Նրանք, ովքեր սխալներ են գործել, հաճախ սրտի ցավ են զգում. մեկուսացվածությունը, անտարբերությունը, կտրուկ խոսքերը չեն օգնում:
2022թ. մարտի 27-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց անառակ որդու առակն ու ընդգծեց, որ այն տանում է դեպի
միշտ կարեկցությամբ ու քնքշությամբ մեզ ներող Աստծո սիրտը:
Ղուկասի Ավետարանից վերցված այս հատվածը (Ղկ. 15,1-3.11-32) պատմում է այն մասին, որ Աստված Հայր է, Ով ոչ միայն հետ է ընդունում հեռու աշխարհներում ունեցվածքը վատնած Իր որդուն, այլ նաև ուրախանում և խնջույք է կազմակերպում: «Մենք հենց այդ որդին ենք, – ընդգծեց Նորին Սրբությունը, – և անհնար է անտարբեր մտածել, թե որքան շատ է Հայրը սիրում մեզ և միշտ սպասում»:
Առակում ներկա է նաև ավագ որդին, որը դժվար հարաբերություններ ունի իր հոր հետ, և մենք նույնպես կարող ենք նման ճգնաժամի մեջ լինել, քանզի մենք ևս ունենք այդ որդուն բնորոշ հատկանիշներ և ինչ-որ տեղ նրան արդարացնում ենք, չէ՞ որ նա միշտ կատարել է իր պարտքը և տանից չի հեռացել, դրա համար էլ նա վրդովվում է, երբ հայրը նորից ընդունում է ոչ լավագույն ձևով աչքի ընկած եղբորը, ասաց Սրբազան Քահանայապետը:
Ավագ որդին բողոքում է ու ասում. «Այս քանի՜տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել», սակայն «քո այդ որդու համար դու նույնիսկ քո պարարտ եզը մորթեցիր» (տես՝ Ղկ. 15, 29-30):
Այս խոսքերը ցույց են տալիս ավագ որդու խնդիրները, ընդգծեց Նորին Սրբությունը. «Հոր հետ հարաբերությունները նա հիմնավորում է բացառապես պատվիրանների խստիվ պահպանմամբ, պարտքի զգացումով։ Մենք նույնպես կարող ենք նման խնդիրներ ունենալ Աստծո հետ մեր հարաբերություններում, քանզի կարող ենք մոռանալ, որ Նա Հայր է, և ապրել մեկուսացած՝ միայն արգելքներից ու պարտավորություններից բաղկացած կրոնով: Այս մեկուսացման հետևանքն անտարբերությունն է մերձավորի նկատմամբ, որն այլևս չի ընկալվում որպես եղբայր։ Առակում ավագ եղբայրն ասում է հորը ոչ թե «իմ եղբայրը», այլ «քո որդին»: Արդյունքում, իրեն է սպառնում անտուն մնալու վտանգը, քանի որ տեքստում ասվում է, որ «նա չէր ուզում ներս մտնել» (տես՝ Ղկ. 15,28):
Տեսնելով դա հայրը դուրս է գալիս և աղաչում նրան. «Որդյա՛կ իմ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է» (տես՝ Ղկ. 15,31): Հայրը փորձում է բացատրել, որ երկու որդիներն էլ իր ամբողջ կյանքն են։ Ծնողները լավ գիտեն դա, քանի որ իրենց ծանոթ է Հայր Աստծո այդ զգացմունքները, ընդգծեց Սրբազան Քահանայապետը և մեջբերեց Օնորե դը Բալզակին, ում հերոսներից մեկը՝ հայր Գորիոն, ասում է հետևյալը. «Հայր դառնալով՝ ես հասկացա Աստծուն»: Այս առակում ողորմած հայրն իր սիրտը բացում է ավագ որդու առաջ և պարզաբանում, որ իր արարքները թելադրված են սիրով, սրտով և ոչ թե պարտքի զգացումով. «Բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (տես՝ Ղկ. 15,32):
Մենք պետք է տոնենք և ուրախանանք՝ այսինքն մոտիկություն ցուցաբերենք բոլոր նրանց հանդեպ, ովքեր ապաշխարում են կամ երկընտրանքի մեջ են, ովքեր դժվարին իրավիճակում են, դա կօգնի նրանց հաղթահարել վախն ու ընկճվածությունը, որոնք կարող են առաջանալ սեփական սխալները հիշելիս, շարունակեց Նորին Սրբությունը.
«Նրանք, ովքեր սխալներ են գործել, հաճախ սրտի ցավ են զգում. մեկուսացվածությունը, անտարբերությունը, կտրուկ խոսքերը չեն օգնում: Դրա համար էլ, հոր խոսքերի համաձայն, անհրաժեշտ է ջերմ ընդունելություն, որը կխրախուսի շարունակել իրենց ճանապարհը։ Արդյո՞ք մենք այդպես ենք վարվում: Արդյո՞ք փնտրում ենք նրանց, ովքեր հեռու են, արդյո՞ք ցանկանում ենք նրանց հետ միասին տոնել: Որքան բարիք կարող է բերել բաց սիրտը, անկեղծ ուշադրությունը և ժպիտը, քանզի պետք է տոնել, այլ ոչ թե ստիպել մարդկանց իրենց մեղավոր զգալ: Աստված միշտ տոնում է, երբ ներում է մեզ»:
Մենք պիտի ուրախանանք, ասաց Սրբազան Քահանայապետը. «Ով Աստծուն ուղղված սիրտ ունի, ուրախանում է՝ տեսնելով մարդու ապաշխարությունը՝ անկախ նրա սխալների լրջությունից։ Նա չի կառչում սխալներից, մատնացույց չի անում չարը, այլ ուրախանում է բարությամբ, քանի որ ուրիշի բարին նաև մեր բարին է։ Արդյո՞ք մենք այսպես ենք տեսնում, ընկալում մարդկանց: Արդյո՞ք մենք կարողանում ենք երջանիկ լինել ուրիշների համար»:
Այնուհետև Նորին Սրբությունը հիշատակեց մի քանի տարի առաջ ստեղծված ռոք-օպերայի մասին, որը ոգեշնչված էր անառակ որդու պատմությունից, որտեղ ընկերն առաջարկում էր կրտսեր որդուն նամակ գրել հորը՝ խնդրելով նրան սպիտակ թաշկինակ կախել պատուհանից, որպեսզի ողջունի նրա տուն գալու խնդրանքը: Հասնելով հայրական տուն՝ երիտասարդը տեսնում է ոչ թե մեկ թաշկինակ, այլ սպիտակ թաշկինակների մի ամբողջ կապոց: «Հայրն հենց այսպես է մեզ ընդունում՝ լիությամբ և ուրախությամբ։ Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ ընդունել Աստծո ողորմածությունը, որպեսզի Նրա լույսի ներքո նայենք մեր մերձավորներին», – խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը