Փետրվարի 22-ին Հայ Կաթողիկէ եկեղեցում տեղի ունեցավ Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը: Առաջնորդական Տեղապահ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը հանդես եկավ իր ուղերձով:
Երեքշաբթի, 22 Փետրուար, 2022 թուական.
Սիրելի՛ եղբայրք ի Քրիստոս,
նախ եւ առաջ թոյլ տուէք փոխանցել Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տէր Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Կաթողիկոս-Պատրիարքի հայրական օրհնութիւնը եւ շնորհաւորանքները Ղեւոնդեանց Քահանայից տօնի առթիւ՝ մաղթելով ձեզ անսասան հաւատք եւ անսահման նուիրում ձեր սուրբ կոչմանը:
Սիրելի՛ եղբայրներ, ուրախ եմ այսօր ձեզ հետ միասին Եկեղեցւոյ հարկի տակ տօնելու Ղեւոնդեանց Քահանայից տօնը: Այսօր, եւս մէկ անգամ հաղորդ ենք դառնում Ղեւոնդեանց
Քահանայից խորհրդին եւ ոգեշնչւում ենք նրանց կերպարով, որը դրսեւորուեց, երբ մեր ազգն ու Եկեղեցին հայտնուեցին հաւատուրացութեան եւ ազգուրացութեան վտանգի առջեւ: Ինչպէս վկայում է պատմութիւնը՝ հայ ժողովուրդը յաճախ է յայտնուել նմանատիպ փորձութիւնների առջեւ, սակայն, շնորհիւ Հայ Եկեղեցու եւ հոգեւորականների, ովքեր ոգի, կամք եւ արիութիւն են ներշնչել՝ կարողացել են պայքարել «Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»՝ դիմակայելով ծանր փորձութիւններին եւ պահպանելով մեր հայրերի սուրբ ժառանգութիւնը:
Իւրաքանչիւր քրիստոնեայի սրբազան պարտականութիւնն է դաւանել եւ վկայել քրիստոնէական հաւատքը, այնպէս ինչպէս ապրեցին, գործեցին եւ իրենց կեանքը զոհաբերեցին Սուրբ Ղեւոնդեանք: Ժամանակակից աշխարհի պայմաններում, Քահանայից դասը, կարիք ունի ներշնչուելու Ղեւոնդեանց Քահանայից ոգով, որը նրանց ուժ կը տայ պայքարելու ներկայիս մարտահրավերների դէմ:
Մենք՝ իբրեւ քահանաներ, կոչուած ենք Եկեղեցու նահատակների կեանքը որպէս օրինակ վերցնելու՝ մեր գործելակերպի եւ առաքելութեան իրագործման մէջ: Ժողովրդի խնամատարութիւնը, որ մեր ուսերին է՝ լաւագոյն կերպով պիտի կատարենք եւ նրանց առաջնորդենք դէպի Աստուած ու Եկեղեցի: Ինչպէս Ներսէս Շնորհալին է ասում. «Դուք մեր ժողովրդի կեանքում լոյս եւ ճրագ պիտի լինէք, որպէսզի իրենց կեանքը եւ ճանապարհը լուսաւորէք»:
Անդրադառնալով Քահանայի կոչմանը՝ ցանկանում եմ ձեզ ներկայացնել Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից առաջադրուած այն եօթ կէտերը, որոնցով պէտք է առաջնորդուի իւրաքանչիւր քահանայ. Դրանք են՝
Ողորմութեան եւ կարեկցանքի մարդ,
Պարգեւի եւ ներողամտութեան մարդ,
Ուրախութեան առաքեալ,
Յարութեան մարդ, ում հայացքը պէտք է ուղղուած լինի դէպի Աստուծոյ Արքայութիւն,
Նուիրուել հօգուտ ժողովրդի եւ այն բաների, որոնք վերաբերում են Աստծուն,
Աստուծոյ խօսքի մասին խորհրդածող եւ Աստուծոյ ժողովրդի մասին մտածող,
Սիւնհոդոսականութեան կառուցող:
Հաւատարմութիւնը եւ իմաստութիւնը երկու առաքինութիւններ են, որոնցով քահանան օժտուած պէտք է լինի.
Առաջին. Քահանայի հաւատարմութիւն նշանակում է նուիրուած լինել այն հոտին, որն իրեն է յանձնուած՝ տարածելով Աստուծոյ խօսքը, մատակարարելով սուրբ խորհուրդները, բաշխելով Քրիստոսի Սրբարար Մարմինն ու Արիւնը եւ Սուրբ Հոգու լիառատ շնորհները:
Երկրորդ. Քահանայի իմաստութիւնը Սուրբ Հոգու եօթ պարգեւներից առաջինն է, որի գագաթնակետը Աստուծոյ երկիւղն է: «Իմաստութեան գլուխը Աստուծոյ վախն է» (Սիրաք. 1:16): Սա նշանակում է, որ իմաստութեան պարգեւը անընդհատ գործելու մէջ է՝ նպատակ ունենալով հաճելի դառնալ Աստծուն եւ ամբողջ ուշադրութիւնը սեւեռել Նրան: Մեր քահանայական ձեռնադրութեամբ՝ Քրիստոս մեզ տուեց շնորհը լինելու «Մատակարարները Աստուծոյ Սուրբ խորհուրդների»: Այս մատակարարութիւնը կայանում է նրանում, որ քահանայական պարտականութիւնը ոչ թէ պէտք է լինի ըստ կամքի, հաճոյքի եւ մտածելակերպի՝ այլ հաւատարմութեան եւ խոհեմութեան՝ ըստ Քրիստոսի պատուէրի: «Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտէսը, որին իր Տէրը կը նշանակի իր բոլոր սպասաւորների վրա, որպէսզի նրանց բաժին կերակուրը տայ ճիշտ ժամանակին» (Ղուկ. 12:42):
Ինչպէս որ ասում է Պօղոս Առաքեալը Կորնթացիների առաջին թղթի մէջ. «Այսպէս, մարդիկ թող համարեն մեզ իբրեւ սպասաւորներ Քրիստոսի եւ տնտեսներ Աստծու խորհուրդների» (1Կոր. 4:1):
Եզրափակելով խօսքս, ցանկանում եմ Քահանայից տօնի առթիւ աղօթենք ննջեցեալ քահանաների հոգիների հանգստութեան եւ խաղաղութեան համար, ինչպէս նաեւ այն քահանաների, ովքեր ծառայում են իրենց յանձնուած հոտին՝ խնդրելով, որ Աստուած անսասան պահի իրենց սրբազան կոչման մէջ: Նաեւ առիթ է աղօթելու նոր քահանայական կոչումների համար՝ հայցելով հունձքի Տիրոջից ասելով. «Հունձքը առատ է, բայց մշակները քիչ» (Ղուկ. 10:2):
Աղօթէ՛ք եւ երբէք մի՛ ձանձրացէք աղօթել բոլոր քահանաների եւ իմ դիտաւորութեամբ, եղէ՛ք օրինակելի տիպար՝ խօսքով, գործով եւ սրտով, եւ երբէ՛ք մի մոռացէք, թէ դուք ով էք եւ ինչի համար էք կանչուած. «Յարատեւեցէ՛ք աղօթքի մէջ, եւ արթո՛ւն կեցէք անոր մէջ՝ շնորհակալութեամբ» (Կող. 4:2):