• «Հեռու՛ գնա, Տէ՛ր, ես մեղաւոր մարդ եմ». Քահանայապետի քարոզը Սուրբ Մարթայի տաճարում, 10 մարտի 2015թ.

    «Հեռու՛ գնա, Տէ՛ր, ես մեղաւոր մարդ եմ». Քահանայապետի քարոզը Սուրբ Մարթայի տաճարում, 10 մարտի 2015թ.


    Ի՞նչ է նշանակում զղջալ եւ ներում հայցել Տիրոջից.այս հարցի շուրջ է խորհրդածել Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը իր առաւոտեան քարոզի ժամանակ: Օրուա առաջին ընթերցուածը, ըստ լատինական ծէսի, Դանիէլի մարգարէությունից էր՝ 3:25, 34-43 համարները, որտեղ պատմւում է, թէ երբ երեք մանուկներին գցում են կրակի հնոցը, Ազարիա մարգարէն հասկանում է, որ դա իրենց մեղքերի հետեւանքն է. նա փառաւորում է Տիրոջ անունը եւ ասում, որ Տէրն արդարացի է այն ամէնի մէջ, ինչ որ բերում է իր ժողովրդի վրայ, որովհետեւ իրենք մեղք են գործել, հեռացել են Աստծուց: Սա մեղքի խոր գիտակցութեան ուսանելի մի օրինակ է, բացատրում է Քահանայապետը: Ազարիան չմեղադրեց Աստծուն այդ չարիքների համար, այլ հասկացաւ, որ դրանում միայն իրենք են մեղաւոր, դա իրենց մեղքի հետեւանքն է: Նա չասաց Տիրոջը, թէ «կներես, մենք սխալ էինք»: Տիրոջից ներում հայցելը չպէտք է լինի պարզապէս ներողութիւն խնդրել գործուած սխալի համար: Ազարիան գիտակցում է, որ իր ժողովրդի մեղսագործութիւնը հաւասար է կռապաշտութեան.հպարտութիւնը, եսասիրութիւնը, փառասիրութիւնը, նիւթական բարեկեցութիւնը…այս բոլորը կուռքեր են, բացատրում է Նորին Սրբութիւնը: Ազարիան, խորապէս հասկանալով իր ժողովրդի մեղքը, պաղատում է, որ Տէրը ների եւ իսպառ չլքի իրենց: Երկրորդ ընթերցումը Մատթէոսի 18:21-35 համարներն էին, որոնք պատմում են չար ծառայի մասին, ով չկամեցաւ գթալ իր պարտապանին, մինչդեռ ի՛ր տերը ներել էր իրեն եւ շնորհել իր անհամեմատ աւելի մեծ պարտքը: Սա հակառակ է Ազարիայի օրինակին, այս դէպքում չկայ մեղքի գիտակցութիւն: Այս երկրորդ պատմութիւնը մեզ ամէն անգամ յիշեցնում է, որ Աստծուց ներում հայցելուց առաջ նախ պարտաւոր ենք ներել մե՛ր պարատպաններին: Իսկ դրա համար սեփական մեղաւորութեան խոր գիտակցութիւն է պէտք: Երբ Պետրոս առաքեալը, հրաշքով ձուկ բռնելուց յետոյ Յիսուսին ասում է.«Հեռու՛ գնա, Տէր, ես մեղաւոր մարդ եմ».(Ղկ.5:8), նա չէր մտածում, որ պարզապէս ինչ-որ սխալ է գործել, այլ զգում էր, որ իր մէջ ինչ-որ մի այլ բան կայ, որ ամաչեցնում է իրեն: Նոյնպէս, երբ դաւաճանելուց յետոյ, հինգշաբթի երեկոյեան Յիսուսը նայում է իրեն, Պետրոսը լալիս է… Աստուած միշտ ներում է մարդուն, այդպէս էլ մենք ենք պարտաւոր միշտ ներել միմեանց. «Քեզ չեմ ասում, թէ մինչեւ եօթն անգամ, այլ՝ եօթանասուն անգամ եօթը»(Մտթ.18:22):

Օրացույց

Օրացույց