• Երեխաների բերկրանքն ու մոխրագոյն հասարակութիւնը. Սրբազան Քահանայապետի ընդհանուր ունկնդրութիւնը, 18 մարտի, 2015թ.

    Երեխաների բերկրանքն ու մոխրագոյն հասարակութիւնը. Սրբազան Քահանայապետի ընդհանուր ունկնդրութիւնը, 18 մարտի, 2015թ.


    Ընդհանուր ունկնդրութիւնների շարքը՝ նուիրուած ընտանիքի թեմային, Նորին Սրբութիւնը աւարտում է երեխայի մասին վարդապետութեամբ: «Երեխաները հարստութիւն են մարդկութեան համար.նրանք մշտապէս մեզ յիշեցնում են Երկնքի արքայութիւն մտնելու անհրաժեշտ պայմանը՝ ինքներս մեզ չհամարել ինքնաբաւ, այլ օգնութեան, սիրո եւ ներման կարոտ».ահա՛ սա է Քահանայապետի այս ելույթի հիմնական առանցքը: Երեխաները մեզ յիշեցնում են, որ բոլորս էլ կարիքն ունենք խնամքի եւ բարի կամեցողութեան: Քրիստոս ինքն էլ անցաւ այդ տարիքային փուլը՝ մսուրից սկսելով: Տէրը խօսում էր երեխաներին հասկանալի լեզուով եւ փառք էր տալիս Տիրոջը, որ շատ ճշմարտութիւններ ծածկեց իմաստուններից եւ յայտնեց մանուկներին (հմմտ.՝Մտթ.11:25): Երեխաները յիշեցնում են մեզ, որ մենք մի՛շտ մանուկներ ենք, անգամ երբ ծնող ենք դառնում, պատասխանատու դիրքի ենք հասնում.այդ բոլորի յետեւում մանկան ինքնութիւնն է մնում: Սա յիշեցնում է անհերքելի այն փաստը, որ բոլորս էլ ստացել ենք մեր կեանքը՝ որպէս պարգեւ: Բայց հաճախ ապրում ենք այնպէս, կարծէս մե՛նք ենք մեր կեանքի տէրը, բայց իրականում արմատապէս կախեալ ենք: Երեխաներից սովորելու ամենամեծ բանը սա է՝ միշտ, կեանքի բոլոր վիճակներում յիշել, որ մենք մանուկ ենք:

     Շատ են այն գանձերը, որ երեխաներն են բերում մարդկութեանը, օրինակ՝ հօր եւ մօր, Աստուծոյ, Յիսուսի, Աստուածամօր հանդէպ անվերապահ, անկեղծ եւ ինքնաբուխ վստահութիւնը: Երեխայի ներքինը խաթարուած չէ կեղծիքով, երկդիմութեամբ: Երեխան ունի ադամական ժառանգուած մեղքը, եսասիրութիւն, բայց մաքուր է, դիւանագէտ չէ, ասում է այն ինչ զգում է: Երեխայի սիրտը քարացած չէ, նա ջերմութիւն է տալիս մարդկանց, չի կարող մարդկանց հետ վերաբերուել ինչպես առարկաների: Երեխան լալիս է, ծիծաղում անմիջականօրէն, մեզ նման կեղծ, անկեանք ծաղրածուի ժպիտ չունի…ամէն ինչ ինքնաբուխ է եւ բխում է սրտից, իսկ մենք փակել ենք մեր սրտերը եւ կորցրել ինքնաբուխ լինելու կարողութիւնը: Երեխաները կարող ենք մեզ սովորեցնել նորից լացել ու ժպտալ թարմութեամբ, առանց պայմանների: Այս ամէնի համար է, որ Յիսուս պատվիրում է.«Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի» (Մտթ., 18:3):

     Երեխաները երբեմն խնդիրներ ու մտայոգութիւններ էլ են բերում, բայց լաւ է ունենալ խնդիրներով եւ մտայոգութիւններով հասարակութիւն, քան թէ՝ մոխրագոյն հասարակութիւն՝ առանց երեխաների: Երբ ծնելիութեան մակարդակը հազիւ է հասնում 1 տոկոսի, կարող ենք ասել, որ դա մոխրագոյն հասարակութիւն է, որովհետեւ մնացել է առանց մանուկների, ասել է Սրբազան Քահանայապետը:

Օրացույց

Օրացույց