• Հիվանդների համաշխարհային օրը Մեծ Սեպասարում

    «Ողորմություն տվողին ձեռք մեկնողն աղքատ մուրացկանն է, բայց ողորմություն առնողը՝ Աստված» (Ս. Հովհան Ոսկեբերան)


    Փետրվարի 11-ը հիվանդների համաշխարհային օրն է, Մեծ Սեպասար համայնքի Սուրբ Փրկիչ Հայ Կաթողիկէ եկեղեցում հատուկ հիվանդների համար գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քհն․ Գալստյանը մատուցեց Սուրբ Պատարագ։

     

    Տեր Հովսեփը հավատացյալներին ներկայացրեց օրվա խորհուրդը և նրանց ուշադրությունը հրավիրեց հիվանդների ու նրանց  խնամողների, բուժաշխատողների, ինչպես նաև քահանաների հովվական խնամքի կարևորության վրա, որը կարող է օգնել նրանց զգալ իրենց հիվանդությունը՝ խաչված և հարություն առած Քրիստոսի հետ միության մեջ:

     

    Ն․Ս․ Ֆրանցիսկոս Քահանայապետը հիշեցնում է ողորմածության մասին՝ Ողորմած եղեք, ինչպես ձեր Հայրն է ողորմած» (Ղուկաս 6:36) և Լեռան քարոզի խոսքերը՝ «Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն»։

     

    Իր քարոզի ընթացքում Տեր Հովսեփը կոչ արեց հավատացյալներին հոգ տանել իրենց քույրերի ու եղբայրների մասին, ուշադիր լինել հիվանդների նկատմամբ, նրանց մխիթարել, աջակցել ինչպես, որ կարող են և  աղոթել նրանց համար, որը թերևս ամենակարևոր ընծայաբերությունն է։

     

    Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխում ասվում է՝․«Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ Ինձ համար արեցիք»,- ասում է Տերը (Մատթ. 25:40)

     

    «Յուրաքանչյուր հիվանդի մեջ մենք Քրիստոսի հրավերով  պարտավոր ենք և կոչված ենք տեսնելու Քրիստոսի ներկայությունը, դեմքը, յուրաքանչյուր հիվանդի միջոցով Քրիստոս ինքն է, որ մոտենում է մեզ և մեզ հիշեցնում է այն մեծ և իսպառ սիրո զոհաբերության մասին, որ ինքը արել է ընդմիշտ և մեկ անգամ բարձրանալով խաչի վրա՝ յուրաքանչյուրիս համար և մեզ հրավիրում է փոխադարձաբար այդ ձևով մեր սերը արտահայտելու մեր քույրերի և եղբայրների հանդեպ ովքեր կարիքի մեջ են, մեր օգնության կարիքն ունեն և սրանով իսկ արտահայտել մեր սերը Քրիստոսի հանդեպ։ Ինչպես խաչի վրայից Քրիստոսն ասաց․՝  «Ես ծարավի եմ ձեր սիրո»։

    Տեր Հովսեփը պատմեց նաև Լուրդի Տիրամոր  երևումների մասին, որը տեղի ունեցել 1858թ․-ին և մինչ այժմ էլ Լուրդում տեղի են ունենում հրաշալի բուժումներ։ Պատահական չէ, որ տարեկան միլիոնավոր  մարդիկ գնում են Լուրդ բուժման նպատակով, քանի որ Աստվածամայրը, չի մերժում նրանց խնդրանքները, ովքեր նրան են մոտենում զղջման և ապաշխարության հոգով։

     

    Սուրբ Հովհաննես Պողոս 2-րդ քահանայապետի 1983թ․-ին գրված «Փրկարար տառապանք» շրջաբերական նամակում խոսվում  է տառապանքի խորհրդի մասին և գրում է, թե Քրիստոս իր չարչարանքը բացեց ամբողջ մարդկության համար, որպեսզի հավատացյալները մասնակցեն իր տառապանքներին, քանի որ իր տառապանքները փրկարար են, և իմաստավորեն սեփական տառապանքը, այն ապրեն որպես փրկության ճանապարհ համարելով, որ այն քավություն է իրենց մեղքերի համար ընծայաբերելով սեփական տառապանքները ուրիշի չարչարանքները թեթևացնելու համար, ճիշտ Քրիստոսի օրինակով և այսպիսով իմաստավորելով սեփական տառապանքը, ապրելով այն նորովի և բացել նոր հոգևոր հորիզոններ։

    Փետրվարի 11-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցին հիշատակում է Հովնան մարգարեին, որը մշտապես նշվում է Առաջավորաց պահքի վերջին օրը, որպես խորհուրդ այն բանի, որ ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո հաճությանն ու ողորմածությանը:

    Պատարագից հետո հոգևոր հովվի հետ միասին հավատացյալները աղոթեցին Վարդարան՝ հիվանդների դիտավորությամբ, ապա՝ մի աղոթք, որ առաջարկեց քահանան.

    «Տեր Հիսու՛ս, այսօր այս Սուրբ Պատարագը մատուցեցինք բոլոր հիվանդների դիտավորությամբ, նաեւ հիշեցինք մեր հարազատների անունները, ում մասին մտածում ենք եւ միշտ աղոթում:

     

    Դու գիտես, թե ինչ է մարդկային տառապանքը, ինչ է հիվանդությունը, հուսահատությունը, ցավը, որովհետեւ Դու Ինքդ կրեցիր դրանք քո երկրային կյանքի օրերին եւ այդ ամենը քեզ հետ միասին խաչ բարձրացրեցիր, որպեսզի մեզ բացատրես, որ մենք մենակ չենք մեր տառապանքի մեջ, որ Դու կիսում ես մեր ցավերը ամբողջությամբ:

     

    Դու համբերությամբ եւ ինքնազոհ սիրով կրել ես մարդկանց մեղքերի լուծը եւ երբեք չես հոգնում կրել նաեւ մեր բոլոր հիվանդությունների, ցավերի, վախերի, հուսահատությունների ծանր բեռը:

     

    Քո խաչելությամբ մեզ այսօր էլ  բացատրում ես, որ Դու ամեն վայրկան պատրաստ ես դարձյալ խաչ բարձրանալու, միայն թե թեթեւացնես մեր տառապանքի բեռը, միայն թե մենք հասկանանք, թե Դու մեզ ինչքա՛ն ես սիրում:

     

    Դու պատրաստ ես այսօր էլ ամեն վայրկան մեռնել մեզ համար, բայց որպեսզի մենք ոչ թե սգանք, այլ ուրախանա՛նք՝ գիտակցելով, որ Դու Քո մահով մեզ համար բացել ես նոր կյանքի, մեծ հույսի դուռը, որի սեմից այն կողմ մեր բոլոր հիվանդությունների, ցավերի, թուլությունների ավարտն է եւ մեր երջանկության սկիզբը:

     

    Քո Խաչի զորությանն ու առատ շնորհներիդ ապավինելով՝ միասնաբար աղաչում ենք, եթե Քո կամքն է, շուտափույթ բուժում շնորհի՛ր բոլոր նրանց, ում անունները հիշեցինք Սուրբ Պատարագին եւ ում համար աղոթում ենք այժմ, զորացրու՛ նրանց կամքը եւ հավատը, որ համբերությամբ կրեն իրենց դժվարությունները՝ դարձնելով դրանք ապաշխարության միջոց՝ իրենց կամ ուրիշների մեղքերի համար:

     

    Շնորհ տու՛ր բոլորիս, որպեսզի մեր դժվարությունները նվիրենք Քեզ՝ որպես մի գեղեցիկ նվեր, որպես կիսում Քո Խաչի տառապանքների, որպես մի ճանապարհ, որով կարող ենք քայլել Քո հետքերով:

     

    Քո Սուրբ Պատարագի զորությամբ աղոթում ենք նաեւ բոլոր նրանց համար, ովքեր աշխարհի տարբեր ծայրերում տառապում են կորոնավիրուսի, էբոլա վիրուսի եւ այլ համաճարակներից, աղոթում ենք նրանց ընտանիքների համար, խնդրում ենք զորացրու՛ նրանց եւ շուտափույթ բուժում շնորհիր:

     

    Խնդրում ենք, հեռու պահի՛ր ամեն տեսակ հիվանդություններից եւ ցավերից մեզ, Քո ողջ Ընդհանրական Սուրբ Եկեղեցին եւ ամբողջ մարդկությունը, իսկ հիվանդության ժամին ցու՛յց տուր այն հաղթահարելու Քեզ հաճելի ճանապարհը, որը նաեւ մեր սրբության ճանապարհն է:

     

    Սուրբ Կու՛յս, Մա՜յր Եկեղեցու, քո մայրական խնամքի ներքո պահի՛ր բոլոր այն հիվանդներին, ում համար աղոթում ենք. Ամեն»:

     

     

     

    Հոդվածը պատրաստեց՝

    Անուշ Հարությունյանը

Օրացույց

Օրացույց