Հիսուսին հետևելու, Նրան աշակերտելու որոշիչ գործոնը սրտի ուրախությունն է, ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը 2022թ. փետրվարի 13-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ
Խորհրդածելով օրվա ավետարանական ընթերցման մասին, որը վերցված էր Ղուկասի Ավետարանից. «Երանիներ» (Ղկ. 6,20-23), Նորին Սրբությունն ընդգծեց, որ չնայած Հիսուսին հոծ բազմություն էր շրջապատել, Նա քարոզի ժամանակ դիմում է Իր աշակերտներին, քանի որ այդ Երանիները բնորոշում են Հիսուսի աշակերտի ինքնությունը: «Բոլոր նրանց համար, ովքեր Նրա աշակերտները չեն, այդ Երանիները կարող են դժվար հասկանալի լինել և տարօրինակ թվալ: Մինչդեռ, եթե մտածենք, թե ինչպիսին պետք է լինի Հիսուսի աշակերտը, ապա պատասխանը կլինի հենց «Երանիները», – պարզաբանեց Սրբազան Քահանայապետը և առաջարկեց մեկնել դրանցից առաջինը, որը մյուս բոլոր Երանիների հիմքն է. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև Աստծո Արքայությունը ձերն է» (Ղկ. 6,20): Հիսուս ասում է աշակերտներին, որ նրանք երանելի և աղքատ են, ավելին, նրանք երանելի են, քանի որ աղքատ են.
«Ինչպե՞ս սա հասկանալ: Պետք է պարզապես իմանալ, որ Հիսուսի աշակերտն իր երջանկությունը գտնում է ոչ փողի, ոչ իշխանության և ոչ էլ նյութական բարիքների մեջ, այլ այն պարգևների մեջ, որոնք նա ամեն օր ստանում է Աստծուց. դա կյանքն է, արարչագործությունը, եղբայրներն ու քույրերը և այլն: Սրանք կյանքի պարգևներն են: Նա ուրախությամբ կիսվում է ուրիշների հետ իր ունեցածով, քանի որ ապրում է Աստծո տրամաբանությամբ։ Ո՞րն է Աստծո տրամաբանությունը: Դա անշահախնդրությունն է: Աշակետը սովորել է անշահախնդիր ապրել: Նույն հոգու աղքատությամբ նա ընկալում է կյանքի իմաստը, քանի որ Հիսուսի աշակերտը չի համարում, որ նա արդեն հասել է դրան, որ նա արդեն գիտի ամեն ինչ. նա գիտակցում է, որ պետք է ամեն օր սովորի։ Հենց սա է հոգու աղքատությունը՝ գիտակցել, որ պետք է սովորել ամեն օր»:
Հիսուսի աշակերտը խոնարհ և անկեղծ մարդ է՝ առանց նախապաշարումների և կարծրատիպերի: Հիանալի օրինակ, թե ինչպիսին պետք է լինի Հիսուսի աշակերտը, մեզ անցած կիրակի ցույց տվեց Ավետարանը, հիշցրեց Նորին Սրբությունը. փորձառու ձկնորս Սիմոն Պետրոսը ականջ է դնում Հիսուսին, Ով ասում է նրան ուռկանները անպատեհ ժամին գցել ջուրը, այնուհետև, զարմանալով մեծ քանակությամբ որսի վրա, նա թողնում է իր նավն ու ողջ ունեցվածքը և հետևում Տիրոջը:
«Պետրոսը հնազանդվում է՝ թողնելով ամեն ինչ և այդպիսով դառնում աշակերտ: Սակայն նրանք, ովքեր խիստ կապված են իրենց գաղափարներին և համոզմունքներին, դժվարանում են ճշմարտապես հետևել Հիսուսին: Նրանք հետևում են Նրան մասամբ, միայն այն դեպքում, երբ որոշ հարցերի շուրջ կա «փոխադարձ համաձայնություն», իսկ մնացած առումներով չեն ընդունում Նրան: Դա աշկերտություն չէ: Հնարավոր է նրանք լսում են Նրան, բայց չեն հետևում: Այդ դեպքում նրանք հուսահատվում են: Նրանք տխրում են, քանզի տեսնում են, որ ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես իրենք են պատկերացրել, որ իրականությունը չի համընկնում իրենց երազանքների հետ, և իրենք իրենց բավարարված չեն զգում: Իսկական աշակերտը գիտի մտածել, խոնարհաբար ամեն օր փնտրել Աստծուն, ինչը թույլ է տալիս նրան տեսնել իրականությունը՝ ըմբռնելով դրա ողջ հարստությունն ու բարդությունը»:
Այլ կերպ ասած, աշակերտն ընդունում է Երանիների պարադոքսալ իմաստը, շարունակեց Սրբազան Քահանայապետը. այնտեղ ասվում է, որ երանելի՝ այսինքն երջանիկ են նրանք, ովքեր աղքատ են, շատ բաներից զրկված և դա ընդունում են։ Մարդկայնորեն մենք հակված ենք այլ կերպ մտածել. երջանիկ են նրանք, ովքեր հարուստ են, հաջողակ և ունեն վստահություն վաղվա օրվա հանդեպ, որը շատերի մոտ նախանձ է առաջացնում: Սակայն այդպես մտածում է աշխարհը, որը չի համապատասխանում Երանիների պատգամներին, ընդգծեց Նորին Սրբությունը.
«Հիսուս, ընդհակառակը, հայտարարում է, որ աշխարհիկ հաջողությունը ձախորդություն է, քանի որ այն հիմնված է եսասիրության վրա, որն ուռճանալով ու ճնշելով ամեն ինչ շուրջբոլորը, ի վերջո սրտում դատարկություն է թողնում: Բախվելով Երանիների պարադոքսայնության հետ՝ աշակերտները համաձայնվում են լքել իրենց հարմարավետության գոտին՝ հասկանալով, որ հենց մենք պետք է մտնենք Աստծո տրամաբանության մեջ, այլ ոչ թե հակառակը։ Դրա համար անհրաժեշտ է ճանապարհ անցնել, որն երբեմն հոգնեցուցիչ է, սակայն միշտ ուղեկցվում է Հիսուսի ուրախությամբ»:
Հիսուսի արտասանած առաջին բառը «երանին է», – շարունակեց Նորին Սրբությունը: Երանելի և Հիսուս Քրիստոսի աշակերտներ լինելը իրար հոմանիշներ են:
«Ազատելով մեզ եսակենտրոնության գերությունից՝ Տերը բացում է մեր փակ մտքերը, մեղմացնում մեր կոպտությունը և ցույց տալիս ճշմարիտ երջանկության ճանապարհը, որը հաճախ շատ անսպասելի տեղում է լինում: Հենց Նա է ուղղորդում, առաջնորդում մեզ մեր կյանքի ընթացքում, այլ ոչ թե մենք՝ մեր նախապաշարմունքներով ու պահանջներով: Աշակերտները, ի վերջո, նրանք են, ովքեր թույլ են տալիս Հիսուսին առաջնորդել իրենց, ովքեր բացում են իրենց սրտերը Հիսուսի առաջ, ովքեր լսում են Նրան և Նրա ճանապարհով գնում»:
Հարցնենք ինքներս մեզ, – կոչ արեց Սրբազան Քահանայապետը, – արդյո՞ք պատրաստ ենք սովորել, լինել աշակերտներ: Թե՞ մենք համառորեն ինքնագոհ ենք՝ ինքներս մեզ համոզելով, որ «լավ ենք», քանի որ «ամեն ինչ գիտենք»: Արդյո՞ք մենք թույլ կտանք, որ Երանիների պարադոքսայնությունը «հեղափոխի մեզ», թե՞ նորից կմնանք մեր գաղափարների շրջանակներում: Արդյո՞ք մենք զգում ենք ուրախություն Հիսուսին հետևելով։ Սրտի ուրախությունն այն չափանիշն է, որով կարելի է որոշել, թե արդյոք մարդն աշակերտ է, ընդգծեց Նորին Սրբությունը իր խորհրդածության ավարտին:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը