք Աստծո առատաձեռնության մասնակիցը դառնում, երբ սերմանում ենք ուրիշի բարօրության համար. «Իսկապես ազնիվ է հույս դնել բարի սերմերի թաքնված զորության վրա, որոնք մենք սերմանում ենք և այդպիսով նախաձեռնում գործընթացներ, որոնց պտուղները կհնձեն ուրիշները» (Fratelli tutti, 196): Ուրիշների համար բարություն սերմանելը մեզ ազատում է անձնական շահ ունենալու նեղ տրամաբանությունից և մեր գործողություններին անշահախնդրության շունչ տալիս՝ մեր առջև բացելով Աստծո բարի մտադրությունների սքանչելի հորիզոնը:

     

    Աստծո Խոսքն ավելի է ընդլայնում մեր մտահորիզոնը՝ ասելով, որ «ամենաիսկական հունձքը վախճանաբանական հունձքն է, վերջին օրվա հունձքը՝ առանց մայրամուտի: Մեր կյանքի և մեր գործողությունների պտուղը, «հավիտենական կյանքի պտուղը» (Հվհ. 4.36), որը կդառնա մեր «գանձը երկնքում»:

     

    Հիսուս Ի՛նքն է բերում սերմի օրինակը, որը մահանում է հողի մեջ ու պտուղ տալիս՝ Իր մահվան և հարության խորհուրդը հայտնելու համար (տես՝ Հվհ. 12, 24), իսկ Պողոս առաքյալը կրկնում է այս օրինակը՝ խոսելով մեր մարմնի հարության մասին. «Այսպես է նաև մեռելների հարությունը . սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում առանց ապականության, սերմանվում է անարգությամբ և հարություն է առնում փառքով, սերմանվում է տկարությամբ և հարություն է առնում զորությամբ, սերմվանում է շնչավոր մարմին և հարություն է առնում հոգևոր մարմին, եթե կա շնչավոր մարմին, կա և՝ հոգևոր» (1 Կորնթ. 15, 42-44): Այս հույսը զորեղ լույս է, որն աշխարհ է բերում Հարուցյալ Հիսուսը. «Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ: Բայց արդ, մեռելներից հարություն է առել Քրիստոսը՝ ննջեցյալների առաջին պտուղը» (1 Կրնթ. 15, 19-20): Այնուհետև, բոլոր նրանք, ովքեր սերտորեն միավորված են Նրա հետ սիրով՝ «Նրա մահվան նմանությամբ» (Հռմ. 6, 5), կմիավորվեն նաև դեպի հավիտենական կյանք հարությամբ (տես՝ Հվհ. 5, 29). «Այն ժամանակ արդարները Երկնքի Արքայության մեջ կծագեն ինչպես արեգակ» (Մտթ. 13, 43):

     

    1. «Բարին գործելուց չձանձրանանք»

     

    Քրիստոսի Հարությունը կենդանացնում է մեր բոլոր երկրային հույսերը՝ հավիտենական կյանքի «զորեղ հույսով» և արդեն իսկ ներկա ժամանակներում բերում է փրկության սերմը (տես՝ Բենեդիկտոս XVI, շրջաբերական Spe salvi, 3; 7): Փշրված երազանքների դառը հիասթափության, մոտալուտ դժվարությունների համար անհանգստության, մեր սահմանափակ միջոցների համար հուսահատության պատճառով առաջանում է գայթակղություն, որն է՝ փակվել մեր սեփական եսասիրության մեջ և անտարբերությամբ փրկվել ուրիշների տառապանքներից: Ի վերջո, նույնիսկ մեր լավագույն հնարավորություններն են սահմանափակ. «Երիտասարդները քաղց պիտի զգան, մանուկները պիտի հոգնեն, քաջընտիր մարդիկ անզոր պիտի դառնան» (Ես. 40, 30): Սակայն Աստված «քաղցածներին ուժ է տալիս, իսկ ցավ չունեցողներին էլ՝ տրտմություն»: […] Իսկ նրանք, որոնք Տիրոջն են ապավինում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն, ինչպես արծիվներ, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան» (Ես. 40, 29.31): Մեծ Պահքը մեզ կոչ է անում նորոգել մեր հավատքն ու կրկին ապավինել Տիրոջը (տե՛ս՝ 1 Պետ. 1, 21), քանզի միայն Հարուցյալ Քրիստոսին նայելո՛վ (տես՝ Եբր. 12, 2), մենք կարող ենք հասկանալ առաքյալի կոչը. «Բարին գործելուց չձանձրանանք» (Գաղ. 6, 9):

     

    Եկե՛ք անդադար աղոթենք: Հիսուս սովորեցրեց, որ «ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան» (Ղկ. 18, 1): Մենք աղոթքի կարիք ունենք, քանի որ Աստծո կարիքն ունենք: Ինքնաբավությունը վտանգավոր պատրանք է։ Համավարակը թույլ տվեց մեզ առերեսվել մեր անձնական և սոցիալական խոցելիությանը: Թո՛ղ այս Մեծ Պահքը մեզ թույլ տա զգալ Աստծո մխիթարությունը (տես՝ Եսայի 7.9): Ոչ ոք չի կարող միայնակ փրկվել, որովհետև մենք բոլորս միևնույն նավում ենք և պատմության փոթորիկների մեջ, (2) բայց, ամենից առաջ, ոչ ոք չի կարող փրկվել առանց Աստծո, քանի որ միայն Հիսուս Քրիստոսի Զատկի խորհուրդն է հաղթանակ տանում  մահվան մութ ջրերի նկատմամբ: Հավատքը մեզ չի ազատում կյանքի փորձություններից, այլ թույլ է տալիս հաղթահարել դրանք Աստծո հետ միասին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, մեծ հույսով, որը մեզ չի ամաչեցնում, և որի վարձքն այն սերն է, որն Աստված առատաձեռնորեն սփռեց մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով (տես՝ Հռոմ.  5, 1-5):

     

    Եկե՛ք չհոգնենք մեր կյանքում եղած չարիքը ոչնչացնելուց։ Թո՛ղ մարմնական պահեցությունը, որին մեզ կոչ է անում Քառասնորդաց Պահքը, զորացնի մեր ոգին՝ մեղքի դեմ պայքարի համար: Եկե՛ք չհոգնենք ապաշխարության և հաշտության խորհրդի ժամանակ ներում խնդրելուց՝ իմանալով, որ Աստված երբեք չի հոգնում ներել (3): Չհոգնե՛նք պայքարել ցանկասիրության դեմ՝ այսինքն այն թուլության դեմ, որը մղում է դեպի եսասիրություն և ամեն մի չարիք՝ դարերի ընթացքում գտնելով զանազան ուղիներ, որոնց միջոցով մարդն ընկնում է մեղքի մեջ (տես՝ Fratelli tutti, 66): Այդ ուղիներից մեկը թվային լրատվամիջոցներից կախվածության վտանգն է, որոնք խեղճացնում են մարդկային հարաբերությունները: Քառասնորդաց Պահքը բարենպաստ ժամանակաշրջան է՝ այս ծուղակներին դիմակայելու և մարդկային լիարժեք հաղորդակցություն զարգացնելու համար (տե՛ս՝ նույն տեղում 43), որտեղ կա միայն «իրական հանդիպում»՝ (տե՛ս՝ նույն տեղում 50) դեմ առ դեմ:

     

    Չհոգնենք մերձավորի հանդեպ բարիք անելուց։ Եկե՛ք այս Մեծ Պահքի ընթացքում ուրախությամբ ողորմածություն անենք (տես՝ 2 Կորնթ. 9, 7): Աստված, որ «սերմ է պարգևում սերմնացաններին և ուտելու հաց» (տես՝ 2 Կորնթ. 9, 10), հոգ է տանում մեզանից յուրաքանչյուրի համար, որ ոչ միայն ուտելիք ունենանք, այլ որպեսզի մենք էլ մեր հերթին կարողանանք առատաձեռնորեն բարիք պարգևել ուրիշներին: Եթե ​​իսկապես մեր կյանքը տրված է մեզ՝ բարիք սերմանելու համար, ապա եկե՛ք օգտվենք Քառասնորդաց Պահքի այս ժամանակահատվածից և օգնե՛նք մեր մերձավորներին, կյանքի ճանապարհին վիրավոր պառկած եղբայրներին ու քույրերին (տե՛ս՝ Ղկ. 10, 25-37): Մեծ Պահքն առավել բարենպաստ ժամանակահատված է՝ փնտրելու բոլոր նրանց, ովքեր կարիքի մեջ են, այլ ոչ թե խուսափելու նրանցից, կանչել, այլ ոչ թե արհամարհելու նրանց, ովքեր բարի խորհուրդ լսելու կարիք ունեն, այցելել, այլ ոչ թե լքելու նրանց, ովքեր տառապում են մենակությունից: Եկե՛ք իրականություն դարձնենք բոլորին բարիք անելու կոչը՝ հանուն սիրո մեր ժամանակը տրամադրելով ամենափոքրերին ու անպաշտպաններին, լքվածներին ու արհամարհվածներին, նրանց, ովքեր ենթարկվում են խտրականության և մարգինալացման (տես՝ Fratelli tutti, 193):

     

    1. «Հարմար ժամանակին պիտի հնձենք, եթե չթուլանանք»

     

    Մեծ Պահքն ամեն տարի հիշեցնում է մեզ, որ «բարին նույնպես, ինչպես սերը, արդարությունը և համերաշխությունը, մեկընդմիշտ ձեռք չեն բերվում, քանզի անհրաժեշտ է ամեն օր դրանք ապացուցել, հաստատել» (տես՝ նույն տեղում, 11): Եկե՛ք խնդրենք Աստծուն, որպեսզի մեզ տա հողագործի համբերատար հաստատակամությունը՝ քայլ առ քայլ, անդադար բարիք անելու համար (տես՝ Հկբ. 5, 7): Ով վայր է ընկնում, թո՛ղ ձեռքը մեկնի Հորը, քանզի Նա միշտ կօգնի վեր բարձրանալ: Ովքեր մոլորված են, խաբված են չարի գայթակղություններից, թո՛ղ չվարանեն վերադառնալ Նրա մոտ, «որովհետև Նա շատ ողորմած է» (տես՝ Ես. 55.7): Ապաշխարության այս ժամանակահատվածում,  գտնելով աջակցություն Աստծո շնորհի և Եկեղեցու ընկերակցության մեջ, եկե՛ք անդադար բարիք սերմանենք: Պահքը նախապատրաստում է հողը, աղոթքը ջրում է այն, իսկ սերը՝ պարարտացնում: Մենք ամուր համոզմունք ունենք այն հավատքի մեջ, որ «հարմար ժամանակին պիտի հնձենք, եթե չթուլանանք», և որ հաստատակամության ու համբերության պարգևի շնորհիվ մենք կստանանք խոստացվածը (տես՝ Եբր. 10, 36)՝ հանուն մեր և մյուսների փրկության (տե՛ս՝ 1 Տիմ. 4, 16): Եղբայրական սիրո մեջ աճելով բոլորի հանդեպ՝ մենք միավորվում ենք Քրիստոսի հետ, Ով Իր կյանքը տվեց մեզ համար (տե՛ս՝ 2 Կրնթ. 5, 14-15), և անհամբեր սպասում ենք Երկնքի Արքայության ուրախությանը, երբ Աստված կլինի «ամեն ինչ՝ ամենքի մեջ» (1 Կրնթ. 15, 28):

     

    Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը, Ում արգանդից ծնվեց Փրկիչը և Ով «այս բոլոր ասվածները պահում էր Իր մեջ և Իր սրտում խորհում» (Ղկ. 2, 19), օգնի մեզ գտնել համբերության պարգևը և Իր մայրական ներկայությամբ միշտ մեր կողքին լինի, որպեսզի ապաշխարության այս ժամանակահատվածը հավիտյան փրկության պտուղներ տա:

     

    Հռոմ, Սուրբ Հովհաննեսի տաճար Լաթերանի բլրի վրա, 2021թ. հունվարի 11, Տուրի եպիսկոպոս Սուրբ Մարտինի ծիսական հիշատակի օրը:

     

    Ֆրանցիսկոս

     

    1. Տե՛ս՝ Սուրբ Օգոստինոս, Քարոզ, 243, 9.8; 270, 3; Մեկնություն Սղ 110, 1:
    2. Տե՛ս՝ Հատուկ աղոթք համավարակի ժամանակ (27 մարտի, 2020թ.):
    3. Տե՛ս՝ «Հրեշտակ Տեառն», 17 մարտի, 2013թ.

     

    Ռուսերենից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

    Աղբյուրը՝ Սուրբ Աթոռի պաշտոնական կայք

Օրացույց

Օրացույց