• Վարդանանց տոնը՝ Մեծ Սեպասարում. երիտասարդական հավաք և միասնական Սբ. Պատարագ

    Ով քաջե՛ր եւ սրբե՛ր հայոց, շարունակեցէ՛ք պաշտպան կանգնել մեր ազգին, երիտասարդ սրտերը վառէք հաւատքի ու հայրենիքի սիրով, որպէս զի սերունդները քայլեն ձեր գծած լոյսի ու արդարութեան ճանապարհով. ամեն:


    Արդեն երկրորդ տարին է՝ Մեծ Սեպասարում Վարդանանց տոնը առիթ է Աշոցքի կաթողիկէ համայնքների երիտասարդներին միասին ի մի բերելու և միասնաբար Սբ. Պատարագը մաստուցանելու համար: Փետրվարի 24-ին՝ 16:00-ին, Մեծ Սեպասարի երիտասարդական կենտրոնում հավաքվեցին Մեծ Սեպասարի, Ղազանչիի և Բավրայի 46 պատանիներն ու երիտասարդները և միասին ինտելլեկտուալ մի խաղ խաղացին, որ կազմել էր Բավրայի երիտասարդներից Վարդուհի Ղարսլեյանը և վարում էր Կարինե Եփիկյանի հետ միասին: Կազմվեցին երեք թիմեր՝ խառն կազմերով՝ տարբեր գյուղերի երիտասարդների միասնական աշխատանքը զարգացնելու միտումով: Խաղից առաջ խոսեցինք միասնականության, երկխոսության, երբայրասիրության մասին, փոքրիկ, բայց կարևոր քայլերի մասին, որոնցով կարող ենք կամուրջներ կառուցել գյուղերի երիտասարդական խմբերի միջև և զարգացնել Աշոցքի կաթողիկէ երիտասարդների միությունը: Վերջին երկու տարիներին այս ուղղությամբ բավական ձեռքբերումներ ունենք, ինչի համար ամեն ժամ փառք եմ տալիս Աստծուն: Ի վերջո, առանց միասնականության՝ հնարավոր չէ նախաձեռնել ոչ մի երիտասարդկան ձեռնարկ՝ հոգևոր, կրթական կամ սոցիալական: Եվ, ի վերջո, միասնականությունը բխում է Եկեղեցու հենց սրտից, Տիրոջ Խաչից և Հիսուսի Սուրբ Սրտից, համահունչ այս տարվա գլխավոր թեմային՝ սինոդականությանը: Երիտասարդների մոտ այս գիտակցությունը զարգանում է՝ միասնական աղոթական կյանքի, նաև այսպիսի միասնական գործողությունների միջոցով:

     

    Սբ. Պատարագը մատուցեցինք Աշոցքի կաթողիկէ համայնքների բոլոր զինվորական ծառայության մեջ գտնվող երիտասարդների դիտավորությամբ՝ խնդրելով Սբ. Վարդանանց նահատակների բարեխոսությունը նրանց պաշտպանության, կամքի զորացման, հավատքի ամրության և սրբության համար:

     

    Քարոզիս ժամանակ խոսեցի Սուրբ Վարդան Մամիկոնյանի և 1036 վկաների՝ հատկապես հոգևոր ինքնության և հավատքի համար նահատակության արժեքի վերաբերյալ՝ զուգահեռներ տանելով Արցախյան պատերազմում ընկած մեր նոր նահատակ երիտասարդների հետ: Սա հավատքի համար նահատակության մի պատմական շարունակականություն է, ազգային մի ճակատագիր, որն ուղեկցում է հավատքի դավանությանը, Աստծո հանդեպ հավատարմության ուխտադրությանը, որը մշտապես թանկ է եղել մեր ազգի նվիրյալ քրիստոնյա զավակների համար: Սուրբ Վարդանանք քաջ գիտակցում էին իրենց կարողությունները՝ որպես բանակ և ժողովուրդ, բայց գնացին նահատակության, քանի որ միայն այդպե՛ս կարող էին փաստել իրենց սերը Երկնային Վարդապետի հանդեպ, որի Խաչի ճանապարհով գնացին դեպի հայոց Գողգոթան՝ Ավարայրը: Վարդանանց նահատակության վերարժևորման կարիքն այսօր զգալի է ավելի՛, քան երբևէ, որովհետև մեր հայ հասարակության մեջ աժեզրկված է հավատքի համար զոհողություններ կատարելու սկզբունքը, քրիստոսանմանությունը, հոգևորի առաջնայնությունը: Բայց, մեր նորօրյա նահատակ երիտասարդները, որոնց հոգևոր կյանքն ինձ ծանոթ էր, փաստում են, որ իրենք իրենց կյանքը չվարանեցին վտանգել ոչ թե պարզապես հրաման կատարելու համար, այլ՝ հոգևոր և հայրենասիրական պատվախնդրության համար: Վարդանանց տոնի կարևորագույն ուղերձը հետպատերազմական այս դժվարին օրերում ապրող հայ հավատացյալներին Եբրայեցիներին ուղղված առաքելական նամակի տողերն են. «Ուրեմն, մտաբերե՛ք Հիսուսին, որ այսպես համբերեց մեղավորների՝ իր հանդեպ ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի, թե հոգնեք և հուսալքվեք…», Եբր. 12, 3: Այս օրերին շատերն են հուսալքված, բայց Քրիստոս իր աստվածային շնորհով զորացնում է յուրաքանչյուր նվաղած և բեկյալ սիրտ, որ ներկա է իր Սուրբ Զոհին և բացված է Իր սիրո ներգործության առջև, որ եկել է Իրենից խնդրելու կյանքը շարունակելու զորությունը, կյանքի իմաստը վերագտնելու ճանապարհը, իր կորած զավակին վստահությամբ և խաղաղությամբ Աստծո ձեռքերի մեջ հանձնելու և Երկնային Արքայության ապահովությանը ապավինելու կարողությունը: Հիշելով մեր նահատակ սրբերին՝ մենք այսօր հրավիրված ենք վերաիմաստավորելու մեր նահատակ հարազատների, զավակների մահը և «հավատքի զորագլխի»՝ Հիսուսի նման, վերցնելու մեր դարավոր խաչը և ընթանալու դեպի «մեր առաջ դրված ուրախությունը», ըստ առաքյալի խոսքերի՝ Եբր. 12, 2:

     

    Սբ. Պատարագից հետո աղոթեցինք Սբ. Վարդանանց ուղղված հատուկ բարեխոսական մի աղոթք, ապա ներկաները վայելեցին Սբ. Փրկիչ եկեղեցու երգչախմբի գեղեցիկ հոգևոր և հայկական երգերի հոգեզմայլ կատարումները: Աստծո կամոք, մեր միասնական հաջորդ Սբ. Պատարագն ու համերգը կկազմակերպենք ապրիլի 24-ին՝ Բավրայի Սբ. Նշան եկեղեցում:

     

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Աշոցքի հայ կաթողիկէների հոգևոր հովիվ

    24 փետրվարի, 2022թ. Տոն Սբ. Վարդանանց զորավարաց

     

Օրացույց

Օրացույց